Զանա Բուկար Մուստաֆան հրաժարվեց իրավաբանի իր 20-ամյա կարիերայից, որպեսզի զբաղվի կրթությամբ: Նա հասկանում էր, թե ինչ մեծ վնաս է հասցվել Մայդուգուրիի (քաղաք Նիգերիայի հյուսիս-արեւելյան նահանգում) ամենաերիտասարդ սերնդին, քանի որ այդ տարածքը 2007-ից դարձել էր «Բոկո հարամի» հենակետը: Ապստամբների դեմ կառավարական ուժերի պայքարում հաճախ տուժում էին խաղաղ բնակիչները: Եվ ոչ ոք այնքան չտուժեց այդ պայքարում, որքան երեխաները: Նրանցից շատերը դարձան որբ` առանց լավ կյանքի հույսի: «Ես զգում էի, որ մենք այլեւս օրինակ չենք ծառայում երիտասարդների համար: Տեսնում էի փողոցներում թափառող բազմաթիվ հուսալքված երեխաներ: Հենց այդ ժամանակ էլ զգացի հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը,- հիշում է Մուստաֆան,- Խոսքը զուտ կացարան տրամադրելու մասին չէր: Միայն դա բավարար չէր»:
Չնայած մեծ փորձ չուներ կրթության ոլորտում (իրավաբանություն սովորելուց առաջ ուսուցիչ էր աշխատել), 2007թ. Մուստաֆան բացեց «Ֆյուչըր փրաուիս» իսլամական հիմնադրամի դպրոցը (Future Prowess Islamic Foundation): Սկզբում ընդունեցին 36 ծնողազուրկ երեխայի: Արդեն 2009թ. երկու կողմերից էլ աշակերտներ էին հաճախում դպրոց՝ երեխաներ, որոնք ծնվել էին «Բոկո հարամի» ապստամբների եւ նրանց կողմից սպանվածների ընտանիքներում: Ամենասկզբում կազմակերպությունը հանձն էր առել աշխատել այրիների հետ՝ վերականգնելու եւ առողջացնելու ատելության, բռնության ու անվստահության մթնոլորտում գտնվող համայնքը: «Նրանք ստեղծեցին կոոպերատիվներ, որտեղ կարող էին ստանալ աջակցություն եւ ուղղորդել սեփական ջանքերը. Նիգերիայի հյուսիսում ապրող յուրաքանչյուր կին խոցելի է, երբ ամուսինը մահանում է»,- պատմում է իրավաբան-ակտիվիստը: Հիմնադրամը ոչ միայն կրթում է երեխաներին, այլեւ օգնում նրանց մայրերին՝ գտնելու հուսալի աջակիցներ:
Ամբողջությամբ՝ auroraprize.com