Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի պատճառները և ելքերը
Advertisement 1000 x 90

Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամի պատճառները և ելքերը

«Եթե ոչինչ չանենք, ապա հինգ տարուց, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, մահերի թիվն ամբողջ երկրում կգերազանցի ծնունդների թիվը»

Հինգ տարի ժամանակ՝ խնդիրը լուծելու համար

Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի է հասել և մոտենում է դեպոպուլյացիայի փուլին, երբ մահերը կգերազանցեն ծնունդները։

«Այս տարի պատմության մեջ առաջին անգամ Լոռու մարզում գրանցվել է դեպոպուլյացիա, մահերն իննսունով ավելի են եղել ծննունդներից, – ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։ – Հանրապետական մակարդակով դեռ չենք մտել դեպոպուլյացիայի շերտը, սակայն, եթե ոչինչ չանենք, ապա չորս-հինգ տարուց, ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, մահերի թիվն ամբողջ երկրում կգերազանցի ծնունդների թիվը»։

Դրան, ըստ փորձագետների, կարող են նպաստել նաև այլ հանգամանքներ։ Մասնավորապես, այժմ ամուսնական տարիք է մուտք գործում 1990-ականներին ծնված սերունդը։ Դա Հայաստանի նորագույն պատմության ամենածանր տարիներն էին։ Նոր անկախացած երկիրը պատերազմի, շրջափակման և տնտեսական ճգնաժամի մեջ էր։ Այս իրավիճակում քչերն էին իրենց թույլ տալիս երեխա ունենալ։

90-ականների սերունդն այդ կապակցությամբ 40 տոկոսով պակաս է 80-ականներին ծնվածներից։ Եվ դա չի կարող չանդրադառնալ ամուսնությունների և ծնունդների թվի վրա այսօր։ Առավել ևս, որ 1990-ականներին ծնվածների 20-25 տոկոսն արտագաղթել է Հայաստանից։

Ամուսնությունների ու ծնունդների թիվն, ըստ մասնագետների, կրճատվելու է նաև այն պատճառով, որ երիտասարդ տղամարդիկ պարզապես չեն ուզում ամուսնանալ, մտնել սոցիալական ծանր բեռի տակ։

Եվ վերջապես, 20-40 տարեկանների շրջանում դեմոգրաֆիական բալանսը խախտված է՝ 60 հազար տղամարդու պակաս կա Հայաստանում։ Եվ սրա հիմնական պատճառներից է արտագաղթը։

Գուրգեն Մաղաքյանը 33 տարեկան է։ Ընտանիքի հետ լքել է Հայաստանը դեռևս դպրոցական տարիներին։ Ապրում է Մոսկվայում, դեռ չի ամուսնացել։

«Հայաստանում սոցիալ տնտեսական վիճակը ծանր է, չեմ կարծում որ կվերադառնամ հայրենիք ապրելու, այստեղ ավելի հեշտ եմ վաստակում, բայց հույս ունեմ, որ գոնե հայի հետ կամուսնանամ։ Եղբայրս արդեն ամուսնացել է ազգությամբ ռուս աղջկա հետ»,- ասում է նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանի կարծիքով, արտագաղթի հետևանքները ծանր են Հայաստանի համար, քանի որ հենց վերարտադրողական տարիքի մարդիկ են հեռացել երկրից.

«1992-2002թթ․ մեզ մոտ ծնելիության անկումը կազմել է 60 տոկոս։ Ի դեպ, նախկին խորհրդային երկրների մեջ դա ամենաբարձր ցուցանիշն է եղել։ Տասը տարում 70 հազար երեխայից նվազել ենք 32 հազարի։ Արտագաղթը և ժողովրդագրական քաղաքականության բացակայությունը 27 տարի շարունակ ձևախեղել են մեր ժողովրդագրությունը»,- ասում է Մարկոսյանը։

Անահիտ Մարգարյանը 58 տարեկան է, դերձակ է։ Պատմում է, որ տղան 31 տարեկան է, աղջիկը 36, բայց նրանցից ոչ մեկը մտադիր չէ ամուսնանալ.

«Տղաս ասում է, որ իր ստացած աշխատավարձով չի կարող ընտանիքի հոգսեր հոգալ, երեխաներ ունենալ։ Երիտասարդները վախենում են այսօրվա երկրի տնտեսական վիճակից։ Աղջիկս էլ սովորել է, ավարտել, աշխատում է, բայց փեսացու չի գտնում։ Մինչդեռ, ամեն օր երազում եմ թոռներ ունենալու մասին»։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանում մշտական բնակչության թիվը 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2 մլն 965 հազար մարդ է: Ի տարբերություն նախորդ տարվա այս ցուցանիշը նվազել է 7600 մարդով:

գ 2018 թ-ին Հայաստանում ծնվել է 36 502 երեխա,

գ 2017 թ-ին՝ 37 700,

գ 2016 թ-ին՝ 40 592։

Ծնելիության գումարային գործակիցը

գ 2019-ին կազմել է 1.6,

գ 1994-ին` 2.2,

գ 1969-ին` 3.3։

Ամբողջությամբ՝ jam-news.net



Նման նյութեր