Արտյոմ Դրագունովի վիրտուալ կերպարը, որը ստեղծել է ռուս բլոգեր, հասարակական գործիչ Գեորգի Լիտվինովը, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին միավորվելու կոչ է արել։ Որոշակի առումով ցնցող կոչը նա հրապարակել է Facebook սոցցանցի իր էջում։
Գրառման մեջ, մասնավորապես ասվում է՝ եկել է ժամանակը, որ երկրները «մարզական և զբոսաշրջային կոնֆեդերացիա ստեղծեն»։
«Միավորվել։ Եթե ոչ քաղաքական առումով, ինչը դժվար է, հասկանում եմ, ապա գոնե որոշ ուղղություններում։ Ընդհանուր ճանապարհներ, զբոսաշրջային երթուղիներ, սակագներ, հյուրանոցներ, զբոսաշրջային վայրեր», – նշել է բլոգերը։
Նա նախազգուշացրել է, որ երկրներն առանձին —առանձին լավ արդյունքի չեն հասնի։ Իսկ միասին նրանք կկարողանան տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ ընդունել։
«Միասին հնարավոր է զբոսաշրջային դրախտ ստեղծել և մարզական մի ուժեղ բան»։
Կովկասը փառահեղ վայր է, ներուժը` հսկայական։ Զբոսաշրջության ոլորտում հեշտությամբ կարելի է տարեկան մի քանի միլիոնի աճ ապահովել։ Պետք է սկսել սպորտից։ Ընդհանուր ֆուտբոլային և այլ մարզական լիգաներ ստեղծել։ «Հնարավոր է ընդհանուր Օլիմպիական և աշխարհի առաջնության թիմեր ստեղծել։ Մարզիչների արդար ընտրություններ, խաղացողների և թիմերի ընտրություն և այլն։ Ամեն ինչ հնարավոր է անել, միայն թե ցանկություն լինի», – ասել է Դրագունովը։
Նա նույնիսկ խոսել է անվտանգության ընդհանուր ուժերի ստեղծման մասին։
«Առավել ևս պետք է անվտանգության ընդհանուր ուժեր ստեղծել։ Պետք է փնտրել ընդհանրություններն ու գնահատել դրանք։ Եվ ոչ միայն հրդեհների մարման գործում կամ կերուխումի ժամանակ… Ամենուր և միշտ։ Գործե՛ք», – եզրափակել է նա։
Բլոգերի կոչն անիրագործելի է թվում թեկուզ միայն այն պատճառով, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը մշտապես ստիպում է հիշել «Կարապը, գայլաձուկն ու խեցգետինը» հայտնի առակը։ Իսկ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի, մեղմ ասած, լարված հարաբերությունները` հրապարակումը լիովին անլուրջ է թվում, եթե…
Դրագունովի կանխատեսած իրադարձություններից իրականություն են դարձել 2011 թվականի Ճապոնիայի երկրաշարժը, «Լոկոմոտիվի» հետ կապված ողբերգությունը, Costa Concordia նավը, Անտոն Նոսիկի մահը և նույնիսկ Ուկրաինայի Մայդանը։ Այնուամենայնիվ, նրա գրառման մեկնաբանությունները բազմազան են. ոմանք գրել են` «մի ծիծաղեցրու», իսկ ոմանց էլ դուր է եկել Դրագունովի առաջարկը։