Տեղեկատվական տեխնոլոգիաները այսօր աննախադեպ զարգացում են ապրում և ներթափանցում ամենատարբեր ոլորտներ, այդ թվում՝ բժշկություն։ Խոսքը ժամանակակից բժշկական սարքավորումների մասին չէ, այլ բջջային հավելվածների, որոնց միջոցով հիվանդները կարողանում են օնլայն շփում հաստատել բժշկի հետ, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և այլն։
Հայաստանում նմանատիպ առաջին հավելվածը ստեղծել և գործարկել է բժիշկ Հրաչյա Արշակյանը։ Արդեն կես տարի է, ինչ գործում է «Dr. Arshakyan – Plastic Surgery by IMED» հավելվածը։ Այն մշակվել և գործարկվել է «Ideal Selfie» բջջային հավելվածի հեղինակ «IMED APPS» ընկերության կողմից։
Պլաստիկ վիրաբույժ, «IMED APPS»-ի համահիմնադիր Հ. Արշակյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հավելվածի ստեղծման հիմանական դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա, ներգնա բժշկական տուրիզմի խթանումն է՝ դեպի Հայաստան հաճախորդների ներգրավումը:
«Ինչպես հայտնի է, ցանկացած բժիշկ ունի իր հաճախորդների մի զանգված, որոնք գալիս են արտերկրից, իսկ դա անմիջականորեն պայամանավորված է բժշկի ճանաչվածությամբ, և շատ դժվար է առանց բժշկի հետ ուղիղ կապ հաստատելու, անհատապես նրան իմանալու, հաճախորդներին դեպի Հայաստան ներգրավելը: Պետության մակարդակով կան որոշակի ծրագրեր, որոնք իրականացվում են այս ոլորտում, բայց դեռ զարգացում չունեն: Մենք ստեղծեցինք «IMED» ընկերությունը, որը զբաղվում է ներգնա բժշկական տուրիզմով, և սկսեցինք օգտագործել ամենաարագ զարգացող ոլորտը՝ IT:
Մեր առաջին ծրագիրը «Ideal Selfie»-ն էր,որի միջոցով մարդիկ խաղում էին և փոփոխում իրենց դեմքը, քիթը, իսկ հետո ստանում իրենց ցանկալի արդյունքը, որից հետո մենք առաջարկում էինք այդ արդյունքը քննարկել բժշկի հետ: Այստեղից էլ եկավ այդ գաղափարը ՝ «բջջային հավելված պլաստիկ վիրաբույժի համար», որը կօգներ հաստատել կապ բժշկի հետ, քննարկել ցանկացած հարց անհատապես և հաղթահարել հեռավորության արգելքը. այս ամենից հետո հավանականությունը, որ հաճախորդը կգա վիրահատության համար, ավելի մեծ է», – ասում է նա:
Հ. Արշակյանի խոսքով, հավելվածի միջոցով աշխատելու նմանատիպ փորձ արել է Ամերիկայի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան՝ իր բժիշկների համար, սակայն դրանք ոչ ֆունկցիոնալ, ստատիկ ծրագրեր էին և ծառայում էին որպես բժշկի այցեքարտ։ Իսկ եթե կա օրինակը, ապա, բժշկի համոզմամբ, կարելի է այն վերցնել, փոփոխել և ստանալ ավելի լավ, օգտակար պրոդուկտ. «Մեր հավելվածն «ապրող» ծրագիր է, քանի որ հաճախորդն ավելացնում է իր կարծիքը, բժիշկն ավելացնում, թարմացնում է կոնտենտը, կա դինամիկա»:
Ընդ որում, հավելվածը՝ չնայած իր առայժմ կարճ պատմությանը, արդեն բարձր արդյունավետություն է ցույց տալիս։ Բժիշկ Արշակյանն ասում է, որ իր հաճախորդների 50%-ը գալիս է հենց անձնական հավելվածի միջոցով: Իսկ նրանց նրանց առաջին ծրագիրը ՝«Ideal Selfie»-ն, օրական ներբեռնում են 100-200 օգտատերեր, որոնց մեծ մասը ՌԴ-ից են: «Մեկ տարվա ընթացում այդ ծրագրով կատարվել է մոտավորապես 70.000 մոդելավորում հաճախորդների կողմից», – ասում է Հ. Արշակյանը։
Այս դաշտում առաջինը լինելու հանգամանքը, բնականաբար, մրցակցային առավելություն է ապահովել մեր զրուցակցի համար։ Սակայն նա նշում է, որ իրենց գործընկերների համար արդեն պատրաստած ունեն և պատրաստում են նմանատիպ հավելվածներ. «Արդյունքները բավականին խոստումնալից են: Կոլեգա ունեմ, ով, կոպիտ ասած, սկսել է զրոյից ռուսաստանյան դաշտում աշխատել և գտել է արդեն իր դաշտը հենց հավելվածի միջոցով»:
Սակայն ձեռք բերածը բավարար չէ, և այս մտահաղացման հեղինակները ցանկանում են է՛լ ավելի հեռուն գնալ՝ ներմուծել 6D մոդելավորում։ «Վերջերս Apple ընկերության նոր պրոդուկտների վերաբերյալ շնորհանդեսում ներկայացրին արդեն բավականին լայն տարածում ստացող «augmented reality»-ն (լրացված իրականություն), երբ իրական միջավայր է ներմուծվում որևէ օբյեկտ և մերվում այդ միջավայրի հետ. այսինքն, օրինակ, դուք ձեր դեմքը տեսնում եք հայելու մեջ իրական միջավայրում և վիրտուալ որևէ այլ քիթ՝ դեմքի վրա: ՀՀ-ում հիմա կա 3D մոդելավորում իրականացնող կլինիկա ՝ «Արզնի էսթետիկա պլաստիկ վիրաբուժության կենտրոն»-ը, մենք ցանկանում ենք կատարել հաջորդ քայլը»,- ասում է Հ. Արշակյանը:
Ներկա պահին ծրագիրը ծածկում է iOS համակարգի դաշտը, բայց շուտով՝ մոտավորապես 1-2 ամիս հետո, հավելվածը հասանելի կլինի նաև Android օպերացիոն համակարգի համար։ Առաջիկայում նախատեսվում է նաև ավելացնել տեսազանգի հնարավորություն: