Շվեյցարական և բրազիլական համալսարանների գիտնականների միջազգային խումբը չի նկատել ոչ մի տարբերություն «էմալը քայքայումից պաշտպանող», «էմալն ամրացնող» կամ «ատամների զգայնությունը նվազեցնող» մածուկների և սովորական մածուկների միջև։ Բացի այդ, պարզվել է, որ բոլոր մածուկները նույն կերպ են հղկում և դրանցից ոչ մեկն ունակ չէ կանգնեցնել էմալի «ծերացումը»։
Կարիեսի դեպքում էմալը հայտնվում է բակտերիալ ֆերմենտների ազդեցության տակ, բայց երբեմն մեխանիկական էրոզիան բերում է նրան, որ դենտինը «մերկանում» է և ատամը զգայուն է դառնում տաքի, սառի և դիպչելու նկատմամբ։ «Դենտինի մերկացման և զգայնության առաջացման պատճառներից մեկը էմալի քայքայումն է, որը տեղի է ունենում, երբ մենք մաքրում ենք ատամները։ Այդ պատճառով մեր հետազոտության համար ընտրել ենք այն ատամի մածուկները, որոնք խոստանում են պայքարել էրոզիայի կամ զգայնության հետ»,-պարզաբանել է հետազոտության հեղինակներից Սամիրա Ելենա Ժոաո Սաուզան (Samira Helena João-Souza)։
Գիտնականներն ատամնաբուժական կլինիկայից վերցված մարդկային ատամները ենթարկել են մաքրման հինգ ցիկլերի՝օգտագործելով Եվրոպայում և Բրազիլիայում հայտնի «հակաքայքայիչ» և «զգայնությունը նվազեցնող» 9 ապրանքանիշեր և մեկ սովորական մածուկ և չափել են էմալի քայքայումը: Պարզվել է, որ բոլոր փորձարկված մածուկներն, այսպես թե այնպես, նպաստում են էմալի քայքայմանը և դրանցից ոչ մեկը չի պաշտպանում էմալն էրոզիայից և «ծերացումից»։ Ավելին, տարբեր ապրանքանիշերի մածուկների միջև տարբերությունն այնքան աննշան է եղել, որքան «պաշտպանող» և վերահսկող մածուկների տարբերությունը։
Հոդվածի հեղինակները պնդում են, որ ատամի մածուկը պետք է օգտագործվի իր նշանակությամբ` ծառայի որպես թույլ հղկող նյութ և օգնի հեռացնել սննդամթերքի մնացորդները ատամներից, ինչպես նաև ախտահանի ատամների և լնդի մակերևույթը: Սակայն այն չի կարելի օգտագործել որպես դեղամիջոց էմալի քայքայման կամ բարձր զգայնություն ունեցող ատամների պարագայում։ Ժոաո Սաուզիի խոսքով, էմալը քայքայումից պաշտպանել կարող է օգնել միայն երեք կանոնների պահպանումը՝ ժամանակին ստոմատոլոգի մոտ հաճախելը, ատամների կանոնավոր հիգիենան և սնվելու ռեժիմը։ Մածուկի պաշտպանության վրա հիմնվել, գիտնականների խոսքով, չի կարելի։