«Յանդեքս» ընկերությունը գործարկել է առցանց-քարտեզների խմբագրող ծառայություն հայերեն լեզվով: Սա առաջին տեղայնացված քարտեզն է, և օգտատերերն առաջին անգամ կկարողանան մայրենի լեզվով խմբագրել երթուղիները, ճանապարհներն ու փողոցները:
Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ համացանցից օգտվողները «Յանդեքս» որոնողական համակարգի քարտեզները մայրենի լեզվով խմբագրելու հնարավորություն ունեն: Այդ մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց «Յանդեքսի» գեոտեղեկատվական բովանդակության խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը:
Նրա խոսքով` հայերեն իմացող ցանկացած անձ կարող է մուտք գործել քարտեզների խմբագրող ծրագիր, նկարել նոր օբյեկտներ, նշել սեփական տունը, տան մերձակայքը, ճանապարհները, շենքերը, խանութները և այլն:
«Բոլոր այս փոփոխությունները փորձառու մոդերատորների ստուգումներից հետո հինգ օրվա ընթացքում կերևան Յանդեքս-քարտեզների վրա: Ներկա պահին Յանդեքս-քարտեզն ամենաճշգրիտ և մանրամասն տեղեկությունն է հաղորդում Հայաստանի մասին` հաշվի առնելով երկրի բարդ ռելիեֆն ու աշխարհագրական առանձնահատկությունները»,- ասաց Կալաշնիկովը:
Նա նշեց, որ քարտեզները կարող է խմբագրել ով ցանկանա. դրա համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում:
«Հայաստանն ունի 1002 բնակավայր, որոնցից յուրաքանչյուրը նշված են երեք լեզվով` հայերեն, ռուսերեն և անգլերեն: Ի դեպ, հայ օգտատերերը շահագրգռված են, որ Հայաստանի առցանց-քարտեզի վրա ֆրանսիական անվանումներ հայտնվեն: Այնպես որ, եթե ցանկություն կա, ապա օգնեք մեզ այդ հարցում»,- ասաց Կալաշնիկովը:
Հայաստանի քարտեզից կամ նավիգատորից ամեն ամիս օգտվում է շուրջ 100 000 մարդ: Իսկ դա օգնում է նշել երթուղին, շրջանցել խցանումները, փողոցներում իրականցվող շինարարությունը և այլն:
Նիկոլայ Կալաշնիկով
«Ի դեպ, մեր քարտեզների վրա կան ավելի քան 300 տեսանկարահանող սարքի, արագաչափի տեղակայման կետեր, այդ պատճառով կոնկրետ երթուղիով երթևեկելիս այն կարող է նախազգուշացնել դրանց տեղակայման վայրը: Դա կօգնի վարորդին խուսափել խախտումներից և խնայել գումարը»,- պարզաբանեց Sputnik Արմենիայի զրուցակիցը:
Ըստ նրա` օգտատերերը կարող են առցանց ռեժիմում ճշտության մեծ հավանականությամբ տեսնել և գտնել այն, ինչ ցանկանում են:
Ծառայության ռուսալեզու տարբերակի շնորհիվ օգտատերերն արդեն լրացրել են Գյումրու, Արենիի, Գորիսի, այլ քաղաքների և գյուղերի քարտեզները, ինչպես նաև ճշգրտել Երևանի սխեման: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի քարտեզի վրա ավելի քան 400000 փոփոխություն է կատարվել: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը ճշգրտումների քանակով 4-րդ տեղն է զբաղեցնում:
«Յանդեքսի» որոնողական համակարգում հայկական քաղաքների քարտեզները հայտնվել են 2015 թվականին: