Ամուլսարը՝ զոհասեղանին. bnaban.am
Advertisement 1000 x 90

Ամուլսարը՝ զոհասեղանին. bnaban.am

Ամուլսարը (բացարձակ բարձրությունը՝ 2989,6 մ ծ.մ.) գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի վարչական տարածքների սահմանում: Այն զբաղեցնում է Արփա և Որոտան գետերի միջև ընկած տարածքը` հանդիսանալով այդ գետերի ավազանների ջրբաժանի մի մասը:

Ամուլսարը  և նրան հարակից ընդարձակ տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության ամենամաքուր ու առողջարար վայրը, և որպես էտալոն, այդ վայրի հետ են համեմատվում մարդու առողջության և արտադրվող սննդի որակի անկում ունեցող բնակավայրերը: Այս տարածքում արտադրվող գյուղատնտեսական մթերքը՝ կաթնամթերքը, մսեղենը, բանջարեղենը, մրգերը, մեղրը, ուտելի վայրի բույսերը, որպես էկոլոգիապես մաքուր սննդամթերք, մեծ պահանջարկ ունեն, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:

Ամուլսարի հանքավայրը գտնվում է նույն սարի կատարային մասում: Այս հանքավայրի  շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Այդ հանքավայրի շահագործումը անդառնալի կորուստներ է պատճառելու հողատարածքներին, ջրային համակարգին, մարդու կյանքի որակին ու ապագային, կենդանական և բուսական աշխարհին:

Այս ամենի դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդրումներ կատարելով՝ ֆինանսական շրջանառությունը հասցնել  ավելի քան 5 մլրդ դոլարի և ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր,  պետական բյուջե մուծել հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքները վերականգնել ու բերել նախնական տեսքի, աղտոտված ջրերը մաքրել, հանքի և հարակից տարածքներում եղած բույսերն ու կենդանիները   կունենան երկարաժամկետ գոյատևման նույն պայմանները, ինչը ունեցել են ծրագրի իրականացման ելակետային պայմաններում: Ընկերությունը նաև երաշխավորում է, որ հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը:

Նույն քարոզն է անում նաև Հայաստանի կառավարությունը, միաժամանակ կեղծ փաստաթղթեր ստեղծելով, փորձում է ցույց տալ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իբր օրինական հիմքեր ունի և բխում է  Հայաստանի Հանրապետության շահերից: Եվ սա եզակի դեպք չէ. երկար տարիներ են, ինչ կառավարությունը կանգնած է հանքատերերի թիկունքում և օրինականացնում  է նրանց  կողմից կատարվող ապօրինությունները, կեղծարարություններն ու բնակչության իրավունքների ու շահերի ոտնահարումը՝   երկրաբանական կառուցվածքի ու բնական համակարգերի ավերումը, ոչնչացումը և ծանր մետաղներով թունավորումը, բնական պաշարների արագ սպառումը և դրանց ոչ արդյունավետ օգտագործումը, ժողովրդի ունեցվածքի կողոպուտը:

«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության և ՀՀ իշխանական վերնախավի տեսակետների, գուցե և անձնական շահերի համահունչ լինելը տվել է իր ողբերկական արդյունքը: Այդ ընկերությունն արդեն ստացել է իր կազմած՝ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի՝  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ, 2016 թ., 839 էջ, հետայսու՝ Նախագիծ) փաստաթղթի՝  պետական  փորձաքննական դրական եզրակացությունը և հանքը շահագործելու համար սկսել է շինարարական աշիատանքներ կատարել: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ այդ եզրակացությունը օրինական չէ, քանի որ այն արվել է առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝  ուղղակի Նախագծի սեղմագրմամբ, հետևաբար, այն առոչինչ է և ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:

Նախագծի սկիզբը  խափուսիկ ոգևորություն է առաջացնում: Այդտեղ կարդում ենք. «Կենսոլորտի կայունության ապահովման, բնության ու մարդու կենսագործունեության ներդաշնակության պահպանման համար կարևորագույն նշանակություն ունի յուրաքանչյուր նախատեսվող ծրագրի կամ գործունեության՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության ճշգրիտ և բազմակողմանի գնահատումը: Ծրագրի բնապահպանական գնահատումը պետք է ներառի ուղղակի և անուղղակի ազդեցության կանխատեսումը և նկարագրությունը և հիմք հանդիսանա դրանց կանխարգելման կամ հնարավոր նվազեցման» (էջ 3):

Սակայն Նախագծի բովանդակությունը բացարձակորեն այլ բան է ասում: Ընկերությունը իրեն բնապաշտի ու մարդասերի կերպարով է ներկայացնում,  հավանաբար, միայն այն բանի համար, որ մարդկանց մոտ վստահություն ձեռք բերի և իր կողմից կատարվելիք ավերումները, ինչպես նաև՝ օդի, հողի, ջրի թունավորումը, մարդու առողջությանն ու սոցիալական վիճակին, բուսական ու կենդանական աշխարհին  հասցվելիք անասելի վնասները՝ շղարշով ծածկի: Իրականում, այդ նույն  փաստաթղթից պարզ երևում է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության համար կենսոլորտի կայունության ապահովումը և  բնության ու մարդու կենսագործունեության ներդաշնակության պահպանումը որևէ արժեք չունեն. նույնիսկ կարելի է ասել, որ ատելությամբ է լցված բնության ու մարդու նկատմամբ: Ընկերության նպատակը շահույթ հետապնդելն է և դրան հասնելու համար դիմում է ցանկացած քայլի:

Ամբողջությամբ՝ bnaban.am