Ինչով առանձնացավ այս քարոզարշավը մյուսներից. ամփոփում է քաղաքագետը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչով առանձնացավ այս քարոզարշավը մյուսներից. ամփոփում է քաղաքագետը. armeniasputnik.am

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` մենք ըստ էության գործ ունեցանք ոչ թե քաղաքական, ծրագրային մրցակցության, այլ անտագոնիստական ռեժիմի հետ և ամենամեղմ բառերը, որ հակադիր երկու–երեք բևեռները միմյանց հասցեագրում էին, «կապիտուլյանտ» և «թալանչի» բառերն էին։

Ըստ նրա` կողմերից ընթացքում հնչեցին բառեր, որոնք ոչ նորմատիվային էին, ավելին` առաջին անգամ մեր պատմության մեջ ականատես եղանք, երբ պետության ղեկավարը հանդես եկավ բռնություն խորհրդանշող գործիքով` մուրճով, շրջեց մարզերով և սպառնաց մրցակիցներին` խոսելով քաղաքացիական վենդետաների մասին։

«Ցավոք սրտի, անտագոնիզմի աղբյուրն իշխանությունն է։ Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճերն ըստ էության չստացվեցին։ Բանավեճերից մեկին 13 քաղաքական ուժերի փոխարեն ներկա էին չորսը, այսինքն` մրցակցային միջավայր չձևավորվեց։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այս ընտրություններին ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում են ՀՀ գործող և նախկին բոլոր ղեկավարները, ինչը նշանակում է, որ դիսկուրսը ոչ թե ապագայի շուրջ է, այլ անցյալի, ուստի այս ընտրությունները ցավոք սրտի զարգացման ռեսուրս չեն կարող պարունակել»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով`երկրորդ կարևոր առանձնահատկությունն այն է, որ տոտալ կերպով կիրառվեց վարչական ռեսուրս, հետևաբար այս ընտրություններում, ըստ քաղաքագետի, նույնսիկ հունիսի 20-ին կլինեն վարչական ու ֆինանսական ռեսուրսների չարաշահման համատարած դեպքեր։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։

armeniasputnik.am