Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Facebook-յան գրառումը.
Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այս մարդը շատ է սիրում առավոտները աշխատանքը սկսել մի բաժակ կաթով սուրճի հետ, բայց քանի որ ինքը հայ է լինում շատ է մտածում այն մասին, որ ախր ո՛չ սուրճն է հայկական արտադրության ու ո՛չ էլ խտացրած կաթը ու ամեն կումի հետ մտածում է, որ իր խմածով ո՛չ հայ այգեպանին ո՛չ էլ անասնապահին որևէ օգուտ չի տալիս, այլ միայն ներկրողներին:
Օրերից մի օր, այս մարդը Մերգելյան ինստիտուտի դիմացի շենքի անկյունի խանութում ի շարս ռսա-ուկրաինա-բելոռսական խտացրած կաթերի հայկական արտադրության խտացրած կաթ է հայտնաբերում: Շատ է ուրախանում ու սկսում է միայն այդ կաթը գնել ու մխիթարվում է, որ իր խմած կաթով սուրճի երկու բաղադրիչներից մեկը գոնե հայաստանյան է: Արտադրողը Շանթ ընկերությունն է լինում: Անցնում է մի-երկու տարի ու մի օր այդ խանութում այդ կաթից էլ չի լինում: Մարդը հարցնում է արդեն ծանոթ վաճառողուհուն, թե բա` ե՞րբ կստանաք Շանթի խտացրած կաթից: Սա էլ նայում է մարդուն, ժպտում ու պատասխանում: -Գիտեք, այդ կաթից այսքան ժամանակ միայն դուք եք գնել, դրա համար էլ այլևս չենք ստանում, բայց կարող եք ասել քանի հատ եք ուզում, հատուկ ձեր համար կպատվիրենք ու կստանանք:
Հետո այս մարդը նկատում է, որ թաղամասի ոչ մի ուրիշ խանութում էլ հայկական այդ խտացրած կաթից չկար և եզրակացնում է, որ գուցե իսկապես ինքը միակ գնորդն էր և քանի որ մեկ սպառողով արտադրություն չի պահվի` փակվեց վերջացավ:
Տարիներ են անցնում: Այս մարդը տխուր-տրտում շարունակում է ամեն առավոտ իր կաթով սուրճը խմել, բայց այս անգամ արդեն ստիպված նորից ռսական խտացրած կաթով ու անվերջ մտածում է, թե տեսնես` հայերը է՛լ երբևէ խտացրած կաթ կարտադրեն, թե չէ:
Վերջերքը` «Ծիրան» հանրախանութում նորից հայտնվում է հայկական արտադրության խտացրած կաթը, ընդ որում ռսականի որակին չզիջող, սակայն նույն արժեքի մեջ` կրկնակի քաշով: Շատ է ուրախանում այս մարդը և ինչ է, թե` հայկական խտացրած կաթը շատ սպառվի սկսում է ծանոթ-բարեկամի համար էլ գնել: Սակայն, գնալով նկատում է, որ նախկինի նման կարծես էլի ինքն է հայկական խտացրած կաթի միակ գնորդը: Ու մտածում է այս մարդը, ախր այ սիրելի հայեր, է՛լ ինչ անի արտադրողը, որ իր հայրենակիցները հայկականը գնեն: Տուփի վրա էլ, որ ապրանքը լավ վաճառվի խոհեմաբար գոնե մի տեղ անունը հայերեն չեն գրել, այլ երկու տեղում էլ` сгущенка…
Ու մեկ է էլի չի վաճառվում: Դե այս մարդն էլ ստիպված այս հեքիաթն է պատմում ու հետն էլ կոչ անում իր հայրենակիցներին, որ խտացրած կաթ գնելիս նախապատվությունը տան հայկական արտադրանքին ու որ հեշտ ճանաչեն ու չշփոթեն ռսա-ուկրաինա-բելոռսականների հետ հլա դեռ նկարն էլ կցում է այս հեքիաթին: Բարով մնաք, մինչ նոր հեքիաթ…