19–րդ դարի վերջին Եգիպտոսը նվաճելու փորձեր էին անում օսմանյան թուրքերը, բրիտանացիներն ու ֆրանսիացիները։ Այդ երկրում մի հայ էր ապրում, որին հարգում էին թե թուրքները, թե եվրոպացիները։ Նա հայտնի էր որպես այդ երկրի խնդիրները լուծող պատվարժան քաղաքացի։ Փայլուն դիվանագետի կենսագրությանն է անդրադառնում Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը։
1825 թվականին լույս աշխարհ եկավ Իզմիրի վաճառական Մկրտիչ Մելիքյանի որդին։ Մկրտիչն ամուսնացած էր Պողոս Յուսուֆյանի հարազատ քրոջ հետ։ Յուսուֆյանը նույնպես Զմյուռնիայից էր, սակայն ոչ թե առևտրական, այլ նախարար էր ու փոխսուլթան Մուհամեդ Ալիի` Եգիպտոսի լիիրավ կառավարչի, անձնական քարտուղարը։ Ալին ալբանացի էր։ Մկրտչի որդուն Նուբար կոչեցին։
Բնականաբար, նման բարեկամությունը կլիներ չօգտագործել սեփական շահերի համար, և Մկրտիչը համեստություն չարեց։ Նա ընդլայնեց իր առևտրի աշխարհագրությունը Եգիպտոսում։ Աշխատանքային ուղևորություններից մեկի ժամանակ հայրն իր հետ տարավ նաև որդուն։ Տղան բավական խելացի և աշխույժ էր, նա այնքան դուր եկավ Պողոս բեյին, որ վերջինը որոշեց անձամբ զբաղվել Նուբարի դաստիարակությամբ։
Նուբարին սկզբում ուղարկեցին ուսանելու Շվեյցարիա, այնուհետև Ֆրանսիա` Թուլուզի ճիզվիտական վարժարան։ Ճիզվիտները պատանու վրա առանձնակի տպավորություն չգործեցին, սակայն նա հիանալի կրթություն ստացավ և Եգիպտոս վերադառնալով` հարազատ քեռու մոտ սկսեց քարտուղար աշխատել։
Նուբարը 20 տարեկան էր, երբ դարձավ Աբաս փաշայի անձնական քարտուղարը։ Պապի` Մուհամեդի մահից հետո Աբասն էր կառավարում Եգիպտոսը։ Երիտասարդը Լոնդոն մեկնեց, որտեղ փայլուն պաշտպանեց Եգիպտոսի և մասնավորապես Մուհամեդի ընտանիքի իրավունքները թուրք սուլթանի հավակնություններից։ Նուբարն ապացուցեց իշխանության ժառանգորդության իրավունքը Մուհամեդի տոհմի համար և Եգիպտոս վերադառնալով` արժանացավ փաշա պատվավոր կոչմանը. այդուհետ նրան սկսեցին Նուբար փաշա անվանել։
Նման կոչումն, իհարկե, ոչ միայն բարոյական պարգև էր, այլև լրացուցիչ իրավունքներ և հնարավորություններ էր տալիս, չէ՞ որ նա Եգիպտոսի լիազոր նախարար էր դարձել։ Աբասի մահից հետո նրան փոխարինելու եկած Մուհամեդ Սաիդ փաշայի կարճատև կառավարման օրոք,Նուբարն ավարտին հասցրեց Կիպրոսից մինչև Սուեզ հասնող երկաթգծի կառուցումը։
Հաջորդ կառավարիչը Նուբար փաշայի ընկերն էր` Իսմայիլ փաշան, նրանք գրեթե հասակակիցներ էին։ 1858 թվականին Նուբարը միայն իրեն հայտնի պատճառներով համառորեն պնդեց, որ Իսմայիլը գնացք չնստի։ Այդ գնացքով մեկնեց Իսմայիլի ավագ եղբայրը` արքայազն Ահմեդը, որը և զոհվեց երկաթուղային վթարի հետևանքով։
Իսմայիլը Նուբարին իր ամենավստահելի մարդն էր համարում և կարևոր առաքելությամբ նրան Կոստանդնուպոլիս ուղարկեց. Նուբարը պետք է պաշտոնապես ձևակերպեր Իսմայիլի` Եգիպտոսի կառավարչի իրավունքների ստանձնումը Օսմանյան սուլթան Աբդուլ Ազիզի մոտ։ Հայտնի չէ, թե ինչն էր ավելի կարևոր` այդ փաստաթղթերի ձևակերպո՞ւմը, թե՞ այն, որ Նուբարը պետք է թույլտվություն ստանար Սուեզի ջրանցքը կառուցելու համար։ Բացի թույլտվությունից, Նուբարը, լինելով արդեն արտգործնախարար, հասավ նրան, որ սուլթանը հսկայական ներդրումներ արեց այդ ջրանցքը կառուցելու համար, ինչն արդեն մեծ հաջողություն էր։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am