2001-2008 թթ. 50 հայերի վերաբերյալ Բուլղարիայի տարբեր նախարարներ քաղաքացիություն շնորհելու միջնորդություններ են ներկայացրել: Դրանց հիմքը գլխավորապես եղել է այդ հայերի ավանդը բուլղարական տնտեսության, մշակույթի, արվեստի ու սպորտի բնագավառում: Արդյունքում բոլորն էլ ստացել են քաղաքացիություն: Բուլղարիայում քաղաքացիություն շնորհելու հրամանագիրը ստորագրում է երկրի փոխնախագահը:
Բուլղարիան խորհրդարանական կառավարման համակարգով հանրապետություն է, այսինքն՝ երկրի կառավարման գլխավոր լծակները հանձնված են վարչապետին: 2002-2012 թթ. բալկանյան երկրի նախագահը Գեորգի Պրվանովն էր, փոխնախագահը՝ Անգել Մարինը: Երբ 2009-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվեց նոր կառավարություն, խորհրդարանում ստեղծվեց հանձնաժողով՝ ուսումնասիրելու, մասնավորապես, գործող նախագահի ու փոխնախագահի գործունեությունը: Այս հանձնաժողովն էլ հրապարակեց այն օտարերկրացիների ցանկը, ում համար 2001-2008 թթ. քաղաքացիություն շնորհելու միջնորդություններ են ներկայացվել:
Օտարերկրացիները կարող են Բուլղարիայի քաղաքացի դառնալ տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ տնտեսության մեջ ներդրում կատարելով: Տարբերակներից մեկն էլ երկրին մատուցած ծառայությունների, վաստակի դիմաց քաղաքացիություն ստանալն է. այս պարագայում, ի տարբերություն մյուս դեպքերի, անձը պարտավոր չէ հրաժարվել նախորդ քաղաքացիությունից, պարտադիր չէ նաեւ, որ նա երկրում մի քանի տարի ապրած լինի:
Հանձնաժողովի հրապարակած ցուցակներում (դրանք երկուսն են. մեկում 2001-2005 թթ. կազմված գործերն են, մյուսում՝ 2006-2008 թթ.) աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների անուններ կան, որոնցից 50-ն ազգությամբ հայ է: Նրանց գերակշիռ մասը դիմելու պահին ներկայացված է որպես ՀՀ քաղաքացի: Ցուցակներում նշված են տվյալ անձի գործի համարն ու տարեթիվը, քաղաքացիություն շնորհելու մասին փոխնախագահի հրամանագրի համարն ու ամսաթիվը, միջնորդող նախարարի անունը, միջնորդության հիմքը, ինչպես նաեւ խորհրդարանական հանձնաժողովի դիտողությունները:
Ահա թե վերը նշված տարիներից յուրաքանչյուրում որքան գործ է կազմվել հայերի վերաբերյալ (խոսքը միայն երկրի առաջ ունեցած վաստակի համար տրվող քաղաքացիության հայտերի մասին է). ամենաակտիվ տարին եղել է 2003 թ.:
Ամբողջությամբ՝ hetq.am