Ներկայացնում ենք Արթուր Գրիգորեանի հրապարակումը, նվիրված օրվա խորհրդին:
Այսօր Ուսանողության միջազգային օրն է: Սիրելի ուսանողներ շնորհավորում եմ բոլորիդ: Ցանկանում եմ քաջ առողջություն, մեծ երջանկություն ու բազում հաջողություններ անձնական կյանքում և ուսման մեջ: Դուք եք երկրի շարժիչ ուժը, ձեզանով է զորեղ մեր հայրենիքը: Պատվով ու պատասխանատվությամբ կրեք երկրի շենացման գործում ձեր բաժին բեռը: Այս միջազգային տոնի հիմքում հենց հայրենասեր ուսանողներն են, միշտ գերազանցեք նախորդ սերունդներին:
Տոնի հիմքը դրվել է 1939թ.-ին, երբ հոկտեմբերի 28-ին՝ ֆաշիստների կողմից գրավված Չեխոսլովակիայում, ուսանողները և դասախոսները դուրս են եկել փողոց, որպեսզի նշեն Չեխոսլովակիայի պետության կազմավորման (1918-ի հոկտեմբերի 28) տարեդարձը։
Այդ ժամանակ ուսանողական խաղաղ ցույցը ցրվում է զավթիչների կողմից, ինչի ընթացքում գնդակահարվում է բժշկական ֆակուլտետի ուսանող Յան Օպլետալը:
Ուսանող Յանի հուղարկավորությունը վերածվում է բողոքի ակցիայի, ձերբակալվում են տասնյակ ուսանողներ, իսկ նոյեմբերի 17-ի վաղ առավոտյան գեստապոյականներն ու էսէսականները շրջապատում են ուսանողական հանրակացարաններ։
Շուրջ 1200 ուսանող ձերբակալվում և ուղարկվում է Զաքսենհաուզենի համակենտրոնացման ճամբար: Տասնյակ ուսանողներ ու շարժման ակտիվիստներ բանտի պատերից ներս՝ առանց դատի, ենթակվում են մահապատժի։ Հիտլերի հրամանով չեխական բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները փակվում են մինչև պատերազմի ավարտը։
Երկու տարի անց, Լոնդոնում տեղի է ունենում ֆաշիզմի դեմ պայքարող ուսանողների միջազգային հանդիպում, որի ժամանակ որոշվում է ի հիշատակ նահատակ հայրենասեր ուսանողների նոյեմբերի 17-ը ամեն տարի նշել որպես ուսանողի օր։
1946 թվականի նոյեմբերի 17-ին՝ Պրահայում ընթացող Ուսանողների համաշխարհային կոնգրեսը այդ օրը հռչակում է Ուսանողության միջազգային օր։