Տիգրան Մեծ՝ չգնահատված բացառիկություն
45 տարեկանում գերությունից տոհմական գահին վերադարձած և 40 տարի Հայաստանն ու հզոր մի կայսրություն ղեկավարած Տիգրան Մեծին, հիրավի, զարմանալի ճակատագիր է բաժին ընկել: Աշխարհակալ տիտղոսն ուսերին` կյանքի վերջում տիրակալեց սեղմված-փոքրացած, նախկին սահմանների մեջ կծկված Հայաստանին: Հզոր էության մեջ տարրալուծեց անվանակից որդու դավաճանությունը, դիմացավ մերձավորների ուրացությանը: Բայցևայնպես արժանավոր Արտավազդ որդուն ժառանգեց մի պետություն, որն ուներ կառավարման ամուր հիմքեր ու պաշտպանված սահմաններ:
Իսկ ամբողջ հայությանը նա ժառանգեց հայրենիք հասկացությունն ու հայրենասերի իր բարձրաշունչ կերպարը:
Եվ ես այսօր ուզում եմ հասկանալ, թե այդ կերպարը, որ ինքս ուսումնասիրել եմ բազում գրքեր, վեպեր, փաստաթղթեր ուսումնասիրելով, այսօր ինչ պատվանդանով է ներկայանում ժամանակակից սերնդին: Եվ հասկացա` ներկայանում է մի քանի նվիրյալների ներշնչված ջանքերով` որպես անհատական հետաքրքրասիրության ու պարտքի դրսևորում. պատմաբան Արտակ Մովսիսյանի տեսաֆիլմը, մի քանի տեսանյութ, մի քանի գիրք, մի քանի միջոցառում և արցախյան Տիգրանակերտի պեղումներ, որոնք, փառք Աստծո, ԼՂՀ-ում են ընթանում, այսինքն պետության հոգածության ներքո:
Հայաստանում համատարած անգիտություն է, երբեմն` ազգային սնապարծությանը տուրք չտալու ճղճղան քարոզներ: Այսքանը: Ես չեմ այն մարդը, ով պետք է մեր պատմության մեծագույն կերտիչներից մեկին` Տիգրան Մեծին գնահատի կամ փառաբանի: Դա արել է հզորագույն արքան ինքը` պատվավոր տեղ գրավելով համաշխարհային պատմագիտության մեջ, ինչպեսև մեր ազգի մյուս մեծերը. ես ընդամենն ուզում եմ ճչալ, որ նման գանձ ունենալով` չի կարելի այսքան անշնորհակալ, այսաստիճան անհեռատես ու այսպես անհոգի լինել:
Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակը մենք պետք է ոչ միայն Հայաստանում, Արցախում ու սփյուռքում փառաշուք հանդիսավորությամբ նշեինք, այլև ամբողջ աշխարհում: Մենք ուրախ ենք, հպարտ, որ արցախյան Տիգրանակերտը հնարավոր է դարձնել ԼՂՀ-ի ճանաչման կռվաններից մեկը, ապացուցել, որ գրավյալ տարածք հորջորջվածն ընդամենը հայկական ազատագրված հայրենիք է: Բայց հենց թեկուզ այդ նպատակին հասնելու համար այս հազվագյուտ հոբելյանը պետք էր դարձնել աշխարհահունչ:
Օրինակ՝ ժամանակակից կինոյի հնարավորությունների օգտագործմամբ նկարահանվեր ուժգին շեշտադրումներով մի գեղարվեստական ֆիլմ, ուր արտացոլվեր հայոց պարծանք արքայի կերպարի ամբողջ վեհությունը: Դա լիներ ֆիլմ իմաստուն, արդարադատ, հայրենանվեր գործչի մասին և այդ արժանիքների համադրությամբ արտահայտվեր հայության ոգու ուժը: Որպեսզի դիտողներն զգային, թե ինչ ժողովրդի հետ գործ ունեն, թե հայն ով է: Որպես գրական հիմք կարելի էր շատ չփնտրել՝ կան Հայկ Խաչատրյանի բազմաշերտ պատմավեպը և Պերճ Զեյթունցյանի վարպետ գրչով գրված թատերակը:
Այլ օրինակ. միշտ հպարտանում ենք, որ Տիգրան Մեծի մասին բազմաթիվ օպերաներ են գրվել: Եվ ի՞նչ, դրանցից մեկը բեմադրվե՞ց, գոնե հատվածներ հնչեցի՞ն: Մինչդեռ կարելի էր հայ երգիչների համահավաք կազմակերպել, աշխարհահռչակ արվեստագետների ներգրավել և մոլորակին մատուցել երաժշտական մի մեծ անակնկալ՝ դրանով աննախընթաց հաջողությամբ բարձրացնելով մեր ժողովրդի միջազգային հեղինակությունը:
Թող մի քանի շքեղ եկեղեցիներ պակաս կառուցվեին, մի քանի ծախսատար տոնակատարություններ չանցկացվեին, փոխարենն ունենայինք մշակույթի լեզվով կերտված քաղաքական հաղթանակ:
Չենք անում, ինչպես տեր չենք կանգնում հարևան երկրներում պղծվող մեր մշակութային ու հոգևոր արժեքներին, մեր պատմության հերոսական դրվագներին, մեր տաղանդներին… Մեզ թվում է` այնքան հարուստ ենք, այնքան անկասելի` մեզնից բան չի պակասի: Բաշխում ենք, մոռացության տալիս ու հանգիստ ապրում:
Որովհետև գրեթե ոչ մի բնագավառում իրենց գործի վարպետները չեն աշխատում, ավելին` նմանները պայքարում են հատուկենտ նվիրյալների դեմ: Ամենուր հաղթանակում են գորշությունն ու հովանավորչությունը, մեր պաշտոնյաների ու պատասխանատուների տգիտության սահմանները երբեմն ձգվում են մինչև անսահմանություն: Սա երևի միակ պահն է, երբ սկսում ես պատկերացնել… տիեզերքի անվերջությունը:
…Տիգրան Մեծն արժանի էր շատ ավելի բովանդակային խոհերի: Նա արժանի էր, որ իր Մեծ-ությունը գնահատեին ոչ միայն իր ժամանակի հզորները, այլև հարազատ ժողովրդի սերունդները:
Այսքա՞ն անարժան սերունդ եղանք: Սերունդ, որ պետություն չունի՞: Ի՞նչ կասեր հայոց ամենահզոր պետություններից մեկն ստեղծած Տիգրան Մեծը` մեր այս «պետական իրականության» մասին: Ոչ, այդքան երևակայություն չունեմ…
Ամբողջությամբ՝ magaghat.am