Ես չեմ հասկանում մեխանիզմը, թե ինչպես կարող է դեղատունը ատկատ ստանալ ինքն իրենից: Այս մասին մարտի 26-ին խորհրդարանում լսումների ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը՝ մեկնաբանելով բժիշկների այն կարծիքը, որ դեղերի բացթողնման նոր կարգը կոռուպցիոն ռիսկերը չի նվազեցնում, այլ դեղատներ է տեղափոխում:
Նշենք, որ նոր կարգի համաձայն՝ բժիշկն իրավունք չունի դեղատոմսը գրել դեղի բրենդային անվանումով, այլ միայն ազդող նյութով:
Սերգեյ Խաչատրյանը հիշեցրեց, որ բոլորին հայտնի է բժիշկների համագործակցության պրակտիկան տարբեր դեղարտադրողների հետ, եւ հենց այս պրակտիկան արմատախիլ անելու համար է նաեւ նորմն ընդունվել՝ այլ երկրների փորձի ուսումնասիրման հիման վրա:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում բժիշկներից ստացվող հիմնական բողոքը հանգում է նրան, որ «բժշկի մակարդակով կոռուպցիոն ռիսկերից խուսափելով՝ թույլ չտալով թղթի կտորի վրա դեղ դուրս գրել, մենք այս ռիսկերը տեղափոխում ենք դեղատներ: Եվ ինձ զարմացրեց այն փաստը, որ այս մասին ասում էր մի կազմակերպություն, որը պայքարում է կոռուպցիայի դեմ, այն դեպքում, երբ այսօր հենց այս մակարդակում զգալի ռիսկեր կան»:
«Զարմանալի է, որ մտածում ենք, թե դեղատունը, որը վաճառք է իրականացնում, պետք է դրա համար ատկատ ստանա: Ես այդ մեխանիզմը չեմ հասկանում, ինչպե՞ս կարող է դեղատունը, որը դեղեր է վաճառում, որն ինքն է խթանում, որ մարդկանց իրենց մոտ ուղարկեն դեղ գնելու, կարող է ինքն իրենից ատկատ ստանալ: Ես այդ մեխանիզմը չեմ հասկանում: Եվ այս պատճառով ցանկանում եմ ձեզնից շատ կոնկրետ, հստակ առաջարկներ ստանալ»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ med.news.am