Բնության հատուկ պահպանվող տարածքները դա պետության կողմից բնության տարբեր տարածքներում որևէ տնտեսական գործունեության սահմանափակումը կամ առհասարակ արգելումն է օրենսդրությամբ, որն ուղղված է կենսաբազմազանությունը և էկոհամակարգերը պահպանելուն:
Բնության հատուկ պահպանվող տարածքների շնորհիվ ապահովվում են եզակի էկոհամակարգերի, հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող, էնդեմիկ, ռելիկտային տեսակների պահպանությունը և վերարտադրությունը բնական միջավայրում:
Բնության հատուկ պահպանվող տարածք կարող են լինել մակերեսային և ստորերկրյա ջրավազները, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի առանձնացված տեղամասերը:
Հայաստանի Հանրապետությունում կա բնության հատուկ պահպանության 4 տեսակ՝
պետական արգելոցներ
ազգային պարկեր
պետական արգելավայրեր
բնության հուշարձաններ
Արգելոց
Բնության կամ ջրային տարածքի հատուկ պահպանման տեղամաս, որն ունի գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։
Ազգայինպարկ
Բնության հատուկ պահպանվող տարածք, բևապահպանական, գիտահետազոտական պետական հիմնարկ, օրենքով սահմանված, առանձնացված գիտական, կրթական, բնապահպանական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիայի և այլ արժեքներ ներկայացնող տարածք, որը ստեղծվում է բնական պաշարների, լանդշաֆտների, բնության ու պատմամշակութային հուշարձանների պահպանության, հանգստի և ճանաչողական, զբոսաշրջության կազմակերպման ու տնտեսական գործունեության նպատակներով։
Արգելավայր
Բնության հատուկ պահպանվող տարածք, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝ բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։
Հայաստանիարգելոցները
Շիկահողիարգելոց
Հհիմնվել է 1958 թվականին։ Այն գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում` Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին` Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800 մ բարձրություններում։ Տարածքը կազմում է մոտ 10 330 հեկտար: Կազմավորվել է կաղնու, բոխու, հաճարենու, սովորական կենու, սոսու անտառների և կենդանիների պահպանության նպատակով։ Շատ են լեռնային գետակները և հանքային աղբյուրները:
Բուսական աշխարհը հարուստ է Կովկասյան տիպի խոնավասեր բույսերով, ջերմախոնավասեր ծառաթփային տեսակներով ու խոտաբույսերով։ Բազմաթիվ են էնդեմիկ տեսակները: Տարածքի մոտ 94 տոկոսն անտառապատ է։ Այնտեղ տարածված են արևելյան հաճարենին, արևելյան սոսին: Կան նաև վայրի պտղատու ծառատեսակներ` տանձենիներ, արևելյան խնձորենիներ, հունական վայրի ընկուզենիներ և այլն:
Արգելոցի տարածքում սողուններից հայտնի են գյուրզան, ջրային և սովորական լորտուները, դեղնափորիկը, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը։ Թռչուններից տարածված են վայրի հնդկահավը, քարարծիվը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից` գորշ գայլը, գորշ նապաստակը, լայնականջ ոզնին, երբեմն բեզոարյան այծը և հովազը: Կենդանիներից շատերը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:
Խոսրովի անտառ արգելոց
Խոսրովի անտառ արգելոցը գտնվում է Խոսրովի անտառի պատմական տարածքի վրա, որը Հայոց արքա Խոսրով Բ Կոտակի կողմից 4-րդ դարում հիմնադրված որսատեղ է։ Հետագայում՝ 1958 թվականին ձևավորվում է որպես արգելոց: Գտնվում է Արարատի մարզում՝ Գեղամա լեռնավահանի, Տասանորդի, Երանոսի լեռնաշղթաների, Իրից, Խոսրովասար լեռների լանջերին՝ Ազատ և Վեդի գետերի ավազաններում: Զբաղեցնում է 27,000 հեկտար տարածություն: Սկիզբ է առնում Արաքս գետի ափից, Դվինի մոտակայքում և ձգվում է մինչև Ազատ գետը:
Տարածված է անտառային, կիսաանապատային, լեռնաչորային և հատկապես միջերկրածովյան տիպի բուսականություն։ Տարածքի մոտ 64%-ը զբաղեցնում են լեռնաչորասեր բույսերը, 16%-ը՝ անտառները, 20%-ը՝ թփուտները։ Խոսրովի անտառ արգելոցի զարդը մնացուկային բազմապտուղ գիհու և խոշորառէջ կաղնու նոսրանտառներն են, որոնց ուղեկցում են սովորական և կլորատերև հացենին, սովորական արոսենին, թխկու և տանձենու տարբեր տեսակներ։ Շատ են գիհու և փռշնու, գիհու և արոսենու, գիհու և տանձենու խառը անտառակները:
Ջրավազաններում ապրող ձկներից հայտնի են կարմրախայտը, թռչուններից՝ քարակաքավը, սպիտակագլուխ անգղը, կաթնասուններից՝ վայրի ոչխարը՝ մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը, լայնականջ ոզնին, լուսանը, առաջավորասիական ընձառյուծը:
Էրեբունի արգելոց
Կազմավորվել է 1981-ին ՀՀ Կոտայքի մարզում ՝ Գեղադիր գյուղի մոտ՝ կիսաանապատային և լեռնատափաստանային գոտիների անցումային հատվածում՝ ծովի մակերևույթից 1300-1450 մ բարձրություններում՝ դաշտավլուկազգիների վայրի ազգակիցների (մասնավորապես վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդի) պահպանության նպատակով։ Այժմ արգելոցը զբաղեցնում է 120 հա տարածք։
Տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի վայրի ցորենի 4 տեսակից 3-ը (արարատյան, ուրարտու և միահատիկ)` ներտեսակային մեծ բազմազանությամբ (շուրջ 110 տարատեսակ):
Կենդանական աշխարհն ընդգրկում է երկկենցաղներ` կանաչ դոդոշ, լճագորտ, փոքրասիական ծառագորտ, սիրիական սխտորագորտ, սողուններ` անդրկովկասյան գյուրզա, ոսկեգույն տրախիլեպիս, սահնօձի տարբեր տեսակներ, միջերկրածովյան կրիա և այլն, թռչուններ` լորը, մոխրագույն կաքավը, տատրակը, բազեն, կաթնասուններ` աղվես, աքիս, կզաքիս, գայլ, գորշուկ, փորսուղ, բազմաթիվ կրծողներ և այլն:
Ամբողջությամբ՝ armgeo.am