Թերթերից մեկը գրել է․
Սփյուռքի երիտասարդ նախարար Մխիթար Հայրապետյանին հարցրինք՝ ի՞նչ էկարծում, ինչո՞վ է պայմանավորված, որ հեղափոխությունից հետո կարծես ակտուալէ դարձել Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը նորից կարդալը և այսօրերին շատերն են վերընթերցում, ցիտում այն։ «Մի քիչ ավելի կոնկրետ, էլի, խնդրում եմ», շփոթվեց նախարարը։
«Կարդացե՞լ եք «Անասնաֆերմա» վիպակը»․ «Ոչ, դրա համար եմ ասում», ասացնախարարը։ «Լավ, ուրեմն խորհուրդ կտամ կարդալ, որ հետո պատասխանեքհարցիս»։ «Շատ շնորհակալ եմ, որ այլ խորհուրդներ լինեն, էլի կընդունեմ»,- սիրահոժար ասաց սփյուռքի նախարարը։
Ընդամենը այսքանը։ Ոչ մի ավել կամ պակաս բառ։ Սա, ինչպես կհասկանաք տեքստի բուն շեշտադրություններից, փոքրիկ հոդվածի տեսքով ներկայացրել են՝ ցույց տալու համար նախարարի անտեղյակությունը կամ, ավելի վատ՝ անկրթությունը։
Չգիտես՝ ինչու, մարդկանց թվում է, թե այս կամ այն ֆիլմն ու գիրքն է, որ պետք է ապացուցի ինտելեկտուալ ու զարգացած լինելը։ Եվ հենց այս սխալական մոտեցումն է, որ ստիպում է շատերին ցիտել ֆիլմեր ու գրքեր, որոնք նրանք չեն էլ հասկացել, բայց պարտավոր են դրանց վերնագրերն անգիր իմանալ, որովհետև, դե հասկանում եք, անունի ու «թասիբի» հարց է։
Շատերի մտածելակերպում այս խնդիրը մեխված է անգամ ենթագիտակցության մեջ։ Երբ մեկը, օրինակ, տեսել է որևէ աշխարհահռչակ, արդեն դասական դարձած ռեժիսորի ֆիլմ, ասենք՝ Ֆելինիի «Ամարկորդը» և առաջին անգամ դիտել է «ընդամենը» երեք օր առաջ, միշտ գտնվում է մեկը, որն ասում է․«Ո՜նց, դու էսքան ժամանակ էս ֆիլմը չէի՞ր տեսել, նո՞ր ես նայում»։ Այո’, նոր է նայում, ի՞նչ խնդիր կա։
Այո’, Մխիթար Հայրապետյանը չի կարդացել Օրուելի «Անասնաֆերման»։ Ե՞վ։ Աշխարհում կան միլիոնավոր գրողներ, որոնց ճնշող մեծամասնության անունը մենք չգիտենք անգամ։ Գրողների մի մասը գուցե վատ է գրում, մյուսները տաղանդավոր են ու հայտնի իրենց ու հարակից երկրներում, հիմա որքանո՞վ մենք կարող ենք մեզ ինտելեկտուալ համարել՝ Օրուելի «Անասնաֆերման» կարդալով, երբ աշխարհում գուցե կան շատ ավելի լավ ստեղծագործություններ, որոնց մասին գաղափար չունենք։
Ավելին, ցանկացած` գրքին իսկապես մոտ մարդ գիտի, որ կան ստեղծագործություններ, որոնք հատուկ տրամադրվածություն ու ժամանակ են պահանջում։ Օրինակ, Դոստոևսկուն սխալ պահի կարդալու դեպքում կարելի է նրան նույնիսկ չհավանել։ Բուլգակովի ենթատեքստերը հասկանալու համար պետք է կրոննեից փոքր-ինչ գլուխ հանել ու պատկերացնել ռուսական այն ժամանակաշրջանը, որի մասին նա գրել է։ Ու այսպես շարունակ։ Ստացվում է, որ, օրինակ, երեսունհինգից հետո առաջին անգամ Դոստոևսկուն «գիտակցաբար» կարդացող մարդը շատ ավելի «առողջ» ընթերցող է, քան տողերն իրար հետևից անգիր անող մեկը, որը կարդում է առանց հասկանալու ու ուղղակի տողերն անգիր անելու համար։ Տարիքը հարաբերական է, Դոստոևսկի կարելի է հասկանալ անգամ քսանում, բազմաշերտությունը, իհարկե, կբացվի արդեն հետագայում՝ մի քանի անգամ վերընթերցելուց հետո։ Փաստն այն է, որ գրականությունը հիմնված է ներքին զգացողությունների ու կենսափորձի վրա՝ հաճախ։
Գիրք կարդալը «աչք մտնելու» ու տպավորություն թողնելու փառատոն չէ։ «Անասնաֆերման» գիրք է, որը հետաքրքիր քաղաքական զուգահեռներ է անցկացնում՝ կենդանիների այլաբանությամբ։ Քաղաքական գործչին այն կարող է հետաքրքրել, և բնական է, որ այս օրերին նման ենթատեքստով գրքերը շատ ավելի հետաքրքիր են հանրությանը, որովհետև առօրյա թեմաները ևս խիստ քաղաքական են։ Բայց նախարարը, եթե անկեղծ լինենք, պարտավոր չէ գերկարդացած լինել, իհարկե, դա կլիներ հաճելի բոնուս, բայց և այնպես, իր ոլորտին լավ տիրապետող մարդը կարող է և չսիրել գրականություն՝ եթե այն իր բուն ոլորտը չէ։
Ամբողջությամբ՝ champord.am