Հայաստանում այս տարի զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացման շրջանակներում նախատեսվել է զբոսաշրջային վայր չհանդիսացող պատմամշակութային հուշարձաններն ու բնության հատուկ պահպանվող տարածքները զբոսավայր դարձնելու առնվազն 20 ծրագրի մշակում, հաստատում և իրականացում: Ապրիլի 15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցած «Էկոտուրիզմը Հայաստանում» գիտաժողովի բացման ելույթում ասաց ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
«Հայաստանն ունի զբոսաշրջության և էկոտուրիզմի լուրջ հեռանկարներ և միջազգային զբոսաշրջային շուկայում կարող ենք առաջարկել բազմաբնույթ զբոսաշրջային արդյունք, այդ թվում նաև էկոտուրիզմում»,- ընդգծեց Զեյթունցյանը:
Նրա խոսքով` զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից իրականացվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ: «Այս շրջանակներում կատարելագործվում է նաև զբոսաշրջության ոլորտի օրենսդրական դաշտը, հատուկ տեղ է հատկացվում նաև էկոտուրիզմի զարգացմանը: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակն է զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով նպաստել բնական ռեսուրսների պահպանությանը, ռացիոնալ օգտագործմանը»,- ասաց Զեյթունցյանը: