Օտոպլաստիկա` լոշտակությունը հաղթահարելու վիրահատական տարբերակը
Advertisement 1000 x 90

Օտոպլաստիկա` լոշտակությունը հաղթահարելու վիրահատական տարբերակը

Լոշտակությունը կամ ավելի ճիշտ է ասել ականջների դիրքի և ձևի անոմալիաները հանդիպում են 1։12500 հաճախականությամբ կամ բնակչության 5%-ի մոտ։ Կովկասյան ազգերի մոտ հանդիպում է ավելի հաճախ։ Ականջների անոմալիաները երբեմն նկատելի են անմիջապես ծնվելուց հետո , բայց ավելի հաճախ այն ի հայտ է գալիս 1 տարեկանից հետո, ինչը խոսում է որոշ դեֆորմացիաների ձեռք բերովի լինելու մասին։ Անկասկած ականջների դեֆորմացիաների գործում առանցքային դեր է կատարում ժառանգականությունը։ Այն փոխանցվում է աուտոսոմ դոմինանտ կերպով , ինչը նշանակում է, որ եթե ծնողներից մեկն ունի նման խնդիր, ապա երեխաների մոտ ևս այդ խնդիրը կդրսևորվի՝ թեև արտահայտվածության աստիճանը կարող է տարբեր լինել։

Մանկական հասակում և չափահաս տարիքում ականջների կազմությունը և կառուցվածքը նույնն է, միակ տարբերությունը մանկական հասակում ականջի աճառի ավելի փափուկ է և ավելի ենթարկվող լինելն է։ Վիրահատություն կարելի կատարել սկսած 6 տարեկանից երբ ականջի կազմավորումն արդեն ավարտական փուլում է։ Վիրահատության նախընտրելի տարիքը որոշելու համար ծնողները պետք է հաշվի առնեն նաև հոգեբանական գործոնները։ Եթե խնդիրը լավ արտահայտված է և դա երեխայի մոտ առաջացնում է հոգեբանական բարդույթներ, ապա մինչև դպրոց գնալը ցանկալի է կատարել վիրահատություն խուսափելու համար հասակակիցների վերաբերմունքով պայմանավորված բարդույթների առաջացումից։

Վիրահատությունը կարելի է կատարել ինչպես ընդհանուր այնպես էլ տեղային անզգայացման պայմաններում ինչը կախված է տարիքից և վախերի առկայությունից։ Մինչև 10 տարեկան երեխաների դեպում օտոպլաստիկան կատարվում է ընդհանուր անզգայացմամբ , 10 տարեկանից մեծ երեխաների դեպքում կախված երեխայի խառնվածքից , վիրահատության մոտիվացիայից, վիրահատվելու ցանկության մեծությունից ելնելով կարելի է նաև քննարկել տեղային անզգայացմամբ կատարելու նպատակահարմարությունը։ Սովորաբար այն երեխաները, որոնք հասակակիցների կողմից ենթարկվում են ծաղրի, որոնք բարդույթավորված են, ավելի մոտիվացված են և ավելի հեշտ են տանում վիրահատությունը։ Չափահաս տարիքում վիրահատության համար տեղային անզգայացումը լիովին բավարար է, եթե պացիենտը չունի խիստ արտահայտված վախեր (ֆոբիաներ)։

Վիրահատության տևողուոթյունը կախված է ինչպես այն դեֆորմացիայից ինչը պետք է շտկվի, քանի որ կան ականջների ձև և դիրքային անկանոնությունների ավելի քան մեկ տասնյակ տարբերկներ, այնպես էլ վիրահատության տեխնիկայից։ Միջինում մեկ ականջի պլաստիկան տևում է 60-120 րոպե։

Հետվիրահատական շրջանը կախված է անզգայացման տեսակից։ Ընդհանուր անզգայացման դեպքում հետվիրահատական շրջանը մի փոքր ավելի ծանր է, իսկ տեղային անզգայացման դեպքում պացիենտները նույն օրը կարող են գնալ տուն։

Հետվիրահատական շրջանում սովորաբար իմ պացիենտներին խորհուրդ եմ տալիս կրել աբադոկ 3-7 օր ժամկետով (կախված խնդրից և վիրահատական ծավալից) մշտապես , 7 օր էլ միայն քնելիս։  Հետվիրահատկան շրջանում նշանակվում է համապատասխան դեղորայք բորբոքային երևույթների կանխարգելման ինչպես նաև ցավազրկման նպատակով։ Սովորաբար տեղային անզգայացման պայմաններում կատարված վիրահատությունից 3 օր անց պացինետների աշխատունակությունը ամբողջովին վերականգնվում է և կարող են անցնել իրենց առօրիային , իհարկե սահմանափակելով ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունը։

Հաճախ տրվող հարցերից են վիրահատությունից հետո ականջների ձևի փոփոխությունները, դիրքի հետ վերադարձի հավանականությունը։   Ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այնպես էլ օտոպլաստիկային բնորոշ են հնարավոր որոշակի բարդություններ սկսած վերքի ինֆեկցումից , աճառների բորբոքումից մինչև ականջների որոշակի դիրքային փոփոխություններ։

1881թվականից մինչ օրս նկարագրված են օտոպլաստիկայի ավելի քան 200 տարբեր տեխնիկաներ, տեխնիկաների այդչափ բազմազանությունը վկայում է դրանցից յուրաքանչյուրի անկատարության մասին։ Օգտվելով արդի հիմնական տեխնիկաների մեծ մասից և հիմնվելով նախկին փորձառության վրա պետք ընտրել վիրահատական այնպիսի տեխնիկաներ, որոնք վերջարդյունքում կապահովեն լավագույն էսթետիկ արդյունք, մինիմալ հետիրահատական բարդություններ։

doctors.am