Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Լուսանկարում՝ Հայաստանի առաջին Հանրապետության 2-րդ կաբինետի անդամներն են, 1919 թիվ, Երևան, Անգլիական այգի: Նստած են՝ Ավետիք Սահակյան, վարչապետ Ալեքսանդր Խատիսյան, գեներալ Քրիստափոր Արարատյան։ Կանգնած են՝ Նիկոլ Աղբալյան, Աբրահամ Գյուլխանդանյան, Սարգիս Արարատյան:
Ընդամենը տաս օր հետո մենք, հուսով եմ, մեծ շուքով կնշենք Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման և մայիսյան հերոսամարտերի մեկդարյա հոբելյանը: 1918-1920 թթ. վերջապես անկախություն ձեռք բերած մեր այդ բազմաչարչար հանրապետությունը արտաքին մարտահրավերներին կարողացավ հերոսաբար դիմագրավել ընդամենը երկուսուկես տարի, բայց իրականում հենց այդ դժվարին պայմաններում գոյատևած անկախ երկրին ենք մենք իրականում պարտական այսօր գոյություն ունեցող Հայաստանով: Մի կարևոր հարցի եմ ուզում անդրադառնալ. կարծում եմ, որ սպասվող հոբելյանական արարողությունների ընթացքում պարտադիր պետք է շեշտվի մեր առաջին հանրապետության միջազգայնորեն պաշտոնապես ճանաչված ամբողջական վարչական տարածքը, իսկ դա կազմում է ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքի ուղիղ երկու անգամ ավելին՝ մոտ 60 հազար քառակուսի կիլոմետր:
1920-ին ռուս-թուրքական քաղաքական շահերի համընկման և համատեղ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի այդ կորսված, պատմականորեն բնիկ հայկական և Հայաստանի Հանրապետության անբաժան մասը հանդիսացող տարածքներն են հանդիսանում Կարսի մարզն ու Նախիջևանի երկրամասը: Նրանցից առաջինը 1920-ի հոկտեմբեր-նոյեմբերին ռազմակալեցին բոլշևիկների կողմից հովանավորվող Արևելյան Թուրքիայի քեմալական շարժան զորամիավորումները, իսկ երկրորդը՝ 1920-ի հուլիսի վերջին ռազմակալեց Ռուսաստանի բոլշևիկյան Կարմիր բանակը: Հայաստանի տարածների այդ բռնազավթումը հետագայում ամրագրվեց 1921-ի Մոսկվայի «ռուս-թուրքական բարեկամության և եղբայրության պայմանագրով», ըստ որի՝ Կարսի մարզն անցավ Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից նորաստեղծ Ադրբեջանին: