Դատարանը պետք է հիմնավորի, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը չեն ազդի նախաքննության վրա. Արթուր Սաքունց. news.am
Advertisement 1000 x 90

Դատարանը պետք է հիմնավորի, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը չեն ազդի նախաքննության վրա. Արթուր Սաքունց. news.am

Նախկին իշխանությունների պաշտոնյանները, եթե կատարել են ապօրինի գործողություններ, պետք է պատասխանատվություն կրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

«Սա օրակարգային հարցն է, որը հիմա հանրությանը մտահոգում է, թե երբ է լինելու այդ արդարության վերականգնումը: Մասիսի քաղաքապետի խափանման  միջոցը փոխելը մարդիկ համեմատության մեջ են գնահատում, և այս որոշումը համեմատում են Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի ակնհայտ ապօրինի և անօրինական որոշման հետ, և բնականաբար հանրությունը դիտարկում է ոչ թե իրավական նորմերի տեսանկյունից, այլ դիտարկում է մարդկանց նկատմամբ  դատավորի ունեցած վերաբերմունքի տեսանկյունից: Սա վկայում է այն մասին, որ արդարադատության նկատմամբ կա խորը անվստահություն և դրա հետևանքով է, որ իրավական նորմերի նկատմամբ նույնպես կա անվստահություն: Երբ որ 30 տարի արդարադատություն չի իրականացվում, իրավական նիհիլիզմ կա, և միակ չափանիշը մնում է անձերով գնահատելը»,- ասաց նա:

Արթուր Սաքունցի կարծիքով` կարևոր է հասկանալ Տաթևիկ Գրիգորյանի կայացրած որոշման հիմնավորումը և նոր գնահատականներ տալ. «Շատ կարևոր է հասկանալ և բնականաբար դատարանը պետք է տա այդ հիմնավորումը, թե ինչի հիման վրա է գտել, որ Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը, կամ մնացածները չեն ազդի նախաքննություն իրականացնող մարմնի վրա` լինելով պաշտոնյաներ:  Բայց այս ֆոնի վրա, երբ Ժիրայր Սեֆիլյանին դատարան չեն բերում այն կանխավարկածով, որ դատարանը հերթական անգամ շրջափակվելու է, որն ըստ էության հետաձգվում է նիստը, այս դեպքում պարզ է դառնում որ խնդիրը իրավական մոտեցումների հիմնավորվածությունն է»:

Սաքունցը հավելեց, որ դատավորները հնարավորություն ունեն իրենց դեմքը փրկելու և պետք չէ արդարադատությունը օգտագործել որպես վրեժխնդրության գործիք, ինչն արել են նախկին քաղաքական իշխանությունները, այդ տրամաբանությունն այլևս չպիտի շարունակվի:

Նշենք, որ հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի և Նորք Մարաշի նստավայրում  դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Մասիսի քաղաքապետի և փոխքաղաքապետի խափանման միջոց որոշեց ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին, և նրանք դատարանի դահլիճից ազատ արձակվեցին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին, Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Այդ փաստով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գևորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել:

Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին 2-րդ մասերով՝ անկարգությունները կազմակերպելու և մասնակցելու համար: Մյուս 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։

news.am