Օգտակար տեղեկություններ Արևմտյան Հայաստան այցելողների համար
Advertisement 1000 x 90

Օգտակար տեղեկություններ Արևմտյան Հայաստան այցելողների համար

Նարեկ Սարգսյանի հրապարակումը.

Վերջին ժամանակներս Արևմտյան Հայաստան այցելելու մասին ինձ շատերն են հարցնում։ Որպեսզի առանձին-առանձին չպատմեմ, որոշեցի նոր ճամփորդողների համար մի համառոտ ակնարկ գրել։ Չնայած պատմելու գայթակղությանը, ստիպված եմ շատ հետաքրքիր մանրամասներ բաց թողնել և կենտրոնանալ միայն ամենակարևոր տեղեկությունների վրա։

Դեպի Արևմտյան Հայաստան ճանապարհորդելու մի քանի տարբերակ կա։ Ամենահեշտը տուր-կազմակերպություններին դիմելն է, օրինակ Akhtamar Tour / Ախթամար Տուր-ը, Hamshen Tour – Համշեն Տուր-ը և Anitour-ը շատ հետաքրքիր տուրեր են կազմակերպում։ Եթե դուք չեք ուզում ձեր կյանքը բարդացնել, այս ապա սա ձեզ համար լավագույն տարբերակն է։

Սակայն պատրաստի տուրով գնալը նաև իր անհարմարությունն ունի` մեծ խմբի մեջ դուք ճկուն չեք, չեք կարող ընտրել թե ուր գնալ, որտեղ ինչքան ժամանակ անց կացնել, շեղվել ճանապարհից ևն։ Ազատ գրաֆիկով ճամփորդելը բոլորովին այլ փորձառություն է և համեմատելի չէ ոչ մի պատրաստի «մենյուով» տուրի հետ։ Հիմա` հերթով։

ՎԻԶԱ, ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (Այս և մնացած բոլոր տվյալները 2017-ի դրությամբ են)
Թուրքիայի վիզա ստանալը հեշտ է։ https://www.evisa.gov.tr կայքում վիզա պատվիրելը կտևի երկու-երեք րոպեից ոչ ավելի։ Նշում եք ձեր տվյալները և վիզան ստանում էլ. փոստով։ ՀՀ քաղաքացիների համար օնլայն վիզայի արժեքը 15 դոլար է, որը վավերական է 6 ամիս։ Այդ ընթացքում սահմանը կարող եք հատել բազմակի անգամ, միայն թե այցելության օրերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 30-ը։ Վճարումը` կրեդիտ քարտերով։ Օնլայն վիզան պետք է անցակետում ներկայացնել տպված վիճակում։ Եթե օնլայն վիզա չունեք, ապա սահմանակետերում վիզա ստանալ նույնպես հնարավոր է։ Սակայն այդ դեպքում արժեքը 25 դոլար է, իսկ վավերականության ժամկետը` 30 օր։

Թուրքիայում պարտադիր է ապահովագրել մեքենաները։ Արժեքը շուրջ 60 դոլար, վավերականությունը` 3 ամիս, մուտքը` բազմակի։ Ապահովագրությունը կատարվում է սահմանային անցակետում։ Այդ գործողության և մեքենայի ստուգումների համար սահմանի վրա նախատեսեք ոչ պակաս քան 2 ժամ։ Պլանավորեք այնպես, որ սահմանը անցնեք առավոտյան շատ շուտ կամ երեկոյան ուշ, որպեսզի խուսափեք հերթերից։

GOOGLE MAP
Օտար ճանապարհներին սեփական մեքենայով կողմնորաշվելու համար լավագույն օգնականը Google map (քարտեզ) հավելվածն է։ Անհրաժեշտ է սմարթֆոնի մեջ ներբեռնել ձեր նախընտրած տարածքների Offline map-ը և առանց ինտերնետային կապի ձեր ձեռքի տակ կլինեն գրեթե բոլոր ճանապարհները և այցելության վայրերը։ Ընդ որում եթե վայրերը ՆԱԽՕՐՈՔ, մինչև ճամփորդության մեկնարկը նշեք google map-ի ձեր հաշվի վրա, ապա ճանապարհին բավականին ժամանակ կխնայեք։ Գլխացավանքից խուսափելու համար ձեզ հետ անպայման հեռախոսի և պլանշետի արտաքին լիցքավորիչ (powerbank) վերցրեք։

ԵՐԹՈՒՂԻՆԵՐ ԵՎ ՔԱՂԱՔՆԵՐ
Ինչպես գիտեք հայ-թուրքական սահմանը փակ է։ Վրաց-թուրքական երեք անցակետ կա` Բաթումով Ախլցխայով և Ախլքալաքով (Կարծախով)։ Այս վերջինը ամենահարմարն է Հայաստանից այցելելու դեպքում։ Այն բացվել է շատ վերջերս` 2015 թվականին, որով զգալի հեշտացել է Հայաստանից այցելությունները` ճանապարհը կրճատվել է 100-200 կմ-ով։ Ի դեպ Google map-ում այս ճանապարհը «փակ» է։ Եթե օրինակ գրեք Երևան-Կարս, google-ը ձեզ ցույց կտա ոչ թե Կարծախով, այլ Ախալցխայով տարբերակը։ Չզարմանաք։ Հայաստանից մինչև Կարծախի անցակետ շուրջ 250 կմ է և տևում է մոտ 4,5 ժամ։ Կարծախը հայաբնակ գյուղ է, որտեղ ի դեպ նաև Աշուղ Ջիվանու տուն-թանգարանն է։
Հայաստանի տարածքում վերջին գազալցակայանը Աշոցքում է։ Վրաստանի տարածքում վերջին բենզալցակայանը անցակետի մոտ է` 500 մետր չհասած։ Կարող եք վճարել թե՛ դրամով, թե՛ լարիով։ Նպատակահարմար է այդտեղ էլ մեքենան լիցքավորել լիքը, քանի որ Թուրքիայում բենզինը անհամեմատ ավելի թանկ է։ (Այս սայտում տես բենզինի այժմեական գները ըստ երկրների` http://www.globalpetrolprices.com/gasoline_prices/)

Թուրքիայի տարածքում ճանապարհները բարձր որակի են և անվտանգ։ Արագաչափեր ու ՃՈ աշխատակիցներ անձամբ ես չեմ հանդիպել։ Սահմանը հատելուց հետո առաջին գյուղը Չըլդըրն է։ Չըլդըրից Կարս գնալու համար երկու ճանապարհ կա` որից մեկը Վերին Ծովակն (Չըլդր գյոլ) լճի ափով, որը նեղ, բայց բավական լավ ճանապարհ է, մյուսը` Կարս-Արդահան նորակառույց արագընթաց մայրուղով։ Վերին Ծովակնը ամեն ինչով նման է Սևանա լճին` միայն թե մակերեսով 10 անգամ փոքր է։ Այդ ճանապարհով առնվազն մեկ անգամ արժե անցնել։

ԿԱՐՍԸ արտակարգ հետաքրքիր գավառական քաղաք է։ Կարևորագույն տեսարժան վայրերն են` բերդը (Kars Kalesi), Ս. Առաքելոց վանքը (Merkez Kümbet Cami) և Վարդանի (քարե) կամուրջը (Taş Köprü)։ Դրանք իրար մոտ են` քաղաքի հյուսիս-արևմտյան մասում։ Փակագծերի միջի անուններով google map-ում գտնեք։ Բացի սա, արտակարգ հետաքրքիր են նաև Կարսի հին շենքերը, որոնք հիշեցնում են Գյումրին։ Որոշ շենքերի ճակատերին կարելի է հայկական տառեր գտնել։ Որոշ դեպքերում նաև շենքերի կառուցման տարեթվերն են պահպանված։ Կարսում կարելի է շատ երկար շրջել։ Իսկ գիշերելու դեպքում Hotel kent Ani-ն հարմար տարբերակ է։

ԱՆԻի ավերակներ այցելության մասին մանրամասն գրել եմ https://www.facebook.com/NarekSargsyan4/posts/386820101732227գրառմանս մեջ։ Ուստի հիմա բաց եմ թողնում։

ԲԱՅԱԶԵԴը գիշերակացի համար հարմար հանգրվան է։ Քանի որ եթե միջին տեմպով գնալու լինեք, ապա գարնանը և աշնանը Երևանից Վան ճանապարհին առավոտյան 3-ին դուրս գալու դեպքում մութն կընկնի հենց Բայազեդում։ Արարատի տեսարանը չհաշված հիմնական տեսարժան վայրը Իսահակ փաշայի շքեղ պալատն է, որը պարտադիր պետք է այցելել։ Գտնելու համար google map-ում նշեք է İshak Paşa Sarayı։ Բայազեդում հարմար է Grand Derya Hotel-ը։

Ի դեպ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ։ Թուրքիայի քաղաքներում հյուրանոցները բավական մատչելի են։ Booking.com կամ նմանատիպ կայքերով կարող եք նախօրոք համար պատվիրել։ Իմ նշած քաղաքներում 20-40 դոլարով ձեզ երկտեղանոց միջին որակի համար կտրամադրեն` ներառյալ նախաճաշը։ Բայց նախօրոք պատվիրելը պարտադիր չէ։ Մեր փորձը ցույց է տալիս, որ տեղում պատվիրելը ավելի էժան է։ Եթե ինտերնետային կապը ձեզ համար կարևոր է, Հյուրանոցը պատվիրելիս նախօրոք տեղեկացրեք, որպեսզի ձեզ լավ կապով սենյակ տան։

Հաջորդ քաղաքը` ՎԱՆ։ Բայազեդից դեպի Վան E99 մայրուղին 2017-ի նոյեմբերին անակնկալ փակ էր։ Ստիպված մեծ շրջան կատարեցինք ու ահագին ժամանակ կորցրինք։ Չեմ կարծում, որ այդ ճանապարհը երկար փակ մնա, բայց նախորոք հյուրանոցի աշխատողից ճշտելը հաստատ չի խանգարի։ Վանի առաջին տեսարժան վայրը «Վանա Կատուների տունն է»։ Դա Վանի համալսարանական ավանում է և պետք է այցելել մինչև բուն քաղաք մտնելը։ Google Map-ում փնտրեք Van Kedisi Evi անունով։ Արժե անպայման այցելել։ Կարևոր է գնալ Վանի Բերդը (Castle Of Van)։ Մյուս տեսարժան վայրը Վարագավանքն է (Yedi Kilise)` Վանից 30 րոպե հեռավորության վրա։ Ցավոք սրտի վանքից շատ քիչ բան է պահպանվել։

Վանի կենտրոնը Kazım Karabekir բուլվարն է և Cumhuriyet փողոցը, որտեղ էլ հիմնական խանութներն են, ռեստորանները և հյուրանոցները։ Կարելի է երկար զբոսնել, մանավանդ երեկոները։ Վանը Էրզրումից հետո պատմական Մեծ Հայքի, ներկայիս Արևելյան Անատոլիայի ամենամեծ քաղաքն է։ Երկու քաղաքների բնակչությունն էլ կես միլիոնի սահմանում է։ Վանում արժե երկար մնալ, շատ ջերմ քաղաք է։

Վանի գլխավոր հետաքրքրություններից մեկը ՄՀԵՐԻ ԴՈՒՌՆ է կամ ԱԳՌԱՎԱՔԱՐԸ։ Դա մի բացառիկ ժայռափոր ուրարտական արձանագրություն է (Mherին հարցրեք` կասի) և անպայման արժե տեսնել։ Եթե տեղը անգիր չգիտեք, նկարագրելոով ոչ մի կերպ չեք գտնի։ Քարտեզում էլ ոչ մի կերպ նշված չէ։ Գտնելու համար պետք է google map-ում տպել հետևյալը տեղադրույթունը` 38.516968,43.389016, որը ձեզ անմիջապես կտանի ՄՀԵՐԻ ԴՌԱՆ վրա։

Վանի շրջանի գլխավոր նպատակակետը իհարկե ԱՂԹԱՄԱՐ կղզին է։ Սրա մասին տեղեկատվությունը շատ է, ուստի չեմ ծանրանում։ Միայն ասեմ, որ եթե այլ տուրիստական խումբ չկա, ապա առանձին նավ վարձակալելու համար գանձվող վճարը 50 դոլար է (հուսով եմ ճիշտեմ հիշում)։

Նշեմ ևս երեք տեսարժան վայր, որի վրա տուրիստական երթուղիները թերևս ժամանակ չեն ծախսում` Կարմրավանքը (Karmravank Monastery) և Վանա լճի մյուս կղզիների հայկական վանքերը` Կտուցի վանքը և Սուրբ Գևորգը։ Առաջինը Աղթամարից հետո է` դեպի Դատվան (Tatvan) ճահապարին` մի փոքր շեղումով։ Իսկ կղզիների վանքերը Բայազետից գալու դեպքում պետք է այցելել ՄԻՆՉԵՎ Վան հասնելը։ Google Map-ում պարզ կտեսնեք։

ՄՈՒՇ։ Գլխավոր փողոցը` Atatürk բուլվարն է։ Մեզ համար հետաքրքիր է Սուրբ Մարինե եկեղեցին։ Դա նույնպես հեշտ չէ գտնել, տեղադրությունը հիմա ձեռքիս տակ չկա։ Գտնելուն պես կտեղադրեմ մեկնաբանության մեջ։

Մուշից Բինգյոլ ճանապարհին հետո Սուրբ Կարապետ եկեղեցին է (Google map-ում կգտնեք հայերեն անունով)։ Էրզրում գնալու դեպքում դա բավականին մեծ շեղում է ճանապարհից։ Ինչպես Վարագավանքի դեպքում, այստեղ էլ վանքից քիչ բան է պահպանվել։ Էրզրումի ճանապարհին անպայման պետք է կանգ առնել Սուլուխի կամրջի մոտ (Murat Historic Bridge), որտեղ զոհվել է Գևորգ Չաուշը։
Ի դեպ Կարսը, Իգդիրը, Բայազեդը, Վանը, Մուշը հիմնականում քրդաբնակ քաղաքներ են։

ԷՐԶՐՈՒՄի ամենակարևոր տեսարժան վայրերը հետևյալներն են` Lala Mustafa Pasha մզկիթը, Էրզրումի բերդը (Erzurum Castle), երեք դամբարանները (Üç Kümbetler), Սանասարյան վարժարանի շենքը (Kongre Binası (23 Temmuz 1919), The double minaret madrasah-ը, Yakutia Madrasa, Lala Paşa Cami-ն։ Գլխավոր փողոցը Cumhuriyet փողոցն է։ Բոլոր այս վայրերը իրար բավականին մոտ են, բացի Սանասարյան վարժարանից։ Էլի հետաքրքիր տեղեր կան, բայց սրանք կաևորներն են, աշխատեք առանց շտապելու բոլորը տեսնել։

ՏԱՅՔ։ Մեծ հայքի պատմական ՏԱՅՔ նահանգը ձգվում է Էրզրումից դեպի հյուսիս։ Այստեղ ես կառանձնացնեի չորս քաղքեդոնական եկեղեցի, որոնք իմ կարծիքով առանձնապես հետաքրքիր են։ Առաջինը Խախուվանքն է։ Google map-ում կգտնեք 40.512464, 41.455247 տեղադրությամբ կամ պարզապես կարելի է այցելել Bağbaşı գյուղ։ Երկրորդը` Օշկավանքն է (Öşvank Manastırı), երրորդը` Իշխանի վանքը (Google map-ու, կգտենք հայերենով)։ Վերջինը` Օթխթայի վանքն է (Չորսի եկեղեցին) Գուգլում կգտնեք Dörtkilise անունով։ Այս վանքերը այցելելու համար դուք կանցնեք Թորթոմի ջրամբարով։ Ճանապարհին անպայման արժե կանգ առնել տեսնելու Թորթոմի հզոր ջրվեժը (Tortum Şelalesi)։

ԱՐԴԱՀԱՆը բավական մոտ է Վրաց-Թուրքական սահմանին և ճամփորդությունը կարելի է սկսել նաև Արդահանից։ Կարևոր տեսարժան վայրը Արդահանի բերդն է(Ardahan Kalesi)։ Քաղաքում 19-րդ դարի շենքեր կան, բայց ավելի քիչ, քան Կարսում։ Արդահանը Կարսից զգալիորեն փոքր է։

Այսպիսով երթուղու մի տարբերակը հետևյալն է` Կարս- Բայազեդ-Վան- Մուշ-Էրզրում-Արդահան։

Ահա մեկ այլ երթուղի – Կարս – Էրզրում – Օլթի – Արդահան։ Այս երթուղին անցնում է Սարիղամիշով և Հորասանով։ Ճանապարհին պարտադիր պետք է կանգ առնել Հովվի կամրջի մոտ (Çobandede Köprüsü), որը կառուցված է Արաքս և Բասեն գետերի միախառնման տեղի վրա։ Օլթիից Արդահան ճանապարհին կարելի է այցելել նաև Բանակի տաճարի ավերակները (Bana Cathedral)։

Շատ հետաքրքիր կլինի գնալ նաև ՀԱՄՇԵՆ, բայց դա այնքան ծավալուն թեմա է, որ դրան հարկ կլինի առանձին անդրադառնալ։

Հասկանալի է, որ նշվածս բոլոր պատմաճարտարապետական վայրերը եթե ոչ անհնար, ապա աննպատակահարմար է այցելել մի անգամից։ Յուրաքանչյուրը պետք է ընտրի իրեն հետաքրքրողը` իհարկե բացառությամբ «պարտադիր այցելության վայերի», որոնց մասին խոսեցի։

Իմ կարծիքով Արևմտյան Հայաստան այցելելը կարևոր է։ Շատ միֆեր ցրվում են։ Ճանաչողությունը մարդուն դարձնում է լայնասիրտ և ապագայի նկատմամբ վստահություն է ներշնչում։ Եվ վերջապես դա օգնում է խորապես հասկանալ մեր սեփական երկիրը` Հայաստանը։ Օգնում է գնահատել ունեցածը։ Հասկանալ, որ ի հեհճուկս կորուստների մեզ հաջողվել է փրկել դրախտային մի անկյուն։



Նման նյութեր