Ծովակում 42 տարեկան տղամարդուն խայթած օձի տեսակը դեռ մնում է վիճահարույց
Advertisement 1000 x 90

Ծովակում 42 տարեկան տղամարդուն խայթած օձի տեսակը դեռ մնում է վիճահարույց

Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում անցած ուրբաթ օրը օձի խայթոցի դեպք էր գրանցվել, որի արդյունքում 42-ամյա տղամարդը Վարդենիսի հիվանդանոցում ստացել էր համապատասխան բուժօգնություն:Արտառոցը ոչ թե օձի խայթոցի դեպքն էր, այլ այն, որ օձի տեսակը նմանեցվել էր գյուրզայի, որի բնակությունը Գեղարքունիքի մարզի տարածքում կենդանաբանները սովորաբար բացառում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ փրկարարական ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, իրենց կողմից մոտ 20 սանտիմետր երկարություն ունեցող օձի տեսակը պարզելու համար այն ուղարկվել է մայրաքաղաք՝ մասնագիտական հետազոտության, ինչի արդյունքում էլ մասնագետները հայտնել են, որ խայթող օձը գյուրզա է:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների եւ դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը, Գեղարքունիքի մարզում իրենք գրանցած ունեն ընդամենը 1 տեսակի թունավոր օձ՝ լեռնատափաստանային իժը, իսկ ահա գյուրզայի եւ այլ տեսակի թունավոր օձերի գոյությունը Գեղարքունիքում բացառվում է:«Լուսանկարում ներկայացված օձը հենց ինքն է՝ լեռնատափաստանային իժը, որը տարածված է Գեղարքունիքի մարզում , որը մարդիկ շփոթել են գյուրզայի հետ»,-ներկայացրեց Արամ Աղասյանը: Իսկ ահա ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանի ներկայացմամբ՝ գյուրզայի ձագը կարող էր ինչ-ինչ ճանապարհներով հայտնվել Գեղարքունիքում:

«Ամենահավանական տարբերակն այն է, որ Արցախից կամ Հայաստանի տաք կլիմա ունեցող այլ մարզերից փայտ կամ այլ ապրանքներ կրող մեքենաների հետ գյուրզաները կարող են հայտնվել մեր մարզում: Ամեն դեպքում, մեր կողմից հարցված մասնագետները հայտնել են, որ քաղաքացուն խայթած օձը գյուրզա է: Այն դեռ պահպանվում է մեզ մոտ, եւ կարող ենք ներկայացնել լրացուցիչ ուսումնասիրման՝ նրա տեսակը հստակեցնելու համար»,-հավաստեց Գարիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան