Հայաստանը աշխարհի 188 երկրների շարքում 84-րդ տեղն է զբաղեցրել Մարդկային զարգացման ինդեքսում, որը 2016 թվականի արդյունքներով կազմվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի զեկույցի հիման վրա: Ինչպես տեղեկացնում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնի կայքին, մարդկային ներուժի զարգացման վերաբերյալ զեկույցը մարտի 21-ին ներկայացվել է Ստոկհոլմում:
Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել հետևյալ չափորոշիչները՝ մարդկանց կյանքի տևողությունը, բնակչության կրթության մակարդակը, բնակչության մեկ շնչին ընկնող համազգային համախառն եկամուտը, սոցիալական պաշտպանվածության մակարդակը, առողջապահությունը, հանցավորության մակարդակը, շրջակա միջավայրի պահպանությունը և այլ գործոններ:
Զեկույցի հաձաձայն, մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Նորվեգիայում, Ավստրալիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Դանիայում: ԱՄՆ-ը տասներորդ տեղում է, Ռուսաստանը՝ 49-րդ, Բելառուսը՝ 52-րդ, Ղազախստանը՝ 56-րդ: Հայաստանն ու Ուկրաինան բաժանել են վարկանիշի 84-րդ դիրքը:
Վարկանիշի վերջին հորիզոնականներն զբաղեցրել են Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Նիգերը և Չադը:
Զեկույցում նշվում է, որ 1990-2015 թվականներին աշխարհի բոլոր տարածաշրջաններում «մարդկային զարգացման» միջին ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են, սակայն մեր մոլորակի բնակչության մեկ երրորդը դեռևս ապրում է նվազագույն թույլատրելի մակարդակից ցած պայմաններում: Զեկույցի հեղինակները նշել են, որ աղքատությունը միայն զարգացող երկրների խնդիրը չէ. արդյունաբերապես զարգացած պետություններում ավելի քան 300 մլն մարդ ապրում է ծայրահեղ չքավորության պայմաններում: Առանձնապես ծանր վիճակում են հայտնվել բնակչության խոցելի խմբերը՝ կանայք ու աղջիկները, գյուղաբնակները, Էթնիկական ու սեռական փոքրամասնությունները, հաշմանդամները, միգրանտներն ու փախստականները: