Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայոց Արծրունիներից սերող Իվանե Զաքարյանի պատմությունը:
1045 թվականին Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո Հայաստանում առաջնությունն անցավ Լոռվա Կյուրիկյան արքայատոհմին: Սակայն 1118 թվականին վրաց բանակի հարվածներից խոնարհվեց նաև Կյուրիկյանների դրոշը և Լոռին կցվեց վրաց թագավորությանը: Միայն տասնամյակներ անց Զաքարյան տոհմի շնորհիվ Հայաստանում վերականգնվեց անկախությունը:
Զաքարյանները ծագումով Արծրունիներ էին և Լոռիում հաստատվել էին 1021 թվականից հետո, երբ Վասպուրականի թուլամորթ ու անկամ Սենեքերիմ Արծրունի թագավորը լքելով իր պետությունը՝ բազմահազար հպատակների հետ հեռացավ ու հաստատվեց Բյուզանդական կայսրության տարածքում: Ոչ բոլոր Արծրունիները սակայն նրա հետ հեռացան: Եվ քանի որ, Անիի Բագրատունիների հարաբերությունները Արծրունիների հետ այնքան էլ բարեկամական չէին, Արծրունիների կրտսեր ճյուղը հաստատվեց Լոռվա թագավորության տարածքում: Զաքարյանների նախահայր Զաքարեն Լոռվա Դավիթ Ա Անհողին արքայից (990-1048) ստացավ Խոժոռնի բերդն ու հաստատվեց այնտեղ:
Հետագայում Զաքարյանները ծառայության անցան վրաց արքունիքում: Նրանցից Սարգիս Զաքարյանը Գյորգի Գ թագավորից, 1177-1178 թվականներին Դեմնա արքայազնի բարձրացրած ապստամբության ժամանակ մատուցած ծառայությունների դիմաց՝ շնորհների արժանացավ և ստանձնեց հայ և վրաց զորքերի սպարապետությունը:
Սարգիս Զաքարյանը երկու որդի ուներ՝ Զաքարե և Հովհաննես, որոնք վճռական դերակատարություն ունեցան Հայաստանի և Վրաստանի պատմության մեջ: Նրանք ազատագրեցին հայոց երկիրը սելջուկյան լծից, վերականգնեցին հայոց թագավորությունն ու Հայաստանի նոր փառքը կերտեցին:
Հոր՝ Սարգիս Զաքարյանի մահից շատ չանցած՝ Զաքարե Զաքարյանը ստանձնեց վրաց պետության սպարապետության պաշտոնը՝ հայրենի կալվածք ունենալով Լոռին: Իսկ կրտսեր եղբայրը՝ Հովհաննեսը, 1191 թվականին դարձավ վրացական պետության մսախուրթուխուցես, որ համապատասխանում էր հայոց աստիճանակարգի հազարապետության կոչումին, ինչը շատ նման է ներկայիս տերմինով արտահայտած՝ վարչապետությանը:
1192 թվականին Զաքարյան եղբայրները ճնշեցին Թամար թագուհու ռուս ամուսին Յուրիի ապստամբությունը: Նրանք առհասարակ, Թամար թագուհուն առան իրենց հովանու տակ և դրանով իսկ, Թամարի գահակալությունը Վրաստանում դարձավ անվանական: Շատ պատմիչներ անգամ անթաքույց ակնարկով են խոսում Իվանեի և Թամարի հարաբերությունների մասին…
Հասնելով նման դիրքի և հեղինակության՝ Զաքարյան եղբայրները ձեռնամուխ եղան Հայաստանի ազատագրության գործին: Նրանք մարզեցին, վերազինեցին հայկական բանակը, մղած քսանամյա ահեղ պատերազմներում՝ 1190-1210 թվականներին ազատագրեցին գրեթե ողջ Հայաստանը՝ ավելի ընդարձակ մի տարածք, քան ուներ Բագրատունիների հայոց թագավորությունը:
Իվանեն մասնակցեց եղբոր մղած բոլոր պատերազմներին: Անձնական քաջությամբ աչքի ընկավ բազում ճակատամարտերում:
Մի ուշագրավ մանրամասնություն. Արաբ պատմիչները խոսելով հայկական զորքերի մղած պատերազմների մասին՝ նշում են, որ նրանք ամենուր, ամեն մի ազատագրված քաղաքում կոտորում էին մահմեդականներին: Ըստ երևույթին՝ հայոց բանակն իսկապես վրեժ էր լուծում սելջուկների կատարած վայրագությունների համար:
Միևնույն ժամանակ՝ Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու՝ Կիլիկիայում Ռուբենյանները անկախ պետություն էին ստեղծել 1080 թվականին, և Լևոն Բ Մեծագործի օրոք (1187-1219) Կիլիկիան հռչակվել էր թագավորություն, Լևոնը՝ հայոց թագավոր:
Զաքարյան Հայաստանի պաշտոնական անվանումը Հայոց Արևելից կողմանք էր. Երկիրն այդպես է կոչվում հայ մատենագրության մեջ, իսկ Կիլիկյան Հայաստանը՝ Հայաստան:
Զաքարյան եղբայրները ձգտում էին ազատագրել ողջ Հայաստանը, իրենց տերության սահմանները հասցնել Կիլիկիա և դուրս գալ Միջերկրական ծով:
Երկու հայկական պետությունների մեջտեղ Խլաթի ամիրայությունն էր, և մնում էր հասցնել վերջին՝ վճռական հարվածը, որպեսզի հայոց տերությունն ամբողջական դառնա:
1209 թվականին Զաքարյան եղբայրները մեծ բանակով պաշարեցին Խլաթը: Թվում է՝ Խլաթի ամիրայության օրերը հաշված են: Սակայն, երեկոյան, միայնակ զբոսանքի պահին Իվանե Զաքարյանն անզգուշորեն շատ մոտեցավ քաղաքի պարիսպներին և գերևարվեց:
Զաքարե Զաքարյանը սպառնալից նամակ ուղղեց Խլաթի ամիրային. Ասելով, որ եթե եղբոր գլխից մազ անգամ պակասի՝ ողջ քաղաքը քարուքանդ կարվի:
Ի վերջո, երկարատև բանակցություններից հետո հաշտություն է կնքվում: Իվանե Զաքարյանը ազատ է արձակվում, նրա դուստր Թամարը ամուսնանում է Խլաթի ամիրայի որդու հետ:
Թամարը մահմեդական աշխարհում հայտնի Թամթա խանումն է: 1245 թվականին ամուսնու երիտասարդ տարիքում մահից հետո նա միանձնյա կառավարեց Խլաթի ամիրայությունը: Թամթան շենացրեց ու ծաղկեցրեց երկիրը, այնտեղ եկեղեցիներ, մզկիթներ, դպրոցներ, կամուրջներ կառուցեց: Չնայած նրան, որ իսլամի պատմության մեջ սա եզակի դեպք է, երբ պետության գլուխ կին է կանգնած՝ արաբ մատենագիրները հիացմունքով են խոսում Թամթա խանումի ու նրա գործունեության մասին:
Խլաթի անհաջող գործողությունից հետո Զաքարյան եղբայրների մղած պատերազմները փաստացի, ավարտվեցին: Պատմիչները հիշատակում են միայն Զաքարեի և Իվանեի ղեկավարած պատժիչ արշավանքները դեպի Արդաբիլի սուլթանություն և Իկոնիա: Առաջին դեպքում Զաքարյանները պատժեցին սուլթանին, քանզի նա գողեգող մտել էր հայոց երկիրն ու գրավելով Անին՝ 12000 հայ սպանել: Հայոց բանակը գրավելով Արդաբիլը՝ այնտեղ իսկական սպանդ սարքեց…
Երկրորդ դեպքում Զաքարյանները մարտի դուրս եկան հանուն պատվի՝ պատժելով Թամար թագուհուն հոխորտանքով սպառնացած ու վիրավորած Իկոնիայի սուլթանին…
Զաքարյան եղբայրները միմյանց միջև բաժանեցին հայոց երկիրը: Զաքարեի մասնաբաժնի մայրաքաղաքը Անին էր, որ նաև ողջ հայոց պետության մայրաքաղաքն էր, իսկ հոգևոր կենտրոնը՝ Հաղբատը: Հովհաննեսի, ով հետագայում քաղկեդոնականություն ընդունեց և վերանվանվեց Իվանե, մասնաբաժնի քաղաքական կենտրոնները Դվինն ու Աղստևի հովտում գտնվող Կայան բերդն էին, հոգևոր կենտրոնը՝ Պղնձահանքը՝ ներկայիս Լոռու մարզի Ախթալա քաղաքը, որ նաև Հայաստանում քաղկեդոնականության գլխավոր կենտրոնը դարձավ ու քաղկեդոնիկ հայերի առաջնորդանիստը:
Հայոց երկրից Իվանեի մասնաբաժինը Աղստևի հովիտն էր, Ձորագետի մի մասը, Սևանա լճի ավազանը, Դվինը, Արցախը, Բջնին…
1212 թվականին մահանում է Զաքարե Զաքարյանը: Թամար թագուհին Իվանեին է առաջարկում եղբոր պատիվը՝ վրաց զորքերի սպարապետությունը:
Բայց խորամանկ ու խելացի Իվանեն հրաժարվում է դրանից՝ քաջ հասկանալով, որ պատերազմը գրեթե ավարտված է և սպարապետությունը բնավ չի ամրապնդի իր դիրքերը վրաց արքունիքում: Նա Թամար թագուհուն առաջարկեց նոր պաշտոն և աստիճան ստեղծել իր համար՝ աթաբեկությունը, որն էր՝ թագավորահայր: Թամարը, ով ըստ էության, անվանական իշխանություն ուներ Զաքարյան եղբայրների կողքին՝ ստիպված էր ենթարկվել, և Իվանե Զաքարյանը դարձավ վրաց պետության թագավորահայր և խնամակալ՝ աթաբեկ: Սույնով փաստորեն, նա ամբողջովին իր ձեռքն առավ երկրի կառավարումն ու փաստացի՝ չկար Իվանեի իշխանությունը զսպելու որևէ լծակ…
Սակայն, ամենայնիվ, Զաքարեի մահից հետո Իվանեի աստղն էլ աստիճանաբար մարեց:
Գայթակղվելով Թամար թագուհուց՝ նա քաղկեդոնականություն ընդունեց: Հստակ հայտնի չէ Իվանեի դավանափոխության տարեթիվը: Համենայնդեպս՝ հայ պատմիչներն ակնարկում են, որ դրա մեջ մեծ էր Թամարի ազդեցությունը: Նա հետագայում կամեցավ նաև դավանափոխ անել ողջ հայությանը: Դեռևս 13-րդ դարասկզբին հայ առաքելական և վրաց ուղղափառ եկեղեցիների միջև ծայր առան անհանդուժողականություն, կրոնական բանավեճեր, ինչն անգամ, երկիրը կանգնեցրեց քաղաքացիական պատերազմի շեմին:
1220 թվականին, մոնղոլները Սուբադայ Բահատուրի և Զեբե Նոյինի հրամանատարությամբ հետախուզական արշավանք սկսեցին դեպի Հայաստան և Վրաստան: Մոնղոլների դեմ Իվանեն մեծ բանակ հանեց, սակայն երեք ճակատամարտերում մոնղոլները ջախջախեցին հայ-վրացական միացյալ բանակը: Հատկապես ծանր էր Կոտմանի դաշտում Իվանեի կրած պարտությունը:
Ապա, 1225 թվականին Հայաստան և Վրաստան արշավեց Խորեզմի սուլթան Ջալալեդդինը: Վճռական բախումը տեղի ունեցավ Գառնիի մոտ: Պատմիչները փաստում են, որ շատ հայ իշխաններ հրաժարվեցին մարտի բռնվել Ջալալեդդինի դեմ և ճակատամարտի սկզբից լքեցին մարտադաշտը՝ դժգոհ լինելով Իվանեի վարած կրոնական քաղաքականությունից: Ճակատամարտից առաջ Իվանե Զաքարյանը սպառնացել էր ունեզրկել ու աստիճանազրկել այն հայերին, ովքեր կհրաժարվեն կամավոր քաղկեդոնականություն ընդունել:
Նույն պատճառով Իվանեի դեմ անգամ մահափորձ կատարեց Լոռվա իշխաններից մեկը…
Ինչևէ. Գառնիի ճակատամարտում հայ-վրացական միացյալ բանակը ջախջախվեց և Ջալալեդդինը գրավեց Հայաստանն ու Վրաստանը: Հետագայում նա արևմուտքում խոշոր պարտություն կրեց ու սպանվեց իր իսկ ծառաների ձեռքով:
Այս դեպքերից շատ չանցած՝ 1227 թվականին մահացավ Իվանե Զաքարյանը և թաղվեց Ախթալայում՝ Պղնձահանքի եկեղեցում, որ գնելով Կյուրիկյաններից, այստեղ քաղկեդոնիկ վանք էր հաստատել…