Ոչինչ չպետք է պահածոյացնել. սննդաբան. tert.am
Advertisement 1000 x 90

Ոչինչ չպետք է պահածոյացնել. սննդաբան. tert.am

Սննդաբան Հասմիկ Աբովյանի խոսքով՝ ոչ մի գրագետ բժիշկ չի կարող խորհուրդ տալ, թե ինչպես ճիշտ պահածոյացնել սնունդը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ մի ապահովություն չկա, որ կխուսափենք թունավորումից, որքան էլ պահպանենք սանիտարահիգիենիկ պայմանները:

Հասմիկ Աբովյանը նշեց, որ տնային տնտեսուհիները գուցե իր ասածներից վատ զգան, մտածեն, որ կասկածում է իրենց մաքրությունը, սակայն, ըստ նրա, դա բավարար չէ:

«Եթե թանկ են իրենց համար իրենց հարազատները, պետք է հրաժարվեն տնային պայմաններում պահածոյացնելուց»,- ասաց նա:

Հասմիկ Աբովյանի խոսքով՝ թույները վերացնելու համար պահածոներին պետք է 100 աստիճանից բարձր ջերմաստիճան, ինչը տնային պայմաններում հնարավոր չէ ապահովել:

Նա նշեց, որ շատ վտանգավոր են այն պահածոները, որոնք աղի համով են՝ լեչոն, խավիարը, թթուն:

«Մուրաբաների և կոմպոտների մեջ նույնպես կան վտանգներ, բայց ավելի քիչ»,-նշեց նա՝ պատճառաբանելով, որ բոլոր պահածոները պարունակում են կամ մեծ քանակությամբ աղ կամ էլ մեծ քանակությամբ շաքար, երկուսն էլ բժշկության մեջ համարվում են թույն: Նա նշեց, որ կարելի է օգտվել արտադրական պահածոներից, դրանք, ճիշտ է, օգտակար չեն, բայց վտանգավոր էլ չեն:

Սննդաբանն առաջարկեց անել այն, ինչ անում է քաղաքակիրթ աշխարհի մի մասը:

«Դուք չեք գտնի աշխարհում այլ երկիր, որտեղ կանայք բուրդ են չփխում, պահածոներ են փակում: Ոչ մի պահածո չպետք է սարքել»,- պնդեց նա՝ առաջարկելով նաև այլընտրանք՝ սառեցնել սնունդը:

tert.am