Ազգային անվտանգության ծառայությունը որոշակի տվյալներ է ստացել Արտակարգ իրավիճակների նախարարությունում բյուջետային բացերի վերաբերյալ, հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել։
Նա նաև չնշեց, թե որ ոլորտներում, կամ գերատեսչություններում, կամ իրավաբանական անձանց մոտ են սպասվում բացահայտումներ. «Սպասեք մի քիչ, ականատես կլինեք»։
Թե ստվերից որքա՞ն գումար կբերվի բյուջե, ԱԱԾ պետը դժվարացավ նշել՝ նկատելով, որ դրա մասնագետը չէ, հաշվարկները կանի ՊԵԿ-ը։
Դիտարկմանը, որ ինքը տեսակետ էր հայտնել, որ ոստիկանությունը կոռումպացված համակարգ է, իսկ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասում է, որ կարմիր գիծ է քաշված, Ա.Վանեցյանը նշեց, որ ոչ միայն ոստիկանությունն է համարել կոռումպացված համակարգ, և ինչպես ոստիկանությունն է կարմիր գիծ քաշել, բոլոր գերատեսչություններն էլ նույն տրամաբանության մեջ են առաջ շարժվում։
Հարցին՝ Մարտի 1-ի գործում ԱԱԾ-ի դերը բացահայտվելո՞ւ է, Ա.Վանեցյանը պատասխանեց, որ Մարտի 1-ով իրականացվելու է քննություն, որն իր ղեկավարած գերատեսչությունը չի իրականացնելու. «Ես չեմ կարող ասել՝ մեր գերատեսչությունը դեր ունեցե՞լ է, թե՞ ոչ, որովհետև այն ժամանակ ես դեռ չէի ընդունվել աշխատանքի։ Կլինի՞ դա առանձին քննություն, թե՞ հանձնաժողով, այդ ֆորմատում ինչ եզրահանգման կգան, մենք էլ կընդունենք»։
Նա հորդորեց չօգտագործել «ԱԱԾ-ի արխիվ» արտահայտությունը, որ թյուր տպավորություն է ստեղծում, թե ինչ-որ մի սենյակ կա, և այլն։ ԱԱԾ պետը հրաժարվեց խոսել նախկինի մասին՝ նշելով, որ խոսելու է իր պաշտոնը ստանձնելու պահից հետոյի մասին։
Անդրադառնալով Վահրամ Բաղդասարյանի դիտարկմանը, որ ԱԱԾ պետը շտապել է բացահայտումների մասին հայտարարություն անել, Ա.Վանեցյանը նշեց, որ ՊԵԿ-փոխնախագահը, ով հայտարարել է իր հայտնի արտահայտությունը, որպես վկա այսօր կամ վաղը կհրավիրվի ԱԱԾ՚ որպես վկա, կտա ցուցմունք, և իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը քրեական գործի շրջանակներում.
«Վահրամ Բաղդասարյանը քաղաքական գործիչ է և կարող է անել տարբեր հայտարարություններ։ Ես քաղաքական գործիչների հայտարարությունները չեմ մեկնաբանում։ Մեր կառույցը մեր աշխատանքով ցույց է տալիս, թե ուր է գնում։ Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ։ Պայմանավորվածություն է եղել, որ ապօրինի՞ գործեն։ Իսկ ինչի՞ նույն «Քարֆուր» ընկերությունը չի գործել նույն սխեմայով։ Ես խնդրում եմ դա չընդունել՚ որպես գովազդ, «Քարֆուր» ասացի, որովհետև դա բոլորին հայտնի է, մնացած բոլոր խանութներն ինչի՞ չեն օգտվել այդ սխեմայից։ Օգտվել են ընդամենը 11 տնտեսվարող սուբյեկտներ։ Բոլորի մոտ հարց չի՞ առաջանում, ինչո՞ւ է այդպես եղել։ Մեր բակի գործող խանութները չե՞ն ուզեցել՚ հարկերը քիչ վճարեն և կարողանան աշխատել»։
Դիտարկմանը, որ փորձ է արվել գյուղացիներին օգնել, ԱԱԾ տնօրենը հակադարձեց. «Իսկ գյուղացիներին բանան, նարինջ ծախելո՞ւց են օգնում, թե՞ դրսից ներկրված ելակի, պոմիդորի, թե՞ վարունգի հարցում են օգնում։ Դրսից ներկրված ապրանքներն ավելի մեծ տոկոսով շատ են, քան տեղի արտադրանքը։ Տեղի արտադրանքը վաճառվում է շուկաներում, որտեղ, այսպես թե այնպես, ոչ մի բան պետք չէ»։
ԱԱԾ տնօրենը հայտարարեց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է համապատասխան ծանուցագիր, և նա հրավիրվել է ԱԱԾ։ Հարցին՝ կա՞ն այլ պաշտոնյաներ, որ կհրավիրվեն ԱԱԾ, Ա.Վանեցյանը պատասխանեց, որ մյուսներն էլ կլինեն։
Այն փաստը, որ Մաշադյանի մասով ԱԱԾ-ն որոշակի ռիսկեր է տեսնում, բայց նա նշանակվում է բարձր և պատասխանատու պաշտոնի՝ ՊԵԿ փոխնախագահ, Ա.Վանեցյանի կարծիքով, դեռ չի նշանակում, որ, եթե մարդը նշանակվել է պաշտոնի, ուրեմն նա անձեռնմխելի է դառնում. «Եթե մարդն արել է ինչ-որ արարք, պետք է պատասխան տա։ Դա կապ չունի՝ նշանակվել է, թե ոչ։ Մինչև նշանակումը մենք նման տվյալներ չունեինք»։