Տասնվեց տարի առաջ այս օրը տեղի ունեցավ համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչությունը: «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 19 գրոհայիններ ԱՄՆ-ում զավթեցին չորս քաղաքացիական ինքնաթիռներ, որոնցից երկուսը մխրճվեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրային կենտրոնի երկու երկնաքերերի մեջ` տապալելով դրանք, մեկն ուղղություն վերցրեց Պենտագոնի ուղղությամբ, չորրորդ ինքնաթիռը տապալվեց Փենսիլվանիա նահանգում: Տասնինը ահաբեկիչներից բացի` ահաբեկչությանը զոհ դարձան 2977 մարդ, հիմնականում` քաղաքացիական անձինք: Տեղի ունեցած ահաբեկչությունը ցնցեց բոլորին, արմատապես փոխեց, անճանաչելի դարձրեց աշխարհը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն աննախադեպ էր ոչ միայն զոհերի մեծ քանակով, այլ նաև` իրականացման ձևով, մասշտաբով, հետևանքներով:
Խոցվել էր աշխարհի կայունության և զարգացման խորհրդանիշ համարվող ԱՄՆ-ը, թշնամին, դավադրության, քստմնելի ահաբեկչության կացմակերպիչն ոչ թե կոնկրետ պետություն էր, այլ նոր հակառակորդ` գլոբալ ցանցային ահաբեկչական խմբավորում, որն, իհարկե, գործում էր մի քանի տոտալիտար ռեժիմների աջակցությամբ: Սա որակապես նոր մարտահրավեր էր քաղաքակիրթ աշխարհին, արևմտյան դեմոկրատիային ու տոլերանտությանը, մարդուն, նրա իրավունքներին և ազատություններին:
Պատահական չէ, որ Սեպտեմբերի 11-ից հետո առաջին անգամ գործողության մեջ դրվեց ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը: Իհարկե, Ուսամա բեն Լադենը ոչնչացվեց, Իրաքում տապալվեց Սադամ Հուսեյնի, իսկ Աֆղանստանում Թալիբների ռեժիմները, որոնք սնուցման աղբյուր էին ահաբեկչության համաշխարհային ցանցի համար, սակայն վերացված չեն ահաբեկչությունը ծնող կենտրոններն ու պատճառներն, ինչի լավագույն դրսևորումը Սիրիայում տարիներով շարունակվող արյունահեղությունն է: Քանի դեռ աշխարհում տեղ ունեն տոտալիտար, ավտորիտար ռեժիմները, որոնք մարտահրավեր են նետում համաշխարհային կարգին, ժողովրկավարությանն ու ազատությանը, միշտ առկա է ահաբեկչության վտանգը:
Քանի դեռ աշխարհում գոյություն ունեն փակ ռեժիմներ, որոնց ագրեսիվ գործունեությունն ուղղված է սեփական քաղաքացիների ու թույլ հարևանների դեմ, ահաբեկչությունն ունի արմատներ: Սեպտեմբերի 11-ից հետո ավելի վտանգավոր ու ոչ ադեկվատ են դարձել խոսակցություններն երկբևեռ, բազմաբևեռ աշխարհի մասին:
«Սառը պատերազմի» այս իներցիան կործանարար եղավ Սիրիայի համար, հումանիտար աղետի առաջ է կանգնեցրել Ուկրաինան, կորեական ճգնաժամը մտցրել է խիստ վտանգավոր փակուղի: Եթե աշխարհը երկբևեռ է, ապա քաղաքակիրթ աշխարհին հակադրվում է ահաբեկչական «կայսրությունը»՝ «չարիքի առանցքի» երկրներով, քաղցկեղի պես զարգացող ահաբեկչական կառույցների ցանցով:
Պատահական չէ, որ ԱՄՆ-ում վերականգնվել է «չարիքի առանցք» տերմինը` բնութագրելով Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Իրանի ռեժիմները, նրանցից եկող մարտանրավերները նույնացնելով ահաբեկչական սպառնալիքի հետ: Ահաբեկչական «կայսրության»` տոտալիտարիզմն ու բռնությունը խրախուսող ռեժիմների, միջազգային ահաբեկչության դեմ պետք է պայքարել՝ հանում մարդու, նրա ազատությունների: Սա է Սեպտեմբերի 11-ի գլխավոր խորհուրդը: Ու այս առումով` մերժելի են բևեռներն առհասարակ, որովհետև ազատությանն ու ժողովրկավարությանն այլընտրանք լինել չի կարող: