Սոցիալական ցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան ներքաղաքական վերջին իրադարձությունների վրա:
Մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Փորձագետի կարծիքով` սոցցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան արտասահմանյան լրատվամիջոցներին տեղեկություն տրամադրելու առումով:
«Թվիթեր»-ն այս օրերին դարձավ շատ լուրջ գործիք, որովհետև անգլալեզու բովանդակությունը շատ օպերատիվ կերպով տարածվում էր դեպի դուրս, իսկ ռուսալեզու լսարանի համար տեղեկություն էր տրամադրում «Տելեգրամ»-ը: Եթե գլոբալ նայենք, սոցցանցերը չլինեին, ապա իրադարձությունները դանդաղ կզարգանային: Ինչ-որ պահի Փաշինյանը պարզապես «ուղիղ եթեր»-ով էր կոորդինացնում ակցիաները: Սա սոցիալական շարժում էր, ինչպես նաև՝ սոցիալական ցանցերի»,– ասաց Մարտիրոսյանը:
Անդրադառնալով այդ օրերին շրջանառվող տարբեր կեղծ լուրերին՝ Մարտիրոսյանը նշեց, որ կեղծ լուրերը շատ մեծ ազդեցություն չունեցան ներքաղաքական իրավիճակի վրա:
«Ադրբեջանում կա կեղծ լուրեր տարածողների մեծ բանակ, որոնք «Թվիթեր»-ում փորձում են Հայաստանը վարկաբեկել կամ Հայաստանի հասարակության վրա ազդել, բայց այս անգամ իրենք պասիվ էին գործում և ինչ-որ պահի ոչինչ չէին գրում: Կարծում եմ, դա պայմանավորված էր նրանով, որ մինչև իրենց քարոզչական կենտրոնում որոշում էին, թե ինչ պետք է գրել, Հայաստանում իրադարձությունները փոխվում էին, և պետք էր նորից ինչ-որ նոր բան մտածել»,- ասաց Մարտիրոսյանը:
Բացի այդ, ըստ Մարտիրոսյանի` ուղիղ եթերները կոտրեցին կեղծ նորություններ տարածելու հնարավորությունը:
«Գրեթե բոլորն ուղիղ եթերով հետևում էին իրադարձություններին, և դա կոտրեց կեղծ լուրեր տարածելու հնարավորությունը»,- նշեց Մարտիրոսյանը: