Մարդիկ գենետիկորեն այնպես են ծրագրավորված, որ արյունակիցներին հանեն պոտենցիալ սեքսուալ զուգընկերների թվից: Եվ դա անում են ըստ քրտնահոտի, պնդում է Բեռնի համալսարանից բժիշկ Կլաուս Վեդեքինդը:
Բժիշկ Վեդեքինդը մասնագիտանում է հյուսվածահամատեղելիության գլխավոր համալիրի (ՀՀԳՀ) հետազոտության ուղղությամբ՝ գեների ընտանիք, որոնք կարևոր դեր են կատարում մարդու իմունիտետի զարգացման մեջ: ՀՀԳՀ մեջ ներդրված տեղեկությունն անհրաժեշտ է, մասնավորապես, օրգանների փոխպատվաստման ժամանակ՝ որոշելու համար, թե արդյոք համընկնում են դոնորի և ընդունողի գենետիկ մարկերները: Ստացված տվյալները կարելի է օգտագործել նաև արյունակցական կապերը հայտնաբերելու համար:
«1976 թվականին ես գիտական հոդված կարդացի այն մասին, թե ինչպես է ՀՀԳՀ-ն ազդում մկների մեզի հոտի վրա, որը հրապուրում է սեռական զուգընկերներին,- ասել է Վեդեքինդը: – Հետազոտության հեղինակները եզրակացրել էին, որ այս մեխանիզմը թույլ է տալիս խուսափել արյունապղծությունից: Ենթադրությունն ինձ հետաքրքիր թվաց»:
Գիտնականի խոսքով՝ այս պաշտպանական մեխանիզմը շատ վաղուց է առաջացել, այն ժամանակներում, երբ մարդիկ մոտ 100 մարդուց բաղկացած ցեղախմբերով էին ապրում, և ցեղակիցների միջև գենետիկ կապը ոչ միշտ էր հստակ: Այդ ժամանակներից ի վեր միջանձնային հարաբերությունների ձևաչափերը փոխվել են, սակայն «յուրային-օտար» գենտիկ մարկերներին էվոլյուցիան չի առնչվել: Ինչը մեզ համար բարեբախտություն է, հավելում է Վեդեքինդը:
Եթե բարոյականության տեսակետից մոտ արյունակիցների միջև սեքսուալ կապերը մինչ օրս բանավեճի հարց են, ապա գիտությունն այս հարցում իր դատավճիռն արդեն կայացրել է՝ դա բացարձակապես անթույլատրելի է: Ինբրիդինգը զգալիորեն մեծացնում է սերունդի մոտ գենետիկ շեղումների առաջացման և վաղաժամ մահվան հավանականությունը: Ուստի մարդկանց օգտակար կլինի իմանալ՝ զուգավորման իրենց զուգընկերն արդյոք արյունակցական գեների կրո՞ղ է, թե՞ ոչ:
Վեդեքինդը փորձ է անցկացրել, որը ստացել է «քրտնահոտ մարզաշապիկների թեստ» անվանումը: Հետազոտողը ուսանողների շրջանում ընտրել է 49 կնոջ և 44 տղամարդու, որոնց կեսը նման գների կրող էին: Աղջիկներին մարզաշապիկներ են բաժանել, որոնք հագել էին տղամարդիկ, և խնդրել են նշել այն շապիկները, որոնք, իրենց կարծիքով, լավ էին բուրում: Կին ուսանողների մեծ մասն ընտրել է այն մարզաշապիկները, որոնք պատկանել են «օտար» գեներով տղամարդկանց: «Մենք ենթագիտակցորեն նախընտրում ենք այն զուգընկերների հետ սեքսը, որոնք մեզ հետ գենետիկ ոչ մի կապ չունեն»,- մեկնաբանում է գիտնականը:
«Գենային ֆիլտրի» վերաբերյալ գիտական 34 հոդվածների ամփոփման հեղինակները եզրակացրել են, որ այս մեխանիզմը լուրջ ազդեցություն է ունեցել տղամարդկանց շատ սերունդների սեքսուալ վարքագծի վրա: Եվ շարունակում է ազդել նաև հիմա, համոզված է բժիշկ Վեդեքինդը: «Էվոլյուցիայի տեսակետից նման «պահպանակի» անհրաժեշտությունն այլևս չկա: Մենք մեծ խմբերով չենք ապրում, ինչպես նախկինում, և արյունակցի հետ կենակցելու հավանականությունն ավելի փոքր է, քան վաղեմի ժամանակներում: Այդուհանդերձ, մենք, միևնույն է, «ինքնավար» կարգով շարունակում ենք բնազդին ենթարկվել»,- հավելում է նա: