Ինչու՞ բանջարեղենի որոշ տեսակներ ձկան համ ունեն
Advertisement 1000 x 90

Ինչու՞ բանջարեղենի որոշ տեսակներ ձկան համ ունեն

Շատերը բողոքում են, որ մրգերի ու բանջարեղենի որոշ տեսակներ տարօրինակ՝ ձկան համ ունեն։ Ոմանք կարծում են, որ այդ համը մատնանշում է այդ մթերքների՝ գենային մոդիֆիկացիայի ենթարկված լինելը։ Մյուսները վստահ են, որ պատճառն այն է, որ բանջարեղենը ջրել են ջրով, որում նախկինում ձուկ են պահել։

Այդ տարբերակներից ոչ մեկն իրականության չի համապատասխանում։ Այսպես է պնդում սննդամթերքների մասնագետ Դավիթ Պիպոյանը։ «Ազատություն» ռաիդոյի հետ Facebook-յան համաժողովի ընթացքում նա բացատրեց, որ ո՛չ ձկան գեների ներդնումը, ո՛չ ջուրը չեն կարող փոխել բանջարեղենի համն ու այն «ձկնային» դարձնեն։

Իսկ ահա թունաքիմիկատները, սխալ օգտագործման պարագայում, կարող են ազդել բանջարեղենի համի վրա։ Մասնագետը նշեց, որ թունաքիմիկատները հստակ ցուցումներ ու չափաբաժին ունեն, սակայն, ցավոք ոչ բոլոր ֆերմերներն են դրան հետևում։ Ավելին, շատ ֆերմերներ նույնիսկ չգիտեն, թե որքան հաճախ պետք է օգտագործել թունաքիմիկատները։ Օրինակ՝ որոշ ֆերմերներ անձրևից հետո կարող են կրկին մշակել իրենց մթերքները՝ կարծելով, որ անձրևը կարող էր լվանալ թունաքիմիկատների նախկին չափաբաժինը։ Արդյունքում մթերքները թունաքիմիկատների ավելորդ չափաբաժին են ստանում, որոնք ազդում են դրանց համային որակների վրա՝ դրանք պակաս օգտակար ու անվտանգ դարձնելով։

Դավիթ Պիպոյանը նաև նշեց, որ Թուրքիայից ներմուծվող մթերքների հետ կապված սկանդալից հետո հայ մասնագետներն ուսումնասիրել են թուրքական գրականությունն ու պարզել, որ այնտեղ հաճախ են օգտագործում արգելված թունաքիմիկատներ, ինչպես, օրինակ Էնդոսուլֆանը։ Պարզվել է՝ նման քիմիկատների օգտագործումը իսկապես կարող է բանջարեղենին ձկան համ հաղորդել։

Սակայն միայն ձկան համով հնարավոր չէ որոշել՝ արդյոք մթերքը ներմուծվել է Թուրքիայից, թե այն Հայաստանում է արտադրվել՝ մեծ քանակությամբ թունաքիմիկատների օգտագործմամբ։

Այսպես թե այնպես, ցանկալի չէ նման համով բանջարեղեն ուտել, նշեց մասնագետը։

med.news.am