Ինչպե՞ս սկսել առավոտը, որ օրը հաջողված լինի. «45 րոպեի» կանոնը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս սկսել առավոտը, որ օրը հաջողված լինի. «45 րոպեի» կանոնը

Թույլ տվեք գուշակել Ձեր մտքերը վերին նախադասությունը կարդալուց հետո. «Ես ժամանակ չունեմ նույնիսկ նախաճաշելու, ի՞նչ 45 րոպեի մասին է խոսքը»:

Այո, բոլորիս քաջ ծանոթ իրավիճակ է: Մենք սարսափահար վեր ենք թռնում անկողնուց, գիտակցելով, որ կրկին ուշանում եք, սրընթաց հագնվում և նախաճաշում ենք, տնից դուրս վազում: Այդ դեպքում, ինչո՞ւ ենք զարմանում, որ ամբողջ օրն էլ անց ենք կացնում նմանատիպ վազքի մեջ՝ նյարդայնացած և բորբոքված: Միևնույն ժամանակ, Դուք կարող եք բոլորովին այլ կերպ կազմակերպել Ձեր կյանքը: Դրա համար անհրաժեշտ է իմանալ և հետևել միայն մի քանի պարզ կանոնների, որոնք էլ մենք կներկայացնենք սույն հոդվածում:

Այսպիսով, ինչպե՞ս անցկացնել Ձեր առաջին առավոտյան ժամը, որպեսզի ամբողջ օրը հանգիստ և արդյունավետ անցնի:

  • Արթնանալ որքան հնարավոր է շուտ

Հին ժամանակներում մարդիկ հավատում էին, որ բոլոր կարևոր գործերն անհրաժեշտ է կատարել վաղ առավոտյան, քանի որ վախը դեռևս քնած է այդ ժամերին: Մեզանից յուրաքանչյուրը նկատած կլինի, որ այն գործը, որը դեռ երեկոյան թվում էր բարդ ու ծավալուն, առավոտյան ավելի արագ է կատարվում՝ առանց որևէ մտավախության և ուշացման: Բացի այդ, օրվա սկզբում և օրվա վերջում Ձեր հնարավորությունները տարբերվում են: Հետևաբար, փորձեք առավելագույնի հասցնել առավոտվա տևողությունը և արթնացեք առնվազն մեկ ժամ շուտ: Սակայն դա արեք, ոչ թե քնի տևողության կրճատման հաշվին, այլ պարզապես վերանայեք Ձեր ժամանակացույցը:

  • Առավոտյան մարզանք (15 րոպե)

Այո, այն մարդիկ, ովքեր լրջորեն զբաղվում են սպորտով, առավոտյան մարզանքի այս տևողությունը կհամարեն ծիծաղելիորեն կարճ: Սակայն սովորական մարդու համար, նույնիսկ նման կարճատև մարզանքը կարող է լուրջ փորձություն դառնալ և սկզբնական դժվարությունների հանգեցնել:

  • Մտակենտրոնացում (10 րոպե)

Առավոտյան մարզանքից հետո ժամանակ գտեք հանգստանալու և լավ օրվան տրամադրվելու: Մեր ուղեղը ոչ պակաս, քան մեր մարմինը, խնամքի կարիք ունի, և մտակենտրոնացումը լավագույն գործիքներից մեկն է: Գիտական հետազոտությունները բազմիցս ապացուցել են, որ մտակենտրոնացումը փոխում է մեր գիտակցությունը, նվազեցնում է սթրեսը, բարելավում է ուղեղի գործունեությունը և հոգեզգացմունքային վիճակը: Ընդամենը 10 րոպե օրական ծախսելով՝ ստանում եք նմանատիպ բոնուս: Վատ չէ:

  • Գրառումներ արեք օրագրում (10 րոպե)

Այժմյան իրականության մեջ ամեն օր գրառումներ կատարելը լայն տարածում է գտնում, և դա պատահական չէ: Օրագիր պահելը դյուրին և միաժամանակ արդյունավետ միջոցներից մեկն է՝ իմաստալից կյանք վարել սկսելու և արտադրողականությունը բարձրացնելու համար: Զգացմունքները, ձեռքբերումները, նոր գաղափարները գրի առնելն օգնում է դրանք վերաիմաստավորել, ավելի հստակ ձևակերպել, և հանդիսանում է առաջին քայլ՝ մտածածն իրականացնելու գործում: Անշուշտ, ամեն առավոտ սոցիալական ցանցերից ոչ անհրաժեշտ լուրերի նոր խմբաքանակ ընթերցելու փոխարեն, ավելի է լավ է օրագիր վարել:

  • Պլանավորում (10 րոպե)

Գրեթե բոլոր գործարարները հասկանում են իրենց օրվա պլանավորման կարևորությունը: Նպատակներ, առաջնահերթություններ հստակ սահմանելը, անհրաժեշտ գործողությունների որոշակի հաջորդականություն պարզելը կօգնի Ձեր յուրաքանչյուր օրը հնարավորինս արդյունավետ դարձնել:

Կան բազմաթիվ պլանավորման մեթոդներ, սակայն մենք առաջարկում ենք լավագույն տարբերակը: Պարզապես Ձեր ցուցակից ընտրեք պարտադիր կատարմանն ենթակա երեք կարևորագույն առաջնահերթությունները: Անմիջապես աշխատավայր ժամանելուց հետո սկսում եք առաջադրանքներ կատարելը հենց այս կարճ ցուցակից, և ոչ մի այլ գործով չեք զբաղվում: Այս մոտեցումը թույլ է տալիս հստակորեն բացահայտել ամենակարևոր նպատակները և ջանքեր գործադրել դրանք լուծելու ուղղությամբ:

Ինչպես տեսնում եք, ճիշտ առավոտյան բաղադրատոմսը իրականում բարդ չէ, բաղկացած է ընդամենը 5 բաղադրիչներից, և դրա պատրաստումը կտևի 45 րոպեից ոչ ավելի: Իսկ այնուհետև, ամբողջ օրվա ընթացքում, Դուք կըմբոշխնեք արդյունավետ և հաջող օրվա համը:

blog.skill.am