Ռուսաստանում ինտերնետի անջատումները Հայաստանի վրա զգալի ազդեցություն չեն ունենա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հեռահաղորդակցության միջազգային միության փորձագետ Գրիգորի Սաղյանը։
Սաղյանի դիտարկմամբ՝ ինտերնետն ունի երեք բաղադրիչ․ բուն գծերը՝ մալուխներ, հասցեավարման համակարգը և բուն տեղեկատվությունը։ Նա մանրամասնեց, որ բուն գծերով՝ մալուխներով, Հայաստանը միանում է համաշխարհային ինտերնետ կենտրոններին։
«Հայաստանն այսօր ինտերնետին միացած է երեք ուղղությամբ․ մի մալուխը միանում է Թբիլիսի, այնտեղից՝ Փոթի, հետո՝ Սև ծովի հատակով Վառնա, իսկ այնտեղից արդեն միանում է եվրոպական տեղեկատվական համակարգերին։ Մյուս ճանապարհը էլի Վրաստանով է։ Ստորջրյա մալուխը միացնում է Փոթի և Նովոռոսիսկ, որտեղից միանում ենք ռուսական տեղեկատվական աղբյուրներին»,- նշեց Սաղյանը։
Վերջինիս խոսքով՝ որպես պահեստային գիծ կարելի է դիտարկել նաև Իրանի տարածքով Մեղրի-Մարանդ միացումը։ Նա վստահեցրեց՝ անգամ եթե Ռուսաստանին անջատեն ինտերնետից, Հայաստանն առնվազն երկու այլընտրանքային կապուղի ունի։
«Մի գործոն էլ գոյություն ունի՝ Իլոն Մասկի «Սթարլինք» համակարգը, որը հնարավորություն է տալիս մատչելի գնով՝ այսօր արդեն ամսական 110 դոլարով արբանյակային ալեհավաքի միջոցով միանալ համակարգին, այնուհետև ինտերնետ կապին։ Նույն բանը չենք կարող ասել միջին ասիական հանրապետությունների մասին, նրանց մոտ այլընտրանք գործնականորեն շատ դժվար է գտնել»,- առանձնացրեց Սաղյանը։