Կովկասյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավատացած է, որ Նիկոլ Փաշինյանը ի վերջո իշխանության կգա, սակայն նրա նշանակումը կդառնա Հայաստանում իրական ժողովրդավարություն հաստատելուն միտված երկար և դժվարին ճանապարհի սկիզբը: Քաղաքագետի հետ հարցազրույցը վարել է ֆրանսիական Liberation պարբերականի հատուկ թղթակից Վերոնիկա Դորմանը:
«Խորհրդարանում քվեարակությունը նշանակված է մայիսի 8-ին. Կամ Փաշինյանը կկարողանա ստանալ անհրաժեշտ ձայները, կամ խորհրդարանը կարձակվի, ինչը ամենալավ լուծումը չէ, քանի որ ընտրությունները կկազմակերպվեն գործող ընտրական հանձնաժողովի կողմից, և դա կլինի մեկ կամ մեկուկես ամիս անց, մինչդեռ Փաշինյանի ներկայացրած խմբակցությունը փոքրամասնություն է կազմում խորհրդարանում»,- նշել է Իսկանդարյանը:
Լրագրողի հարցին, թե որն է Փաշինյանի ծրագիրը, քաղաքագետը պատասխանել է, որ նա ծրագիր չի ներկայացնում, և դա շատ խելամիտ քայլ է, քանի որ ցանկացած ծրագիր կնվազեցներ նրան ցուցաբերած աջակցության մակարդակը: Եթե նա արտահայտվի Ռուսաստանի օգտին, շատերը նրան կդադարեն աջակցել, եթե հակառակն անի, մյուսները չեն աջակցի: Եթե խոսի լիբերալիզմի և ձախ գաղափարների մասին, դարձյալ դժգոհողներ կլինեն:
Փաշինյանը առաջարկում է համակողմանի և միավորող կարգախոսներ: Կոռուպցիայի դեմ տրամադրված են բոլորը. նա կիրառում է ձախերի դիսկուրսը՝ հարստության վերաբաշխում, խոշոր ընկերությունների մենաշնորհի դեմ պայքար, հավասարություն և այլն: Խնդիրն այն է, որ փողոց դուրս եկած մարդիկ երջանկություն են ուզում, սակայն Հայաստանը երեք օրում Շվեյցարիա չի դառնա. նրանք, անկասկած, կհիասթափվեն: «Փաշինյանը խելացի է, տաղանդավոր, հրաշալի հռետոր է, ով զգում է ամբոխին, սակայն նա երբեք կառավարման, կառույցների ստեղծման իմաստով քաղաքականությամբ չի զբաղվել: Նա պետք է սովորի աշախատանքի անցնելու օրվանից ի վեր, և այդ ժամանակ չափազանց կարևոր է, թե ովքեր են նրան շրջապատում: Հայաստանի խնդիրը առաջնորդի անձի մեջ չէ, այլ ուժերի հավասարաչափ բաշխման և կուսակցական համակարգի կատարելագործման մեջ»,- նշել է քաղաքագետը:
Միամիտ կլինի կարծել, որ բավական է կարգուկանոն հաստատել և արդարություն ապահովել, որպեսզի նույն պահին ներդրումներ արվեն երկրում: Խնդիրն այն է, որ Հայաստանի տնտեսությունը կառուցված է մենաշնորհի վրա: Անհրաժեշտ է հակակշիռների համակարգ ստեղծել, միմյանց վերահսկող ատյաններ, իրականում անկախ մամուլ, սակայն ստվերային տնտեսությունը հնարավոր չի լինի երկու ամսում արմատախիլ անել՝ նշել է Իսկանդարյանը: