Գետը՝ փշալարից այն կողմ. chai-khana.org (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գետը՝ փշալարից այն կողմ. chai-khana.org

Արաքս գետով է անցնում Հայաստանի հարավային սահմանն Իրանի հետ: Այն հոսում է խիստ հսկվող փշալարի երկայնքով: Սամվել Դավթյանը միշտ երազել է լողալ ընդամենը երկու քայլ այն կողմ հոսող գետում:

«Երեխա ժամանակ որքան կարող էի, մոտենում էի գետին, բայց այն փշալարի մյուս կողմում էր։ Մի անգամ ընկերոջս հետ կամրջով անցանք դեպի Իրան, շուկայում մի քիչ պտտվեցինք, բայց վերադարձին սահմանապահը մեզ վրա գոռաց»:

Երիտասարդ անհոգ տարիներն անցան, սակայն Դավթյանի` Արաքսում լողալու երազանքն այդպես էլ չիրականացավ։ Այժմ 63-ամյա Սամվելն իր ժամանակն անցկացնում է հայրենի Արաքսաշենում՝ ընտանիքի և նռնենիների այգու հետ միասին:

Գետը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Հատելով այն՝ հարյուր հազարավոր հայեր են փրկվել 1915-ի Ցեղասպանությունից և դրան հաջորդող պատերազմներից։ Արաքսը սնում է նաև բերրի Արարատյան դաշտը։

Այդուհանդերձ, գետի ջրերն անհասանելի են ինչպես Արաքսաշենում, այնպես էլ ավելի հյուսիսում։ Իրականում գետի միայն մի մասն է Հայաստանով հոսում, այն էլ՝ մի ափը։ Միջպետական սահմանն անցնում է հենց գետով, սակայն ԽՍՀՄ տարիներին տեղադրված ցանկապատը հայկական ափին է։ Հայաստանցիները փշալարի ու պետական սահմանի (գետի մեջտեղի) միջև ընկած տարածքում ձուկ բռնել և գյուղատնտեսությամբ զբաղվել կարող են միայն անցաթուղթ ունենալու դեպքում, որի տրամադրումը շատ պարզ գործընթաց է։

Արաքսը սակայն միակ բանը չէ, որից զրկված են Արաքսաշենի բնակիչները։ Նախկինում Մեղրիով անցնող գործող երկաթուղին կապում էր այն մայրաքաղաք Երևանի հետ: Երկաթուղին անցնում էր Նախիջևանով, և ղարաբաղյան պատերազմի ընթացքում այն փակվեց։ Երկաթուղին չվերաբացվեց կամ Երևանի հետ կապող այլընտրանքային ուղի չկառուցվեց։ Ուստի Հայաստանի հարավում՝ ժայռերի մեջ գտնվող Մեղրիի մեկուսացումը խորացավ։

Ավելի հյուսիսում՝ Թուրքիայի հետ սահմանին, գետը սնում է Արարատյան դաշտը։ Գետի անունով են կոչվում մի շարք գյուղեր՝ Երասխ, Երասխավան, Երասխահուն, Արաքս և Արազափ։

Վերջինը, ինչպես անունն է հուշում, գտնվում է հենց Արաքսի ափին, չնայած գետից, ինչպես Մանվել Հարությունյանն է ասում, առանձնապես օգուտ չունեն։ Մի շարք բնակավայրեր գրեթե կպած են թուրքական սահմանին, օրինակ` Մարգարայից սահման մոտ 200 մետր է։ Ինչպես Արաքսաշենում, այստեղ ևս բնակիչները հսկվող փշալարից այն կողմ գտնվող հողամասեր կարող են մուտք գործել ռուսական ստորաբաժանման կողմից տրամադրվող համապատասխան անցաթղթով միայն։

«Այո, մենք գետափին ենք ապրում, բայց չենք կարող հենց այնպես վեր կենալ ցանկացած պահի, գնալ և մի դույլ ջուր բերել»,- ասում է 53-ամյա գյուղապետը։

Իսկ մինչ մարդիկ արհեստական սահմաններ են գծում, Արաքսը մեղմորեն հոսում է` խորհրդանշելով սահմաններ չճանաչող բնությունը:

31-ամյա Անի Սիմոնյանը ֆոտոխցիկի առջև կեցվածք է ընդունում Փոքր Վեդիում, որը Թուրքիայի սահմանից 8 կմ հեռավորության վրա է: Գյուղը հաճախ հենց Խոր Վիրապ են անվանում՝ 642թ. կառուցված համանուն վանքի անունով:

Զույգը քայլում է դեպի Խոր Վիրապի վանքը՝ նշելու հարսանիքը: Արաքսը հոսում է մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ բնական սահման ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև:

Խոր Վիրապի՝ հարդարված բեղերով աշխատողը հյուրերի հետ սպասում է հարսանեկան արարողությանը։

Ամբողջությամբ՝ chai-khana.org



Նման նյութեր