Ադրբեջանի նախագահից ներում ստանալուց հետո բլոգեր Ալեքսանդր Լապշինն անմիջապես նամակ է գրել Իլհամ Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական քայլի համար, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` նշելով, թե իրենց մոտ է Լապշինի նամակի պատճենը:
«Անսահման շնորհակալ եմ: Հավանաբար, իմ կյանքում ոչ մի իրադարձության այսքան անհամբերությամբ չեմ սպասել»,- մեջբերված է Լապշինի նամակից: Նա հավելել է, որ զղջում է իր արարքների համար և ընդգծել է, որ տարածաշրջանում զարգացումների մասին հավաստի տեղեկություններ չի ունեցել, երբ այցելել է Լեռնային Ղարաբաղ:
«Այժմ ես ստացել եմ անվիճելի ապացույցներ` Ղարաբաղը կա և կլինի Ադրբեջանի հողը: Հուսով եմ, որ Ղարաբաղի հարցը կկարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով»,- նշված է նամակում: Լապշինը նաև Ադրբեջանի ժողովրդին «օկուպացված հողերի շուտափույթ ազատագրում է մաղթել»:
Սեպտեմբերի 11-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի համաներման որոշումը: Ադրբեջանի նախագահականի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Լապշինի նկատմամբ համաներում է հայտարարվել Ադրբեջանի Սահմանադրության 109-րդ հոդվածի 22-րդ կետով: Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը:
Նույն օրն Ալիևի քաղաքական հարցերով օգնականը հայտնել էր, որ նախօրեին Լապշինը փորձել է ինքնասպանություն գործել, քանի որ Իսրայելը ձգձգում էր նրա արտահանձնման հարցը:
Հուլիսի 7-ին Ադրբեջանի դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ավելի վաղ դատախազը 6.5 տարվա ազատազրկում էր պահանջել Լապշինի համար: Մեկ օր առաջ Լապշինը դատարանում հայտարարել էր, որ զղջում է իր արածի համար, ցավում, որ այցելել է Ղարաբաղ ու այդպիսով ցավ պատճառել դրա բնակիչներին, որոնք «կրում են օկուպացիայի զրկանքները»: «Ես որևէ բան չգիտեի օկուպացիայի մասին, իսկ գտնվելով այստեղ՝ ես զգացել եմ միայն լավ վերաբերմունք իմ հանդեպ»,- գրել էր ԱՊԱ-ն, այդ բառերը վերագրելով Լապշինին:
2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է:
Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզում էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:
ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքվին: