Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Պոլսի անկման դրամատիկ պատմությունը:
Համաշխարհային պատմության մեջ եղել են իրադարձություններ, որոնք շրջադարձային են եղել և նոր էջ են բացել մարդկության զարգացման պատմության մեջ: Ցավոք, միշտ չէ, որ այդ շրջադարձային իրադարձությունները դրական են անդրադարձել մարդկությանը: Դրանցից մեկը 1453 թվականի մայիսի 29-ին Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլսի նվաճումն էր թուրքերի կողմից…
Արևելքի երբեմնի հզորագույն կայսրությունը՝ Բյուզանդիան, կառավարող Հայկական հարստության անկումից հետո արագ տեմպերով դեպի կործանում գնաց: Նախ սելջուկ-թուրքերը դեռևս 11-րդ դարում Բյուզանդիային հասցրեցին առաջին ծանր հարվածը: Ապա՝ հետևեցին մոնղոլական արշավանքները, խաչակրաց արշավանքները: Վերջին՝ կործանիչ հարվածը Բյուզանդիան ստացավ օսմանյան թուրքերից:
15-րդ դարասկզբին երբեմնի ահեղ կայսրությունը պարփակվել էր մայրաքաղաք Կոստանդնուպոլսի շուրջ: Բյուզանդական հոգևարք ապրող կայսրության գահակալները հայացքը հառել էին դեպի արևմուտք՝ դավանակից եվրոպական պետություններին, ձգտելով նրանց միջոցով փրկել վերջին քրիստոնեական պատվարն Արևելքում:
Իսկ քրիստոնյա արևմուտքը կործանվող Բյուզանդիային էական օգնություն ցուցաբերելու փոխարեն դավանափոխության առաջարկ արեց: Մասնավորապես՝ 1439 թվականին Հռոմի պապը Ֆլորենցիայում հանդիպում է բյուզանդական Կոստանդին ԺԱ Պալեոլոգ կայսեր պատվիրակներին և առաջարկում զինական աջակցություն թուրքերի դեմ, սակայն պայմանով, որ Բյուզանդիան պաշտոնապես կաթոլիկություն ընդունի: Կայսեր պատվիրակները ընդունում են Պապի պահանջը, սակայն օգնություն Բյուզանդիան, ամենայնիվ, չստացավ:
Ավելին՝ Բյուզանդական կայսրության կործանումը սկսվեց հենց քրիստոնյա ասպետների հարվածներից, երբ 1204 թվականին խաչակրաց չորրորդ արշավանքի ժամանակ Հռոմի պապի ցուցումով խաչակիրները գրոհով վերցրին Կոստանդնուպոլիսն ու բարբարոսաբար ավերեցին:
Բյուզանդիայի վերջին կայսրը՝ Կոստանդինը, ժամանակակիցների պնդմամբ՝ «Հրաշալի մարդ էր, իմաստուն, պարտաճանաչ, առաքինի, պերճախոս, խելացի, հասարակական գործերում հաջողություն էր ունենում իր արժանիքների շնորհիվ»:
Բայց այս առաքինի ու քաջ գահակալին վիճարկված էր լինել վերջինը…
Կոստանդնուպոլիսը շատ օսմանյան տիրակալներ են փորձել նվաճել, բայց այդ պատիվը բաժին հասավ երիտասարդ, պատվախնդիր ու փառասեր Մեհմեդ Բ սուլթանին միայն, որի քաջագործությունները աշխարհին էին հայտնի: Հետագայում նրա մասին անգամ ակնհայտ հիացմունքով է խոսում դեպքերի ականատես հույն պատմիչ Կրիտովուլոսը:
Դեռևս 14-րդ դարի վերջին մոտ էր Պոլիսը գրավելուն Բայազետ Ա սուլթանը: Բյուզանդիայի գահակալները օգնության հայցով դիմում էին արևմտյան դավանակից երկրնեին, սակայն մեռնող Բյուզանդիային անսպասելի օգնության հասավ… Լենկ Թեմուրը, ով Անկարայի ճակատամարտում ջախջախեց թուրքական բանակը՝ դրանով իսկ Պոլսի անկումը հետաձգելով շուրջ կես դար:
1452 թվականի ամռանը թուրքական 200.000-ոց բանակը մոտեցավ Կոստանդնուպոլսին: Նրանց դեմ կանգնած էր Կոստանդին կայսեր բանակը՝ կազմված 5000 զինվորներից:
Սուլթան Մեհմեդի բանակը լավ սպառազինված էր. հունգարացի թնդանոթագործները ճարտարագետ Ուրբանոսի գլխավորությամբ թուրքական բանակը զինել էին ժամանակակից հզոր հրետանիով:
Ամեն դեպքում, չնայած սակավաթիվ ուժերին՝ քաղաքի պաշտպանները դիմադրեցին շուրջ 53 օր:
Քաղաքի պաշարումը կազմակերպելու համար սուլթանը նախ Պոլսի դեմ-դիմաց, Բոսֆորի մյուս ափին կառուցեց Ռումելիհիսար ամրոցը, որպեսզի խոչնդոտի պաշարված քաղաքին հացի ու սննդամթերքի մատակարարումը Սև ծովից:
Միաժամանակ՝ Կոստանդնուպոլսում խուճապ էր: Երբեմնի փառահեղ ու հզոր քաղաքը օրեցօր դատարկվում էր: Բնակչությունը խուճապահար լքում էր Բյուզանդիայի վերջին պատվարը: Պոլսի բնակչությունը իր ծաղկուն շրջանում մոտ մեկ միլիոն էր: 13-14-րդ դարերում արդեն քաղաքում հաշվում էր ոչ ավելի՝ 120.000 մարդ: Իսկ թուրքերի կողմից քաղաքի պաշարման պահին՝ քաղաքի բնակչության թիվը պակաս էր 50.000-ից:
Զենք կրող տղամարդկանց թիվն էլ քիչ էր… օտարերկրյա վարձկանների հետ միասին 7 000 զինվոր միայն, որ պետք է պաշտպաներ շուրջ 15 կմ ձգվող պարիսպը: Քաղաքը պատրաստվում էր գոյամարտի:
Կայսր Կոստանդին ԺԱ դիմեց եվրոպական միապետներին՝ օգնության խնդրանքով: Սակայն ոչ ոք էական օգնություն չցուցաբերեց Պոլսին: Նիկողայոս Ե պապը միայն ջենովական երեք նավերով Պոլիս սննդամթերք ուղարկեց:
Շուտով Ջենովայից 700 զինվորներով ու պաշտպանողական տեխնիկայով Կոստանդնուպոլիս եկավ Ջիովանի իշխանը:
Իսկ Վենետիկի հանրապետությունը քաղաքի պաշտպաններին օգնեց միայն… երեք նավով:
Ահա ամբողջ եվրոպական օգնությունը, որ ստացավ կայսր Կոստանդինը երկար թախանձանքներից հետո:
Անգամ այս օրհասական պայմաններում Վատիկանը Բյուզանդիայից պահանջում էր կատարել հավատափոխության պայմանը: Պապը կարդինալ Իսիդորին ուղարկեց Պոլիս, ուր նա կաթոլիկ ծեսով պատարագ կատարեց Սուրբ Սոֆիայի տաճարում: Դրանից հետո քաղաքում հուզումներ սկսեցին: Բնակչությունը հուսահատ պապական դավերից ու Եվրոպայի նենգությունից՝ փողոց դուրս եկավ հետևյալ կոչով. . «Ավելի լավ է քաղաքում որպես թագավոր տեսնել թուրքական չալման, քան պապական խույրը»:
Կոստանդնուպոլսում միջոցների սղություն էր: Կայսրը ֆոնդ բացեց, որպեսզի քաղաքացիները նվիրատվություններ կատարեն՝ քաղաքի պաշտպանությունը կազմակերպելու համար: Կամավորները քիչ էին: Կայսրը փորձեց ձեռք գցել եկեղեցու սպասքին: Բայց այս անգամ էլ ընդդիմացան կղերականները:
Մինչ այդ սուլթանը պաշարելով Պոլիսը ցամաքից՝ ձեռնամուխ եղավ նաև քաղաքի պաշարմանը ծովից: Կարճ ժամանակում թուրքերը սարքեցին 125 ռազմանավ ու բեռնանավ:
Քաղաքի վճռական գրոհից առաջ Մեհմեդ Բ արտասանեց իր նշանավոր ճառը. «Եթե ես չկարողանամ կառավարել իմ երկիրը ունենալով Պոլիսը, ապա ավելի լավ է այն առհասարակ չկառավարեմ»:
Մահմեդական հոգևորականությունն պատրաստում էր թուրքական զորքը. ոգևորելով, որ այս սրբազան պատերազմում նահատակվողը դրախտի կարժանանա: Միաժամանակ՝ Պոլսում խուճապ էր: Փետրվարի վերջին իտալական և հունական յոթ նավեր փախուստի դիմեցին:
1453 թվականի ապրիլի 2-ին սկսվեց ճակատամարտը: Կայսեր հրամանով քանդվեցին բոլոր կամուրջներն ու փակվեցին քաղաքի դարպասները: Քաղաքը ծովի կողմից ապահովելու համար Ոսկեեղջյուր հրվանդանով շղթա գցվեց, որպեսզի թուրքական նավերը չկարողանան դուրս գալ բաց ծով:
Ապրիլի 18-ին տեղի ունեցավ վճռական ճակատամարտ: Քաղաքի պաշտպանները մեծ հաղթանակ տարան: Թուրքերը մեծ թունել փորեցին՝ պարիսպները խորտակելու համար, բայց քաղաքի պաշտպանները հանդիպակաց խրամ փորելով պայթեցրին ու խորտակեցին շատ թշնամիների: Միաժամանակ, երեք ջենովական և մեկ բյուզանդական նավեր ճեղքելով թուրքական նավատորմի շղթան՝ բարձած ռազմամթերքով մոտեցան քաղաքին: Սա ցնցող տպավորություն գործեց կռվող կողմերի վրա: Սուլթանի հրամանով օսմանյան ծովակալ Բալթաօղլուն աստիճանազրկվեց ու գանահարվեց:
Բայց սուլթանը գտավ ելքը: Մեկ գիշերվա ընթացքում հրամայեց գերաններով փայտյա հարթակ պատրաստել, վրան հաստ յուղ քսել ու ցամաքային ճանապարհով եզների ու զինվորների ուժերով 70 ռազմանավ հանել Ոսկեեղջյուր հրվանդան: Առավոտյան Կոստանդնուպոլսի պաշտպանները տեսնելով իրենց թիկունքում կանգնած թուրքական նավատորմը՝ սարսափի մատնվեցին: Բյուզանդական նավատորմի հրամանատար վենետիկցի Կոկկոն փորձեց ռազմանավերով մոտենալ թուրքական նավատորմին և այն այրել հունական կրակով, բայց թուրքերը հրանոթային կրակով խորտակեցին վենետիկցու նավը: Քաղաքում աղետալի վիճակ էր. Չէր բավարարում սննդամթերքը, զինամթերքը: Դրան ավելացավ դարավոր ախոյանների՝ վենետիկցիների և ջենովացիների միջև լարվածությունը և զինված ընդհարումները: Կայսրն ստիպված էր նրանց տեղակայել քաղաքի հակադիր հատվածներում:
Պակաս կարևոր չէր հոգևորականության դերը, որ տեղի-անտեղի իր դժգոհությունն էր արտահայտում կայսեր հասցեին և քաղաքում լարվածություն ստեղծում:
Թուրքերը վճռական գրոհը ձեռնարկեցին մայիսի 29-ին: Բյուզանդական վերջին կայսր Կոստանդին ԺԱ Պալեոլոգը նախընտրեց պատվավոր մահը գերությունից: Նա մարտի էր դուրս եկել վեհ ու գեղեցիկ կայսերական հանդերձանքով, ասես կանխազգալով ճակատագիրը… Տեսնելով քաղաքի անկումը՝ նա սուրը ձեռքին նետվեց դեպի առաջացող թշնամին, մարտնչեց մինչև վերջին շունչն ու կտոր-կտոր եղավ:
Գրավելով քաղաքը՝ սուլթանը թույլ տվեց, որ իր զորքը ավարի ենթարկի այն: Ամբողջ հինգ օր թուրքական բանակը վայրագություններ կատարեց Կոստանդնուպոլսում:
Սպանություններ, բռնաբարություն, ավեր, կողոպուտ… Հարուստ ու փառապանծ Կոստանդնուպոլիսը թշնամու բաժին դարձավ: Դեպքերի ականատեսները գրում են, որ հինգ օր անց, երբ սուլթանը վերջապես հրամայեց դադարեցնել կողոպուտը և քաղաք մտավ՝ անգամ ինքը չկարողացավ զսպել հուզմունքն ու զարմանքը՝ Պոլսում կատարվածի վերաբերյալ: Նրա հրամանով դադարեցվեց քաղաքի ավարառությունը: Սուլթանի հրամանով բնակչությանը տրվեց փրկագնվելու հնարավորություն: Թուրքերը հորդորում էին բնակիչներին՝ չլքել քաղաքը՝ խոստանալով կյանքի և գույքի ապահովություն:
Սուլթանը Կոստանդնուպոլիսը վերանվանեց Ստամբուլ ու հռչակեց իր կայսրության մայրաքաղաք:
Կոստանդնուպոլսի անկումը ծանր հարված էր քրիստոնյա աշխարհի համար: Թուրքական բանակը գրավելով ողջ Բալկանյան թերակղզին՝ մտավ Արևելյան Եվրոպա ու հասավ Վիեննայի պարիսպնարի տակ: Միայն Վիեննայի տակ հաջողվեց կասեցնել թուրքերի առաջխաղացումը: Բայց Պոլսի անկման ծանր հետևանքները Եվրոպայի ժողովուրդներն ապրում են արդեն գրեթե 600 տարի…