Տարիներ առաջ, երբ Ժուռնալիստների տան ներքնահարկում գործող «Ավանգարդ ֆոլկ» երաժշտական ակումբից «նավարկում էր» «Armenian Navy Band»-ը, երաժշտության գունագեղ ալեկոծության ամենահետաքրքիր պահերից էր դառնում նաև համերգի ավարտը: Խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանն, իրեն հատուկ հումորով ու երաժշտական իմպրովիզացիաներով ներկայացնում էր երաժիշտներին: Եվ երբ հերթը հասնում էր ամենահետաքրքիր ու բազմաձայն երաժիշտներից մեկին, ոչ միայն դահլիճում, այլև բեմում առանձնահատուկ ոգևորություն էր սկսվում: «Նորայր՝ զուռնա, Նորայր՝ դուդուկ, Նորայր՝ դափ, Նորայր՝ շվի, Նորայր՝ բլուլ, Նորայր՝ Նորայր»,- եզրափակում էր Արտոն ու դահլիճը թնդում էր զուռնայի ու ծափերի ձայնից:
Մեզանից շատերը հայկական ամենազգացմունքային ձայնով նվագարաններից մեկը՝ բլուլը, ճանաչել կամ լսել են Նորայր Քարտաշյանի միջոցով: Շատերը նրան հենց այդ ձայնով էլ ճանաչում են՝ բլուլահար Նորայր Քարտաշյան: Նա նույն վարպետությամբ, ինչպիսին նաև Արտոյի վկայությունն էր, տիրապետում է մի քանի նվագարանի, այդ թվում՝ դափ, սաքսոֆոն, պարկապզուկ և մի շարք գեղեցիկ երաժշտական կոմպոզիցիաների հեղինակ է: Իր երաժշտական գործունեությամբ՝ վերականգնել և կատարելագործել է հայկական բլուլը, սրինգը, երկփող պարկապզուկը: «Armenian Navy Band»-ից բացի, այս երաժիշտը մասնակցել է բազմաթիվ երաժշտական խմբերի (այդ թվում՝ «Կատուների»), նախագծերի հիմնադրմանն ու կայացմանը, համերգներով հանդես եկել տարբեր երաժիշտների հետ, հիմնադրել «Վան» և «Մենուա» երաժշտական խմբերը, որոնց գեղարվեստական ղեկավարն է նաև:
Աշխարհի ամենապարզ և, միևնույն ժամանակ, ամենաիմաստուն մարդկանց մեղեդին
«Բլուլը բացի իր տեխնիկական և երաժշտական հնչողությունից, մի կարևոր առանձնահատկությամբ էլ է առանձնանում,- ասում է Նորայր Քարտաշյանը,- Բլուլի մեղեդին պարզ է, գեղեցիկ ու բնական, որովհետև այն օգտագործվել է աշխարհի ամենապարզ ու միևնույն ժամանակ՝ ամենաիմաստուն մարդկանց կողմից՝ հովիվների: Այդպիսին էին նրանք, որովհետև ապրում ու զրուցում էին բնության հրաշքի մեջ, բնության հետ, ուստի հնչում է հենց այդպիսի մեղեդի: Այսպես է նաև ժողովրդական երգն ու այդ երգը ստեղծող ժողովուրդը, հողի մարդը, հասարակ գյուղացին: Երբ հույզը հորդում է ներսից, դա աննկարագրելի ուժ ունի»:
Ամբողջությամբ՝ hetq.am