Ներկայացնում ենք պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը, որը նա ներկայացրել է իր միկրոբլոգում:
Արմե Շուպրիա երկիրը համեմատաբար փոքր տարածք է ընդգրկել՝ Հյուսիսային Միջագետքից մինչև Հայկական Տավրոսի լեռներն ընկած տարածքը: Նրա կենտրոնական հատվածը համապատասխանում էր ներկայիս Սասունին, Ծոփքին, Աղձնիքին, Մնձուրին, Անգեղ տանը և հարակից գավառներին: Արմե Շուպրիա երկրի վրա հզոր արշավանք ձեռնարկած ասորեստանյան արքա Աշշուրնասիպալ Բ իր արձանագրությունում հայոց այս երկրամասը կոչում է Բազում լեռնանցքների երկիր, ինչն իրավ, արտահայտում է հայոց այս փոքրիկ պետության աշխարհագրական դիրքը:
Արմե Շուպրիա երկիրը ասորեստանյան և արարատյան արձանագրություններում հիշատակվում է մ.թ.ա. 13-րդ դարից:
Արմե Շուպրիա երկրի բնակչության հիմնական մասը արիմներն ու մուշկերն էին: Մշո դաշտի և Մուշ քաղաքի անվանումները ամենայն հավանականությամբ, անմիջականորեն կապված են մուշկերի հայոց ցեղախմբի անվան հետ: Մշո դաշտն ունենալով որպես քաղաքական և տնտեսական կենտրոն՝ հայերն այստեղից հաճախ էին ասպատակներ սփռում մինչև Հյուսիսային Միջագետք՝ պատերազմելով ասորեստանյան պետության դեմ: Ի դեպ, հայոց այս պետությունը միշտ չէ, որ պաշտպանական մարտեր էր վարում: Մ.թ.ա. 12-11-րդ դարերում հաճախ նաև հարձակվելով՝ ասպատակներ էր սփռում Հյուսիսային Միջագետքում և երկրամասեր գրավում իր հիմնական ոսոխից՝ Ասորեստանի թագավորությունից: Արմե Շուպրիա պետությունը մինչև 20000-ոց զորք էր մարտադաշտ հանում Ասորեստանի դեմ:
Մ.թ.ա. 1115 թվականին Ասորեստանի զորեղ գահակալներից մեկը՝ Թիգլաթպալասար Ա, հզոր արշավանք ձեռնարկեց Արմե Շուպրիայի դեմ, ցանկանալով վերջնականապես ընկճել հայերին: Սակայն հայոց փոքրիկ այս պետության դեմ ձեռնարկած պատերազմում ասորեստանյան զորքը միայն մասնակի և ժամանակավոր հաջողության հասավ:
Սակայն Արմե Շուպրիա պետության դեմ միայն ասորեստանցիները չէ, որ պայքարում էին: Վանի Արարատյան թագավորության գահակալներն էլ հաճախ պատերազմ էին նախաձեռնում՝ կարևոր այդ երկրամասը հայոց կենտրոնական թագավորությանը միացնելու համար: Դա նաև հնարավորություն կտար Արարատյան թագավորությանը՝ վճռական առավելության հասնել իր գլխավոր ախոյանի՝ Ասորեստանի նկատմամբ: Մուշում գտնված Մենուա արքայի արձանագրության մեջ գրված է.
«Ելա (արշավանքի) …. Կուլմերի (քաղաքը) Ատաոլնե քաղաքը։ Ես ելա (արշավանքի) Ուրմե երկրի դեմ, ես նվաճեցի Ուրմե երկիրը, ես կանգնեցրի այս արձանագրությունը»։
Իսկ Մշո դաշտի Դրմերտ գյուղում գտնված արձանագրության բեկորի վրա դարձյալ հայոց զորեղ տիրակալը՝ Մենուան, հաղորդում է.
«…Ալաով… երկիրը… Ուրմեոլխի երկրի դեմ… Ալաոլ[..,] երկիրը ես ետ մղեցի նրանց… ես սպանեցի… Ուրշա[…\նի քաղաքը… ես նվաճեցի երկիրը… Ուրմե ուի, երկրի դեմ… ես խլեցի…»։
Երկ֊րորդ բեկորում կարդացվում Է. «…400 քաղաք ես ոչնչացրի …Ես այրեցի… բերդեր… Կուլմերի քաղաքը… ես բերդ կառուցեցի… ես ստրկացրի… ես իր տեղը ցույց տվեցի… երկիրը… Ես խնայեցի…»:
Տեսնում ենք՝ հայոց Մենուա արքան բավական դաժան մեթոդներ է կիրառել՝ ըմբոստ Սասունը հայոց երկրին միավորելու համար, սակայն միայն մասնակի հաջողությունների է հասել: Արմե Շուպրիան Արարատյան թագավորությանը վերջնականապես միավորեց միայն Մենուայի որդին՝ հայոց Արգիշտի Ա արքան, մ.թ.ա. 773 թվականին:
Արգիշտի Ա արձանագրությունը փաստում է.
«Ես ելա (արշավանքի) Ուրմե երկրի վրա, ես նվաճեցի Ուրմե երկիրր, ես ավերեցի երկիրը։ Ես հասա մինչև… երկիրը, քաղաքները այրեցի, տղամարդկանց (և) կանանց ես տարա Բիաինիլի երկիրը, ընդամենը 24 հազար 813 մարդ մեկ տարում, ոմանց ես սպանեցի, մյուսներին տարա կենդանի (տարա նույնպես) 25 ձի… 744 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 48825 գլուխ մանր եղջերավոր անասուն»։
Ըստ երևույթին՝ որպեսզի Արմե Շուպրիան վերջնականապես միավորի հայոց երկրին՝ Արգիշտին ունեզրկել է երկրամասն ու բնակչության մի մասին տեղափոխել հայոց երկրի այլ շրջաններ: Սակայն Վանում գտնված Սարդուրի Բ արքայի մի արձանագրությունից երևում է, որ Արմե Շուպրիան դարձյալ ապստամբել է… և Սարդուրի Բ արքան գրավելով 11 բերդ՝ այնտեղից գերել է 1100 պատանիների, 6500 կանանց, 2000 զինվորների, ինչպես նաև՝ 2538 խոշոր եղջերավոր անասուններ, ևս 8000 գլուխ մանր եղջերավոր անասուններ:
Խոսուն է հատկապես Արգիշտի Ա արքայի տարած ավարի քանակը: Բերած թվերից երևում է, թե Արմե Շուպրիա երկրն ինչ տնտեսական հզորություն և կարևորություն է ունեցել: Նաև պարզ է, որ Արմե Շուպրիայի բնակչության հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունը: Ասորական և արարատյան աղբյուրները նաև վկայում են, Արմե Շուպրիայից որպես ռազմավար, արարատյան արքաների կողմից շատ գինի տանելու մասին: Սա էլ վկայում է երկրագործության, մասնավորապես՝ խաղողագործության բարձր զարգացվածության մասին:
Արմե Շուպրիա երկիրը զորեղ էր, և կարողանում էր դիմակայել ոչ միայն Արարատյան թագավորության, այլև՝ Ասորեստանին:
Ի դեպ, թե՛ Ասորեստանից, թե՛ Արարատյան թագավորությունից փախած ստրուկները որպես կանոն, ապաստան էին գտնում հենց Արմե Շուպրիա երկրում: Դա վկայում է հայոց այդ երկրի ոչ միայն հզորության մասին, այլև՝ հասարակական յուրահատուկ հարաբերությունների մասին: Հայոց այս երկրում հավանաբար, դասական ստրկություն չի եղել: Այդ պատճառով միայն այն կարող էր գրավիչ լիներ Հայաստանից և Ասորեստանից փախստական ստրուկների համար:
Արմե Շուպրիա պետությունը առանձին պետական միավորումների միություն-ֆեդերացիա էր: Այստեղ միաժամանակ հանդես էին գալիս մի քանի, երբեմն՝ մինչև հինգ թագավորներ:
Սակայն, միևնույն է, Արարատյան հայոց արքաները կարողացան միավորել Արմե Շուպրիան մայր հայրենիքին և այն դարձավ Արարատյան թագավորության մարզ կամ փախարքայություն:
Արմե Շուպրիա երկրի մայրաքաղաքը Նիծիրիանին էր, որի տեղակայման հարցում պատմաբանների տեսակետները կիսվում են: Ոմանք մայրաքաղաքը տեղակայում են հայոց Անգեղ բնակավայրի տեղում, ոմանք՝ Նփրկերտի տեղում, ուր հետագայում՝ մ.թ.ա. 6-րդ դարում, հայոց Տիգրան Երվանդյան արքան կառուցեց Տիգրանակերտ քաղաքը: Պատմաբաններից ոմանք էլ երկրի մայրաքաղաքը տեղակայում են Միջագետքում՝ Տիգրիսի ափին: