Պատմաբան Հայկ Դեմոյանը Facebook-ի իր էջում գրել է.
Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, պարզաբանելով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած՝ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագիրը կրող ցուցահանդեսի փակումը, նշեց, թե այն «քաղաքականացված էր», ապա ավելացրել է. «Մենք պետք է պատմությանը պարզ երեսով նայենք, այն մի փոքր քաղաքականացված էր: Երևի պետք էր հասարակությանը մի փոքր նախապատրաստել: Որոշ շտկումներից հետո այն կվերաբացվի»:
Ինչպես ասում են մեր ռազմավարական դաշնակից երկրում՝ приехали. Այս պարագայում կարելի է հարցնել. Ա. Որ՞ն է ստալինյան բռնություններին նվիրված ցուցադրության քաղաքականացված լինելը, բ. Ի՞նչ է նշանակում «պատմությանը պարզ երեսով նայել» արտահայտությունը, գ. Ինչպե՞ս է որոշվում քաղաքականացված լինելու մեծ ու փոքր լինելը, դ. Ինչպե՞ս է հասարակությունը նախապատրաստվելու այդպիսի ցուցադրությանը և վերջապես ե. Ի՞նչ շտկումներ են նախատեսվում արդեն իսկ բացված ցուցադրության մեջ:
Եվ մինչ կստանանք այս հարցերի պատասխանները (լիահույս եմ, որ կստանանք), ավելի ազնիվ կլիներ խոստովանել, որ ցուցադրությունն ուղղակի դիտվել է անցանկալի, քանի որ այս տարվա մարտի սկզբներին, համաշխարհային պատմությանը հայտնի մեծագույն ոճրագործներից մեկի՝ Իոսիֆ Ստալինի ծննդյան օրը, ՌԴ քաղաքական ղեկավարությունը ծաղկեպսակ դրեց «ժողովուրդների հոր» գերեզմանին:
Հապա ինչպե՞ս հասկանանք Տրանսպորտի և կապի նախարարության ու ՀԱՅՓՈՍՏԻ համատեղ որոշումը, որի արդյունքում ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված դրոշմաթուղթ թողարկելու իմ առաջարկը սկզբում ընդունվեց և ներառվեց 2017 թ. փոստային վճարման միջոցների տարեկան թողարկումների ցանկում, ապա նույն հաջողությամբ, կամ, ճիշտ կլինի ասել` նույն պատճառով, հանվեց այդ ցանկից: