Բագրատունիներ
Advertisement 1000 x 90

Բագրատունիներ

Հայոց արքայական տոհմերի փառքը ներկայացնող Բագրատունիների մասին իր միկրոբլոգում պատմել է պատմաբան Վահե Անթանեսյանը:

Բագրատունիների տոհմը հսկայական դերակատարություն է ունեցել հայոց պատմության մեջ: Նրանց արմատները հազարամյակների խորքից են գալիս, և պատկերացնել հայ միջնադարյան պատմությունն առանց Բագրատունիների՝ անհնար է:

Սակայն Բագրատունիների ծագման մասին պատմաբանները միակարծիք չեն: Իրարամերժ տեսակետները Բագրատունիներին տալիս են հայկական, եբրայական, երբեմն՝ պարսկական ծագում:

Թյուրիմացությունը գալիս է Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ից, համաձայն որի՝ Բագրատունիները սերում են հրեա Շամբատից, որի շառավիղներից Շամբատ-Բագրատին Հայոց թագավոր Վաղարշակը տվել է թագադիր  ասպետի պաշտոն, նշանակել Հայաստանի արևմտյան կողմի կուսակալ և տոհմը կոչել նրա անունով՝ Բագրատունի։

Սակայն, տվյալ դեպքում Քերթողահոր մատյանին վստահել չի կարելի. Նախ, մեզ հասած Խորենացու Պատմության ամենահին մատյանը թվագրվում է 9-րդ դարով՝ պատմիչի մահից գրեթե կես հազարամյակ անց, և վստահ չենք, թե այն չի խմբագրվել:

Բայցևայնպես, հարկ է նկատել, որ եթե անգամ Խորենացին է հաղորդել Բագրատունիների եբրայական ծագման մասին, դարձյալ միանշանակ ընդունել չի կարելի: Հինգերորդ դարում, հայոց աշխարհում, երբ արդեն անկում էր ապրել Արշակունիների թագավորությունը, առաջնության համար պայքար էր ընթանում Բագրատունիների, Սյունաց, Արծրունյաց նախարարական տների միջև: Բնականաբար, այդ պայքարը ոչ միայն տնտեսական կամ ռազմաքաղաքական ենթատեքստ ուներ: Տոհմերից յուրաքանչյուրը պետք է նաև իր առաջնությունը հիմնավորող վարկածներ մտորեր… Սյունիները ծագում են Հայկ նահապետից, Արծրունիներն իրենց ծագումը վերագրում էին Ասորեստանի թագավորներից, իսկ Բագրատունիները բնականաբար, կարող էին ընտրել եբրայական տարբերակը և իրենց վերագրել, թե ծագել են Հրեաստանի Դավիթ թագավորից, դրանով իսկ, ազգակից դառնալով Հիսուսին, մանավանդ, որ տվյալ ժամանակահատվածում քրիստոնեությունն իշխող գաղափարախոսություն էր: Դա տարածված պրակտիկա էր հին աշխարհում… Սա խոսուն վարկած է, մանավանդ, որ Խորենացին Հայոց պատմությունը շարադրել է Սահակ Բագրատունի իշխանի պատվերով: Ի դեպ, Քերթողահայրը Սահակ իշխանին ուղղված խոսքում նշում է. «Քանզի ասելն ոմանց անհաւաստի մարդոց, ըստ յօժարութեան և ոչ ըստ ճշմարտութեան, ի Հայկայ զթագադիր ազգդ Բագրատունեաց լինել: Վասն որոյ ասեմ. մի այսպիսեաց յիմար բանից հավանիր. զի և ոչ մի՛ շաւիղ կամ ցուցումն գոյ նմանութեան յասացեալսդ` որ զարդարութիւն ակնարկէ. զի իբայ բանից և անոճ իմն յաղագս Հայկայ և նմանեացն կակազէ»: Շիշտ է, պատմիչը մերժում է Բագրատունյաց հայկյան ծագումը, բայցև հավաստում՝ 5-րդ դարում այդ տեսության տարածականությունը: Իսկ 9-րդ դարի Անանուն պատմիչը Բագրատունիներին համարում է Հայկ նահապետի որդի Արամանյակից սերված:

Իհարկե, Բագրատունյաց եբրայական ծագման տեսակետը հերքերը ամենևին դժվար չէ, քանզի Բագրատունիների ծագումնաբանությունը հասնում է մինչ մթա երրորդ հազարամյակ՝ Արատտա պետության և Արարատի թագավորության ժամանակներում գոյություն ունեցած Բագադատա, Բագա, Բագարնա կամ Բագավանդա տոհմերը և Բագբատու, Բագբաշտու կամ Բագմաշտու ցեղանուննները: Բագրատունիների տոհմի անվան հետ է կապված նաև Մեծ Հայքի Բագրևանդ գավառի անվանումը, որ այդ տոհմի հայրենական կալվածքն է եղել: Եվ բագ արմատը հայերենում նշանակում է աստված. բագ-բագին… հետևաբար, Բագրատունիների տոհմը հին Հայաստանում հայոց քրմական տոհմերից մեկն է եղել: Ավելին, Արարատյան թագավորության գերագույն աստված Խալդի կինը Բագբարտու աստվածուհին էր…

Ցավոք, Բագրատունիների պատմության վաղ շրջանի մասին մեզ քիչ բան է հայտնի. սոսկ կցկտուր տեղեկություններ: Հիշատակության է արժանի թերևս, մթա 2-րդ դարում Արտաշես Ա Աշխարհակալ արքայի (մթա 189-160) Բագարատ զորավարը: Հիշատակության արժանի է նաև Տիգրան Մեծի (մթա 95-55) զորավար Բագարատը, ում հայոց արքան Ասորիքի կուսակալ նշանակեց:  Սակայն, Արշակունիների թագավորության շրջանից արդեն բավական լավ է լուսաբանված այս քաջ տոհմի պատմությունը: Նրանք հայոց Գահնամակում, որ պետական կարևորագույն փաստաթուղթն էր, և որով սահմանված էր հայոց իշխանական տների ազդեցությունը երկրում և արքունիքում, Սյունաց իշխանական տոհմից հետո երկրորդն էին: Բագրատունիները հայոց արքունիքում թագադիր ասպետներ էին և արքունի արարողապետերը: Նրանց պարտականությունն էր նաև դեսպանների ընդունելությունը, ճանապարհելը. Մի խոսքով՝ բավական բարձր պաշտոն հայ իրականության մեջ:

Արշակունյաց թագավորության անկումից հետո Բագրատունիները հզորանալով, աստիճանաբար պայքարից դուրս մղեցին իրենց ոխերիմ հակառակորդներին՝ Մամիկոնյաններին և Կամսարականներին, ովքեր 7-8-րդ դարերում Հայաստանում շարունակ ապստամբություններ էին հրահրում արաբական տիրակալության դեմ: Բագրատունիները, հատկապես Աշոտ Մսակեր իշխանը, բավականին ընդարձակեցին իրենց տիրույթները Այրարատում և դարձան ամենաազդեցիկ ու ամենահզոր տոհմը Հայաստանում, հետ թողնելով նաև Սյունիներին ու Արծրունիներին:

9-րդ դարում, այս հզոր իշխանական տոհմերի դաշինքը Հայաստանում անվանական դարձրեց արաբական տիրապետությունն ու Աշոտ Ա Բագրատունին 869 թվականին հռչակվեց հայոց թագավոր՝ (869-890) հիմք դնելով Բագրատունիների արքայական հարստությանը (869-1045): Նրա թագավորությունը Արաբական խալիֆայությունն ու Բյուզանդիան ճանաչեցին 885 թվականին: Հատկանշական է Բյուզանդիայի Վասիլ Ա հայազգի կայսեր դիվանագիտական նուրբ խաղը: Վասիլը հաստատվելով բյուզանդական գահին՝ իրեն Արշակունի հռչակեց և Աշոտ Ա թագ խնդրեց, ինչպես կարգն էր վաղ միջնադարում, երբ Բագրատունի ասպետները թագադրում էին Արշակունիներին:

Բագրատունիների թագավորությունը շատ չանցած պառակտվեց, սակայն այն դարձյալ հզորացավ Աշոտ Բ Երկաթի օրոք (914-928), ով հռչակվեց շահնշահ հայոց և վրաց: Նրա իշխանությունը ճանաչում էին ոչ միայն հայ իշխանները, այլև՝ Հայաստանում հաստատված արաբական էմիրությունները, Վասպուրականի թագավորությունը, ինչպես նաև՝ 899 թվականին հռչակված Վրաց Բագրատունիների թագավորությունը: Այս վերջինս կազմավորվեց, երբ հայոց Սմբատ Ա արքան (890-914) իր ազգական Ատրներսեհ Բագրատունուն կարգեց վրաց թագավոր: Իսկ վրաց Բագրատունիները սերում են Սպերի հայ Բագրատունիներից: 774 թվականի հակաարաբական ապստամբության մասնակից Աշոտ Կույր իշխանի որդի Վասակ Բագրատունին խույս տալով արաբներից՝ հաստատվում է Կղարջքում: Հետագայում, նրա սերունդներն ընդունելով քաղկեդոնականություն՝ աստիճանաբար վրացիացան: Վրաց Բագրատունիների թագավորությունը հզորացավ հատկապես 12-13-րդ դարերում՝ Դավիթ Դ Շինարար (1089-1125),  Գյորգի Գ (1156-1184), թագավորների և Թամար թագուհու (1184-1213) կառավարման տարիներին: Վրաց Բագրատունիներն ավելի կենսունակ գտնվեցին և մինչև 1801 թվականը պահպանեցին իրենց իշխանությունը: Նրանցից է սերում նաև 19-րդ դարի ռուսական բանակի գեներալ Բագրատիոնը:

Հայ Բագրատունիներից արժանահիշատակ է նաև Աշոտ Գ Ողորմածը (954-977), երբ նա աշխարհում նախադեպը չունեցող բարենորոգումներ իրականացրեց Հայաստանում և Հայոց տունը (Բագրատունյաց պետության պաշտոնական անվանումը) 961 թվականին դարձրեց դաշնային՝ ֆեդերատիվ պետություն: Աշոտ Գ կառավարման տարիներին ձևավորվեցին Բագրատունյաց մյուս թագավորությունները՝ Կարսի կամ Վանանդի, ուր թագավոր հռչակվեց Մուշեղը և այդ պետությունը գոյատևեց մինչև 1054 թվականը, Լոռվա Կյուրիկյան թագավորությունը, որի առաջին գահակալը Աշոտ Գ որդի Գուրգեն-Կյուրիկե Ա էր (962-990) և որը գոյատևեց մինչ 1118 թվականը:

Փաստորեն, Բագրատունիները տարածաշրջանում ձևավորել էին տոհմակից թագավորությունների մի կուռ միություն, որի մեջ բացի հայ Բագրատունիներից, մտնում էին նաև Վիրա-ափխազական թագավորությունը՝ վրաց Բագրատունիների գլխավորությամբ, Արծրունիների Վասպուրականի և Սյունաց թագավորությունները: Այս դաշնային միության գլխավորը՝ շահնշահ հայոց և վրաց տիտղոսով՝ Անիի Բագրատունիներն էին, որ կրում էին նաև Ազգապետ հայոց տիտղոսը: Հետագայում, այդ տիտղոսն անցավ Լոռվա թագավոր Դավիթ Անհողինին:

Իսկ Անիի թգավորության կործանումից հետո, հայոց դաշնային պետության նույն մոդելը պահպանեցին ու կիրառեցին վրաց Բագրատունիները, որ Դավիթ Դ Շինարարից սկսած՝ կրում էին Թագավոր վրաց և հայոց տիտղոսը:

Կյուրիկյան թագավորությունը Դավիթ Ա Անհողինի (990-1048) օրոք հասավ հզորության գագաթնակետին: Դավիթը լիակատար անկախություն ձեռք բերեց Անվո թագավորությունից, երկու անգամ ջախջախեց Դվինի և Գանձակի էմիրությունների զորքերին, գրավեց ու հարկատու դարձրեց Աղվանքը, Հյուսիսային Արցախը, Թիֆլիսի էմիրությունը, Կախեթը, ուր 1038 թվականին գահ բարձրացրեց իր որդի Գագիկին, և որն էլ հիմք դրեց Կյուրիկյան Բագրատունիների արքայատան կրստսեր ճյուղին: Դավիթ Անհողինը երբևէ ամենաերկար գահակալած հայ արքան է: Նրա որդին՝ Կյուրիկե Բ արքան (1048-1090) ստանձնեց Բագրատունյաց ազգապետի տիտղոսն ու անգամ սեփական դրամները հատեց. եզակի երևույթ, քանզի թե՛ Արշակունի, թե՛ Բագրատունի թագավորներն ամենևին սեփական դրամներ չեն հատել: Սեփական դրամներ չհատեցին անգամ Զաքարյանները, որոնց պետությունն ավելի հզոր ու ազդեցիկ էր, քան Բագրատունիների թագավորությունը:

Բացի այս տիրույթներից, Բագրատունիք իշխում էին նաև Տարոնում, որի իշխանությունը Բյուզանդիան վերացրեց 10-րդ դարում: Հետագայում, Տարոնի Բագրատունիներից սերեցին Թոռնիկյանները: Հզոր էր հատկապես Տայքի կյուրոպաղատությունը, մանավանդ՝ Դավիթ իշխանի օրոք: Սակայն. 1001 թվականին Դավիթ Բագրատունին դավադրաբար թունավորվում և սպանվում է, բյուզանդական զորքերը գրավում են Տայքը նույնպես:

Բուն Բագրատունյաց թագավորությունը հզորության գագաթնակետին հասավ Գագիկ Ա օրոք (990-1020), սակայն նրա ժառանգները անկամ ու անփառունակ գտնվեցին և հայոց պետությունն արդեն ընթանում էր դեպ կործանում: Հովհաննես-Սմբատ Գ (1020-1041) և Գագիկ Բ (1042-1045) արքաները վերջիններն էին Բագրատունյաց թագավորական գահին: 1045 թվականին հայոց կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի նենգության ու դավաճանության արդյունքում Անվո թագավորությունը կործանվեց: Հայաստանը դարձավ Բյուզանդական կայսրության բանակաթեմերից մեկը: Իսկ Բագրատունյաց տոհմը մարեց ու վերացավ պատմական ասպարեզից:

Բագրատունիների տոհմային զինանշանը եղել է հովազը: Այն 9-րդ դարում դարձավ նաև հայոց պետության զինանշանը: Բագրատունյաց հովազը որպես զինանշան ծառայել է նաև Կարսի, Լոռվա թագավորություններում:

Բագրատունիների թագավորությունը տարբեր ժամանակամիջոցներում տարբեր մայրաքաղաքներ ուներ. Դվին, Շիրակավան, Բագարան, Կարս, ի վերջո՝ 961 թվականից՝ Անի: Անին շատ արագ մեծացավ, բարգավաճեց, հատկապես՝ Սմբատ Բ Տիեզերակալ արքայի գահակալման տարիներին (977-990): Այդ տարիներին Անին Կոստանդնուպոլսից ու Անտիոքից հետո 120-150.000 բնակչությամբ աշխարհի երրորդ քաղաքն էր: Հայոց արքաները մեծ ուշադրություն էին դարձնում Անիին, որը պատմական աղբյուրներում հանդես է գալիս որպես մեծ ու շեն քաղաք, Տիեզերական քաղաք կոչումներով: Լոռվա կամ Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան-Բագրատունիների մայրաքաղաքն սկզբից Սամշուլդեն էր, ապա՝ Լոռեն, որ կառուցեց ու շենացրեց Դավիթ Անհողինը:



Նման նյութեր