Հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Կրեմլի պետական պալատում դուդուկի միջազգային փառատոն կանցկացվի։ Ռուսաստանի, Հայաստանի և ամբողջ աշխարհի լավագույն երաժիշտները կհավաքվեն Կրեմլի տանիքի տակ հանդիսատեսին իմաստության հնչյուններ պարգևելու համար։
Դուդուկը տղամարդու գործիք է համարվում։ Սակայն փառատոնի մասնակից մոսկվաբնակ դուդուկահար Սելենա Ռիխտերը պատրաստ է պնդել հակառակը։ Նա Sрutnik-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ովքեր պետք է դուդուկ նվագեն` տղամարդի՞կ, թե՞ կանայք, խոսել է նաև առեղծվածային պատահականությունների մասին։ Զրուցել է Լև Ռիժկովը։
– Սելենա, ինչո՞ւ են այդքան քիչ թվով կանայք ընտրում դուդուկը։ Չէ՞ որ այն ծանր գործիք չէ։ Թավջութակ նվագում են, իսկ դուդուկ` ոչ։ Ո՞րն է պատճառը։
— Պատճառը ծիծաղելու աստիճան պարզ է. դուդուկի վրա նվագելիս դեմքը մի փոքր այլայլվում է, այտերն էլ փքվում են։ Իսկ կանայք չեն սիրում, երբ նման դեֆորմացիա է տեղի ունենում։ Թեև անցյալ տարի փառատոնին կար մի հայ աղջիկ, կոնսերվատորիայի շրջանավարտ, որը դուդուկ էր նվագում։
– Իսկ դուք մտավախություն չունե՞ք, որ դուդուկ նվագելիս ձեր այտերը կփքվեն։
— Ինձ այդ խնդիրը երբեք էլ չի անհանգստացրել։ Նախևառաջ այն պատճառով, որ դուդուկի համերգների ընթացքում կարևորը ձայնն է։ Իսկ արտաքինը երկրորդական է։ Բացի այդ, կարելի է այնպես նվագել, որ դեմքը չաղավաղվի։
– Ինչպե՞ս սկսեցիք դուդուկ նվագել։
— Քայլում էի Մոսկվայի մետրոյի անցումով։ 10-12 տարի առաջ էր։ Այդ ժամանակ անցումներում դեռ կրպակներ կային։ Դրանցից մեկից երաժշտություն էր հնչում։ Այնքան արտասովոր, այնքան հրաշալի, որ ես տեղում քարացա։ Պատկերացում անգամ չունեի, թե ինչ գործիք է հնչում։ Մոտեցա կրպակին և հարցրի. «Այդ ի՞նչ սկավառակ է»։ Ու այդպես ես առաջին անգամ դուդուկ լսեցի։
Վարակվեցի այդ գաղափարով։ Ես կարդացի համացանցում գտած բոլոր հոդվածները, այնտեղ էլ գտա իմ առաջին գործիքը, որը գնեցի 100 դոլարով։ Դա մեծ հաշվով նույնիսկ գործիք չէր։ Բայց դուդուկի հետ առաջին շփումը ստացվեց։ Հետո սկսեցի պրոֆեսիոնալ գործիքներ գնել։ Սակայն դեռ չէի կարողանում հասկանալ, թե ինչպես է պետք ճիշտ ձայներ ստանալ այդ գործիքով։ Դուդուկը նախկինի պես շարունակում էր առեղծված մնալ ինձ համար։
– Ինձ թվում է` դուդուկը քունգ-ֆուի նման է։ Առանց ուսուցչի գործը գլուխ չի գա։ Ինչպես հասկանում եմ, դուք գտա՞ք ձեր ուսուցչին։
— Նրան գտնելու համար երեք տարի պահանջվեց։ Ուսուցչիս գտա Երևանում։ Առաջին անգամ ընկերուհիներիս հետ Երևան գնացի պարզապես զվարճանալու։ Մեր կուրսում Հայաստանից մի տղա էր սովորում, որը միշտ մեզ հյուր էր կանչում։ Եվ ահա մենք աղջիկներով մեկնեցինք Հայաստան։ Եվ այնտեղ ինձ խորհուրդ տվեցին հյուր գնալ և ծանոթանալ Գեորգի Վարդանովիչ Մինասովի հետ։ Ես մտածեցի. «Ինչպե՞ս։ Գնամ, ասեմ. «Բարև ձեզ, եկել եմ ձեզ հետ ծանոթանալու համար»»։ Մի խոսքով այդ միտքն ինձ հետ էր պահում։
– Ի վերջո համարձակվեցի՞ք։
– Կարելի է ասել` հաջողության քամի փչեց։
— Այո։ բոլոր իմ նախաձեռնությունները հաջողությամբ էին պսակվում։ Մենք հնարավորություն ունեինք ամռանը Հայաստան գալու և շփվելու Գեորգի Վարդանովիչի հետ։ Դա ինձ մեծ էներգիա էր հաղորդում և ուժ տալիս, որպեսզի ես ամբողջ տարին դուդուկ նվագեմ։
– Իսկ ինչպե՞ս էր արտահայտվում հաջողությունը։
— Ես համախոհներ ձեռք բերեցի։ Չէ որ երաժիշտն առանց միջավայրի գոյություն ունենալ չի կարող։ Երաժշտին անհրաժեշտ է և՛ շփում, և՛ լսարան, և՛ նյութեր, որով նա պետք է պարապի։ Եվ միայն այդ ժամանակ ես ուժ գտնում կատարելագործվելու համար։ Առաջին մի քանի տարին շատ դժվար էր, ես ինքս ինձ համար էի նվագում։ Իսկ հետո, երբ բարենպաստ հանգամանքների հաջողության ալիք բարձրացավ, ինձ սկսեցին հրավիրել խմբերում նվագելու։
Մի քանի տարի առաջ էլ ստեղծվեց դուդուկի փառատոնը, դուդուկի դպրոցը, սկսեցին համաժողովներ անցկացվել։ Բոլոր կողմերից ակտիվություն նկատվեց, ինչն ավելի էր ամրապնդում ու հաստատուն դարձնում այն գաղափարը, որ քո գործը քեզնից բացի մյուսներին էլ է հետաքրքիր։ Ժամանակ առ ժամանակ մի քանի համույթների հետ եմ աշխատում։ Եվ կա մի խումբ, որի հետ համագործակցում եմ մշտական հիմունքով։ Կա նաև մեկ այլ նախագիծ` ռուսական ժողովրդական երգերով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am