Հուլիսի 22-ին լրացավ ամերիկյան սենատոր Ռոբերտ Դոուլի 94-ամյակը, ում իրավամբ կարելի է անվանել XX-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը: Ժամանակի առաջատար վերլուծաբաններն ու փորձագետները Դոուլին կնքեցին որպես Հանրապետական կուսակցության «Կնքահայր», իսկ Time պարբերականը մի քանի անգամ նրան ճանաչել է որպես ամերիկյան ժամանակակից պատմության ամենաազդեցիկ լոբբիստ: Այսօր հրատարակվել են հարյուրից ավել մենագրություններ, ավելի քան հազար հոդվածներ և նկարահանվել են մեծ թվով փաստագրական ֆիլմեր, որոնք դիտարկում են սենատոր Դոուլի դժվարին քաղաքական ուղին և վերլուծում են նրա կարևորագույն ձեռքբերումները: Բայց և այնպես, այդ մեծ հանրապետականի կարիերայի «հայկական մասը» պատշաճ ուշադրության չի արժանացել:
Ռոբերտ Դոուլի հայկական ժառանգությունը
Ցեղասպանության ճանաչում
Սենատոր Ռոբերտ Դոուլին առանց չափազանցությունների կարելի է անվանել ամերիկյան պատմության ամենաազդեցիկ հայամետ լոբբիստ: Ավելին, նրան կարելի է համարել Վաշինգտոնում հայկական լոբբիստական օրակարգի ճարտարապետներից մեկը: Սառը պատերազմի ժամանակ Թուրքիան չափազանց կարևոր դեր է խաղացել Մերձավոր Արևելքում ամերիկյան արտաքին քաղաքական ռազմավարության կառուցման հարցում, Վաշինգտոնում քաղաքական գործիչները ձգտում էին ավելորդ անգամ չգրգռել Անկարային՝ հայերի և պոնտոսի հույների ցեղասպանության մասին քննարկումներով: Բացի այդ, ամերիկյան խոշոր բիզնեսը, որի շահերը պաշտպանում էին լոբբիստ-հանրապետականները, մեծ թվով տարբեր պայմանագրեր ուներ թուրքական կողմի հետ: Այսպիսով, այն ժամանակ որևէ լուրջ քաղաքական կամ տնտեսական նախապայման չկար հայկական շահերը հաջողությամբ առաջ մղելու համար:
Իրավիճակը սկսվեց փոխվել 70-ականների վերջին, երբ սենատոր Ռոբերտ Դոուլն աստիճանաբար հավաքեց հայկական հարցի առաջխաղացման հարցում հետաքրքրված օրենսդիրների ոչ պաշտոնական խումբ: Կարևոր է հասկանալ, որ ԽՍՀՄ-ի հետ դիմակայության պայմաններում, ոչ մի ազդեցիկ ամերիկյան սենատոր չէր կարող այդքան կարևոր քաղաքական քայլ նախաձեռնել: Շատ կոնգրեսականներ հրաժարվում էին խոսել ցեղասպանության թեմայով, քանի որ այն վտանգավոր էին համարում ամերիկյան շահերի տեսանկյունից: Նրանց տրամաբանությունը պարզ էր՝ հայկական հարցը կփչացնի ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները, ինչից, անխոս, կօգտվի ԽՍՀՄ-ը: Անհրաժեշտ էր սպասել հարմար պահի և համապատասխան պայմանների:
Այդ պահը եկավ 1974 թվականին, երբ Թուրքիան, առանց դաշնակիցների հետ խորհրդակցելու, օկուպացրեց Կիպրոսի հյուսիսային մասը: Ամերիկան և ՆԱՏՕ-ի մյուս անդամները, հատկապես՝ Հունաստանը, չափազանց հաստատակամ էին տրամադրված թուրքական ղեկավարությանը նման կամայականության, և դաշինքի իր գործընկերների կարծիքն արհամարհելու համար պատժելու հարցում: Հասկանալով, որ Թուրքիան կարող է վերահսկողությունից դուրս գալ, Սպիտակ տունը փորձեց ձևավորել ազդեցության նոր մեխանիզմներ: Դրա հետ կապված՝ հայկական հարցի թեման, որը փակված էր 1945 թվականից, նորից ակտուալացվեց: Հենց այդ ճգնաժամային պահին սենատոր Բոբ Դոուլին և Կոնգրեսում նրա դաշնակիցներին հաջողվեց ոչ միայն հասնել Թուրքիայի նկատմամբ էմբարգոյի սահմանման, այլև՝ առաջին անգամ Կոնգրեսում անցկացնել հայոց ցեղասպանության հիմնահարցին վերաբերող բանաձև: Սենատոր Բոբ Դոուլի վաստակը, այն է, որ նրա հեղինակությունը թույլ տվեց փաստաթղթի վերջնական տարբերակում ընդգրկել ապրիլի 24-ը «Մարդու նկատմամբ մարդու անմարդկային վերաբերմունքի հիշատակի օր» հռչակող ձևակերպումը:
Հետագայում Բոբ Դոուլն առանցքային դեր խաղաց ցեղասպանության ճանաչման թեմայի զարգացման հարցում՝ ներգրավելով մեծ թվով հեղինակավոր քաղաքական գործիչների: 1985թ. սենատորների և կոնգրեսականների խմբին հաջողվեց Ներկայացուցիչների պալատում անցկացնել ավելի հստակեցված բանաձև, որը նախագահի վարչակազմից պահանջում էր 1915-1923 թթ. պատմական փաստերն ճանաչել որպես հայ ժողովրդի ցեղասպանություն: Թուրքիայի վարչապես Թուրգութ Օզալը նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ խոսակցության ընթացքում հայտարարեց, որ հայկական բանաձևի ընդունման գործընթացի շարունակման դեպքում, Անկարան կհրաժարվի ամերիկյան տասնմեկ «Boeing» ինքնաթիռները գնելուց՝ դրա փոխարեն գնելով եվրոպական կոնսորցիումի «Airbus» ինքնաթիռները:
Թուրքական կողմը նաև հայտարարեց, որ չի երկարաձգի «Պաշտպանության և տնտեսության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը»: Սպիտակ տան վարչակազմը խնդրեց բանաձևի հովանավորներին դադարեցնել լոբբինգը: Նախագահ Ռեյգանը մեծ համակրանքով էր վերաբերում հայ ժողովրդին և 1981թ. նախագահական ուղերձում հստակ արտահայտեց իր վերաբերմունքը 1915-1923 թթ. իրադարձությունների վերաբերյալ: Սակայն նա հասկանում էր, որ հետևանքները կարող են լուրջ վնաս հասցնել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև՝ հանգեցնել հակասությունների առաջացման հանրապետականների և «Boeing»-ի միջև, որը կուսակցության ամենախոշոր հովանավորներից մեկն էր: «Փղերը», կորցնելով վերահսկողությունը Սենատի նկատմամբ, չէին ցանկանում ռիսկի դիմել Կոնգրեսի գալիք ընտրություններից և 1988 թ. նախագահական քարոզարշավից առաջ: Երկար մտորումներից հետո կուսակցական էլիտան եկավ այն եզրահանգմանը, որ անհրաժեշտ է դադար վերցնել:
Աջակցություն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (ԼՂՀ)
Ցեղասպանության ճանաչումից բացի, Բոբ Դոուլը ակտիվորեն ներգրավված էր նաև Հայաստանի և ԼՂՀ-ի նկատմամբ ամերիկյան քաղաքական օրակարգ ձևավորելու գործընթացում: Նրա ջանքերի շնորհիվ Հատկացումների գծով հանձնաժողովն արդեն 1988թ. հսկայական ֆինանսական օգնություն հատկացրեց Խորհրդային Հայաստանին, որն այն ժամանակ տուժել էր Սպիտակի երկրաշարժի հետևանքով: Սենատում գործընկերների առջև ելույթի ժամանակ Դոուլը ցիտեց ամերիկյան միսիոներներին, ովքեր 1924 թ. Կոնգրեսին գրել էին, որ հայ քրիստոնյա ժողովրդին օգնություն ցուցաբերելը Ամերիկայի սրբազան պարտքն է: Բացի այդ, նա հասավ արտաքին հատկացումների գծով լրացուցիչ միջոցների տրամադրմանը: Այդ քայլն աննախադեպ էր, քանի որ այդ ծրագրով ֆինանսավորում նախատեսվում էր միայն անկախ պետությունների համար:
Սենատոր Բոբ Դոուլը Կոնգրեսում ընդունում է հայկական պատվիրակությանը՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 1990թ.:
Սենատոր Դոուլը կանգնած էր նաև երկկուսակցական խմբի գլխին, որը առաջինը կապեր հաստատեց խորհրդային իշխանությունների հետ, Ադրբեջանում հայկական բնակչության ջարդերից հետո: Նա նաև կանգնած էր Ղարաբաղը Հայկական ԽՍՀ-ի կազմում ընդգրկելու մասին բարձրաստիճան օրենսդիրների առաջին պահանջների ակունքներում: Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, Բոբը իր դեմոկրատ գործընկեր Ջոն Քերրիի հետ հասավ նրան, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն ընդգրկվեցին ամերիկյան օգնություն ստացող երկրների ցանկում: Իրենց հերթին այդ սենատորները նպաստեցին 907-րդ ենթաբաժնի ընդունմանը, որն արգելու էր ԱՄՆ-ին որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Ի տարբերություն ցեղասպանության ընդունման օրինագծի՝ Ռոբերտ Դոուլի գլխավորությամբ հայկական լոբբիի գործողությունները, չբախվեցին լուրջ խոչընդոտների Սպիտակ տան վարչակազմի անդամների կողմից: Դա խոսում է այն մասին, որ պաշտոնական Վաշինգտոնը Հայաստանին ընդունում է որպես հետխորհրդային տարածությունում պոտենցիալ դաշնակցի:
Ընդհուպ մինչև 1995 թ. Վաշինգտոնը Անդրկովկասի տարածաշրջանային քաղաքականության շրջանակներում առաջնահերթություն էր պահպանում հայկական կողմի համար: Հայաստանը և ամերիկա-հայկական համայնքը մեծ հույսեր էին կապում 1996 թ. նախագահական ընտրությունների հետ: Հանրապետական Բոբ Դոուլը ստիպված էր պայքարել գործող նախագահ Բիլ Քլինթոնի հետ, ով Ադրբեջանի հետ նավթային պայմանագրերը կնքելուց հետո, նախագահ Հեյդար Ալիևին խոստացավ հասնել 907-րդ ենթաբաժնի չեղարկմանը: Նախքան նախագահական մրցարշավի մեջ մտնելը, Դոուլը և նրա կողմնակիցները յոթ անգամ արգելափակեցին նավթային, թուրքամետ, ադրբեջանամետ և իսրայելամետ լոբբիստների՝ Բաքվի նկատմամբ սահմանափակումները չեղարկելու փորձերը: Այդ պահին սենատոր Դոուլը, լինելով մեծամասնության լիդեր, շատ մեծ հեղինակություն էր վայելում պահպանողական Ամերիկայում, ինչը տագնապ էր առաջացրել Թուրքիայում և Ադրբեջանում:
Դոուլի քաղտեխնոլոգ նշանակվեց Քեն Խաչիկյանը (պատասխանատու էր նաև Կալիֆորնիայում շտաբ-բնակարանի համար)՝ նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի նախկին սփիչրայթերը և օգնականը, իսկ գլխավոր խորհրդականներից մեկը նրա մտերիմ ընկերն էր՝ Ջորջ Դոքմեջյանը՝ Կալիֆորնիայի նախկին նահանգապետը: Սակայն, ի տարբերություն 1988թ. ընտրությունների, երբ առաջատար Բուշ Ավագը Դոքմեջյանին հրավիրել էր որպես փոխնախագահ, այս անգամ օբյեկտիվ գործոններն աշխատեցին Թուրքիայի օգտին: Չափազանց պահպանողական հռետորաբանությունը (օրինակ՝ աբորտների արգելումը), հանգեցրին Դոուլի վարկանիշի կտրուկ անկման, և չափավոր պահպանողական ընտրազանգվածի և կանանց ձայների մեծ մասն անցավ դեմոկրատներին: Հանրապետականները պարտվեցին ընտրություններում և լքեցին մեծ քաղաքականությունը:
Սենատից հեռանալուց հետո երկար ժամանակ Ռոբերտ Դոուլը շարունակում էր մնալ ամենաազդեցիկ լոբբիստներից մեկը: Ընդ որում, ի տարբերություն շատ այլ քաղաքական գործիչների, սենատոր Դոուլը սկզբունքորեն և հետևողականորեն պաշտպանում էր հայկական համայնքի, Հայաստանի և ԼՂՀ-ի շահերը: Հավանաբար դա ելնում էր նրանից, որ այդ գործունեության հիմքում ընկած էր բժիշկ Համպար Կելիկյանի և հայ ժողովրդի պարտքը վերադարձնելու անկեղծ ցանկությունը:
Լուսանկարների աղբյուրը՝ The Washington Post
Ամբողջությամբ՝ armenian-interest.com