Սարգիս Խաչատուրյան
Advertisement 1000 x 90

Սարգիս Խաչատուրյան

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է գեղնկարիչ Սարգիս Խաչատուրյանի կենսագրությունը:

Սարգիս Խաչատուրյանի անունը ցավոք, քչերին է հայտնի. Թերևս, միայն ոլորտի մասնագետներին: Մինչդեռ, շնորհաշատ ու տաղանդավոր հայորդին մեծ վաստակ ունի համաշխարհային մշակույթի պատմության մեջ…

Սարգիս Կարապետի Խաչատուրյանը ծնվել է 1886 թվականին, Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում:  Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Մանկուց Սարգիս Խաչատուրյանը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում արվեստների, հատկապես՝ գեղանկարչության նկատմամբ:

Նրա այդ նախասիրությունն ավելի է ամրապնդվում Կարինի Սանասարյան վարժարանում սովորելու տարիներին, որ Օսմանյան կայսրության առաջնակարգ կրթական հաստատություններից էր: Այստեղ ի հայտ են գալիս Խաչատուրյանի մղումները դեպի արվեստները, մանավանդ՝ դեպի միջնադարյան մանրանկարչությունը:

1908 թվականին ավարտելով վարժարանը՝ պատանին ծնողների աջակցությամբ  տեղափոխվում է Եվրոպա և 1908-1911 թվականներին ուսանում է նախ Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1912-1914 թվականներին՝  Փարիզի դեկորատիվ արվեստների դպրոցում:

Փարիզի արվեստների դպրոցն ավարտելուց հետո Սարգիս Խաչատուրյանը վերադառնում է հայրենիք և հաստատվում Կարինում՝ զբաղվելով սիրելի գործով՝ նկարչությամբ: Բայց վրա է հասնում առաջին համաշխարհային պատերազմը և տաղանդավոր նկարիչը հազիվհազ փրկվելով թուրքական յաթաղանից՝ տեղափոխվում է Թիֆլիս:

1917 թվականից Սարգիս Խաչատուրյանը անդամագրվում է Թիֆլիսի հայ արվեստագետների միությանը:

Հայոց եղեռնին հարող տարիներին նրա ստեղծագործությունների հիմնական թեման հենց հայոց ողբերգությունն էր: Նա արդեն անվանի նկարիչ էր և Խաչատուրյանի համբավը տարածված էր Անդրկովկասի սահմաններից հեռու: Նրա արվեստը բարձր են գնահատել անվանի հայեր. Մասնավորապես, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը Սարգիս Խաչատուրյանին անվանում էր Հայոց վշտի երգիչ:

Նրա գործերը բարձր էր գնահատում նաև մերձավոր ընկերը՝ զորավար Անդրանիկ Օզանյանը:

1921 թվականին Խաչատուրյանը հաստատվեց Երևանում: Նա Խորհրդային Հայաստանի իշխանությունների պատվերով հեղինակեց ՀԽՍՀ առաջին փոստանիշները:

Խաչատուրյանի, այս շրջանի ստեղծագործությունները արտացոլում էին 1920-ական թվականների հայաստանյան կյանքը, բնությունը, հայ գաղթականությունը, աշխատավորությունը, գյուղական տեսարաններ, ազգային տանակատարություններ….

Սակայն տաղանդավոր հայորդին երկար չմնաց Հայաստանում.  խորհրդային իշխանությունների վարած հայահալած քաղաքականությանը չհարմարվելով՝ շուտով հեռացավ Խորհրդային Հայաստանից և հաստատվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Այստեղ հրատարակեց ,,Արմենիա,, ալբոմը, որ նվիրված էր եռեռնից մազապուրծ հայ գաղթականներին:

Նա դարձավ Վիեննայի գեղարվեստագետների միության անդամ, հետագայում՝ Իտալիայի արվեստագետների միջազգային ընկերակցության անդամ, ինչպես նաև՝ ,,Անի,, հայ արվեստագետների միության հիմնադիր քարտուղարը:

Կյանքի այս փուլում Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործություններում գերիշխողը դիմանկարներն էին:

Սարգիս Խաչատուրյանի հռչակը 20-րդ դարի առաջին կեսին մեծ էր. Նա համաշխարհային համբավ վայելող արվեստագետներից մեկն էր և պատահական չէ՝ 1931 թվականին Իրանի կառավարությունը երկար մտորելուց հետո տասնյակ թեկնածուներից հենց Խաչատուրյանին ընտրեց՝ հրավիրելով Սպահան, որպեսզի նա վերականգնի քաղաքի մզկիթների և եկեղեցիների միջնադարյան որմնանկարները:

Սարգիս Խաչատուրյանը դա կատարեց մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո, և արդյունքը ապշեցուցիչ է. Այսօր էլ, Իրանում նրա ձեռքով վերականգնված շատ մշակութային գործեր հիացմունք են պարգևում զբոսաշրջիկներին, այցելուներին:

Սարգիս Խաչատուրյանը 1934 թվականին Սպահանում հիմնադրեց Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը, որ գործում է մինչ օրս:

Սույնով Խաչատուրյանը փաստորեն, դարձավ դարի լավագույն վերականգնող-արվեստագետը. Կարելի է ասել՝ նրա շնորհիվ նորագույն ժամանակներում կարևորագույն այդ մասնագիտությունը նոր շունչ ու նշանակություն ստացավ:

Շուտով Սարգիս Խաչատուրյանը մեկնում է Հնդկաստան: Նա արևելյան այս երկիր գնաց՝ ուսումնասիրելու Աջանտայի տաճարները, բացահայտելու նրանց գաղտնիքները: Հինգ տարի ուսումնասիրելով հին հնդկական մշակույթը՝ նա  տարվեց հնդկական իմաստասիրությամբ. Աջանտայում Խաչատուրյանն ապրում էր ճգնավորի կյանքով՝ մենակյաց…. սակավապետ՝ նման միջնադարյան մենակյացներին, ովքեր կյանքի իմաստը ըմբռնելու համար միայնություն էին որոնում՝ իրենց զրկելով աշխարհիկ ամեն վայելքից, դրսի աշխարհի ազդեցությունից….

Աջանտայից Խաչատուրյանը տեղափոխվեց Շրի-Լանկա՝ Ցեյլոն կղզի, ուր ուսումնասիրել է տեղի հնագույն որմնանկարները, նրանցից շատերը պատճենահանել:

Իր աշխատանքները նա աշխարհի շատ թանգարաններում ի ցույց դրեց՝ անհատական ցուցահանդեսներ բացելով ԱՄՆ-ում, Հոլանդիայում, Կոստանդնուպոլսում, Եգիպտոսում, Իտալիայում, Փարիզում, Անգլիայում…

Նրա ստեղծագործությունները այսօր պահվում են ամերիկյան աշխարհամասի և Եվրոպայի լավագույն թանգարաններում:

Երևանում, Նկարիչների միությունում,  Սարգիս Խաչատուրյանի գործերի՝ ցեյլոնյան աշխատանքների պատճեների  ցուցահանդես բացվել է հեռավոր 1971 թվականին, նրա կնոջ՝ Վավա Խաչատուրյանի ջանքերով, ով, ի դեպ, նույնպես նկարիչ է: Այրին Սարգիս Խաչատուրյանի այդ աշխատանքները նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին:

Մեծ հայորդին մահկանացուն կնքել է 1947 թվականի մարտի 4-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

1978 թվականի դեկտեմբերի 28-ին, անվանի նկարչի այրու՝ Վավա Խաչատուրյանի ջանքերով, Սարգիս Խաչատուրյանի մարմինը տեղափոխվեց Երևան և ամփոփվեց հայրենիքում:



Նման նյութեր