Երևանի քաղաքապետարանի և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ կյանքի կոչվող Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցով: Ավարտը նախատեսվում է 2018 թվականի տարեվերջին: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ արդեն իրականացվել են ճանապարհի հողային պաստառի, երկմակարդակ հանգույցների հենապատերի և կամուրջների կառուցման, ինչպես նաև հաղորդուղիների` կենսապահովման ենթակառուցվածքների փոխարինման աշխատանքները:
«Երևանի քաղաքապետարանը վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով էականորեն նպաստել է կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը: 2017 թվականի ապրիլից մեկնարկած Դավթաշեն-Աշտարակի խճուղի նոր ավտոճանապարհն այս առումով ևս իր կարևոր նշանակությունը կունենա և մաս կկազմի մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի»,-տեղեկացրին քաղաքապետարանից:
Անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհը կունենա 6 երթևեկելի գոտի՝ 28 մետր լայնությամբ և շուրջ 5,4 կմ երկարությամբ: Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածը շահագործման հանձնելուց հետո մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանը նոր ճանապարհով կմիանա Աջափնյակ վարչական շրջանի Երևանի արևմտյան մուտքին՝ Աշտարակի խճուղուն։ Ճանապարհահատվածն ուղիղ կապ կհաստատի Չավուշի փողոց-Աշտարակի խճուղի և Հալաբյան փողոց-Եղվարդի խճուղի հանգույցների միջև և կապահովի անընդհատ երթևեկություն՝ առանց լուսացուցային կարգավորման:
Անընդհատ երթևեկությունն ապահովելու նպատակով կկառուցվեն երկմակարդակ տրանսպորտային հանգույցներ:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին նաև, որ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» շրջանակներում 2017 թ. մեկնարկել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինարարությունը։ Մինչ աշխատանքների մեկնարկը տարածքում իրականացվել են լայնածավալ պեղումներ՝ ստուգելու պատմամշակութային ժառանգություն համարվող Կարմիր բլուրի տարածքի հնագիտական շերտերը։
Շինարարական աշխատանքները ներառում են Հրազդան գետի վրայով 257մ երկարությամբ նոր մետաղական կամրջի և մոտ 2,7 կմ երկարությամբ երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի կառուցում: Կամրջի տակ տեղադրվելու է ջրի և նավթայուղերի մշտականզտիչ՝ նավթայուղերի հոսքը դեպի գետ կանխելու համար: Նոր ճանապարհն ունենալու է մոտ 24 մ լայնությամբ երթևեկելի հատված՝4-6 երթևեկելի գոտիներով: Կառուցվող ճանապարհահատվածը կունենա միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր արտաքին լուսավորություն՝ լուսադիոդային (LED) լուսատուներով:
Մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2020 թվականին, ինչի արդյունքում Երևանը կունենա հյուսիսային և հարավային մուտքերն ու Երևանի Շենգավիթ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր ճանապարհ, որը զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը: