Սաբիհա Գյոկչեն
Advertisement 1000 x 90

Սաբիհա Գյոկչեն

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Թուրքիայի ազգային հերոս Սաբիհա Գյոկչենի կյանքը:

Հայերի ցեղասպանության ժամանակ շատերը բռնի իսլամացան: Քիչ չէին նաև անձինք, ովքեր իսլամ ընդունեցին «կամավոր»` իրենց կյանքն ու ինչքը փրկելու համար: Ցեղասպանությունից մազապուրծ շատ հայեր, ովքեր հայտնվեցին մահմեդականների ընտանիքներում կամ ոչ հայկական որբանոցներում, անդարձ կորան հայության և Հայաստանի համար: Միայն մեր օրերում, ցեղասպանությունից դար անց շատերը վերադառնում են նախնյաց հավատքին ու ինքնությանը: Բայց ցավոք, նրանք չնչին տոկոսն են կազմում հարյուր հազարավոր կորուսյալների, ովքեր ոչ միայն հավերժ հեռացել են հայությունից, այլև այսօր թուրքի ու Թուրքիայի հպարտությունն են մարմնավորում: Նրանցից է Սաբիհա Գյոկչեն, ով հայասպան Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակն էր և Թուրքիայի պատմության առաջին կին օդաչուն, ազգային հերոս: Սաբիհան նաև աշխարհում առաջին կին ռազմական օդաչուն էր: Նրա անունով է կոչվում Անկարայի օդանավակայանը:

Սաբիհա Գյոկչենի մասին առաջինը գրեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը: Նրա հոդվածը իսկական պայթյուն և խուճապ առաջացրեց թուրքական հասարակության մեջ: Անգամ «Ակոսի» հոդվածը մի քանի անգամ վերատպեց թուրքական «Հյուրիյեթ» օրաթերթը: Թուրքերն ամենուր հայ էին որոնում: Հրանտ Դինքը Գյոկչենի մասին հրապարակումով խարխլեց թուրքական հասարակության հավատքի հանգանակը: Թուրքերը, որ այդպես հիանում ու հպարտանում էին իրենց հերոսով, ոչ միայն խոր հիասթափություն ապրեցին, այլև շատերն իրենց աչքերն ավելի լայն բացեցին, և սկսեցին որոնել իրենց արմատները, հասկանալու համար, թե ով են իրականում:

Թուրքական պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Սաբիհա Գյոկչենը ծնվել է 1913 թվականի մարտի 22-ին Բուրսայում: Նրա հայրը համարվում էր ոմն Մուստաֆա Իզեթ, մոր անունը Հայրիեն էր: Նա վաղ տարիքում կորցրել է ծնողներին, մնացել ավագ եղբոր խնամքին: 1925 թվականին նրան որդեգրել է Բուրսա ժամանած Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը և իր հետ Անկարա տարել: Հենց Քեմալի կամքով էլ Սաբիհան ռազմական կրթություն է ստացել և օդաչու է դարձել: Սա պաշտոնական վարկածն է:

Իրականում Սաբիհա Գյոկչեն ծնվել է Այնթապի Զիբին գյուղում: Ցեղասպանության ժամանակ կորցնելով ծնողներին, նա հայտնվեց թուրքական որբանոցում:
Սաբիհայի մասին 2004 թվականին տպագրվեց «Ակոս» օրաթերթում: Համաձայն «Ակոսի»` երևանաբնակ Հռիփսիմե Սեբիլջյանը հայտարարել է, որ Սաբիհա Գյոկչենն իր հարազատ մորաքույրն է: Հռիփսիմեն թերթին պատմել է իր մոր` Տիրուհի Սեբիլջյանի պատմությունը:

Տիրուհի Սեբիլջյանի հայրը` Ներսեսը, և մայրը` Մարիամը, Այնթապից էին և զոհվել են ցեղասպանության ժամանակ` 1915 թվականին: Ծնողների մահից հետո նրանց անչափահաս աղջիկները` Տիրուհի և Խաթուն Սեբիլջյանները հայտնվել են թուրքական որբանոցում, որտեղից էլ Խաթուն Սեբիլջյանին որդեգրել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

1946 թվականին Տիրուհի Սեբիլջյանը Սիրիայից այլ հայերի հետ ներգաղթում է Խորհրդային Հայաստան: Նա շարունակ ցանկացել է կապ պահպանել իր անվանի քրոջ հետ, սակայն նրա փորձերն ապարդյուն են անցել: Սաբիհան չի արձագանքել…

Իրականում ինքը` Սաբիհա Գյոկչենն իմացել է իր հայկական ծագման մասին: Այդ մասին ինչպես նշում է պատմաբան Ռուբեն Մելքոնյանն իր «Հայերի բռնի իսլամացումը ցեղասպանության տարիներին» գրքում, է վկայել է թուրքահայ լեզվաբան, պատմաբան Բարս Թուղլաջին (Բարսեղ Թուղլաջյան): Անվանի պատմաբանը մտերիմ է եղել Սաբիհայի հետ և հաճախ է շփվել հետը: Նրա վկայությամբ, Սաբիհան անգամ մի քանի հայերեն բառեր է հիշել և արտասանել իրենց զրույցի ժամանակ:

Ինչևէ, Սաբիհայի հայկական արմատների մասին որևէ այլ արժանահավատ փաստ ցավոք, չունենք: Չնայած, Սաբիհա Գյոկչենը ժամանակին առնչվել է հայությանն ու հայկական խնդրին նաև «մասնագիտական տեսանկյունից»` որպես մարդասպան ենիչերի: Նա 1938 թվականին իր կործանիչով ռմբակոծել է Դերսիմի ապստամբներին` օգնելով թուրքական բանակին վերահսկողություն սահմանել Դերսիմում, ճնշել ալևիների ապստամբությունն ու նոր ցեղասպանություն իրագործել այնտեղ:

Ինչևէ… «Ակոսի» հրապարակումից հետո թուրքական հասարակությունն այնքան էր ցնցված, որ հատուկ հայտարարությամբ հանդես եկավ նաև թուրքական բանակի Գլխավոր Շտաբը, որ բնականաբար Սաբիհա Գյոկչենի հայկական ծագման մասին վարկածն ու խոսակցությունները համարեց անհեթեթություն:



Նման նյութեր