«Այն, ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետ». Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

«Այն, ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետ». Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան հրապարակումը. Կարծում եմ, բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀ նոր կառավարությունը այս փուլում իր առջև գերխնդիր է դրել կոռուպցիայի դեմ պայքարը։ Կան մարդիկ, որ հայտարարում են՝ այս բացահայտումները հիմնականում “տեսարաններ” ապահովելու համար են, երկրին լուրջ օգուտ չեն տալիս, և որ կառավարությունը ճիշտ կանի՝ ուշադրությունը կենտրոնացնի տնտեսությունը զարգացնելուն ուղղված լուրջ քայլերի վրա։

Իրականում, այն, ինչով զբաղված է կառավարությունը, ուղղակիորեն կապ ունի տնտեսության և տնտեսական աճի հետ։

Տնտեսագետների համար դժվար է ուղիղ պատճառահետևանքային կապ գտնել կոռուպցիայի և տնտեսական աճի միջև, նաև այն պատճառով, որ կոռուպցիան չափելի երևույթ չէ։

Սակայն միջազգային մակարդակով կա կոնսենսուս այն հարցում, որ կոռուպցիան բացասաբար է ազդում տնտեսական աճի վրա։ Այդ մասին նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի և այլ կառույցների զեկույցներում։ Կարճ ասած, բոլորը ընդունում են, որ ամենակոռումպացված երկրները, որպես կանոն, նաև ամենաաղքատ երկրներներն են, և հակառակը։

Ավելին ասեմ, կան նաև տնտեսական աճի վրա կոռուպցիայի ազդեցության կոնկրետ գնահատականներ։ Օրինակ, հետազոտություններից մեկի համաձայն, կոռուպցիայի ընկալման ինդեքսի աճը (կոռուպցիայի նվազումը) 2.38 կետով ավելացնում է ՀՆԱ- տարեկան աճը 0.5%-ով և օտարերկրյա ներդրումների տարեկան ներհսքը 4-5%-ով։ Հետաքրքրվողների համար նշեմ, որ Հայաստանի միավորը Transparency International կոռուպցիայի ընկալման 2017 ինդեքսում 35 է և մենք 180 երկրների շարքում կիսում ենք 107-րդ տեղը Մակեդոնիայի, Եթովպիայի և Մակեդոնիայի հետ։ Մեզնից առաջ (քիչ կոռումպացված) են անգամ Մոնղոլիան և Տանզանիան։

Կան մի շարք այլ հետազոտություններ, ինչպես նաև՝ այդ հետազոտություններին դեմ կարծիքներ։ Բայց որ կոռուպցիայի հաղթահարումը դրական է ազդում հատկապես ՓՄՁ ոլորտի զարգացման, օտարերկրյա ուղղակի ներդրումների վրա, իննովացիաների վրա, ոչ ոք չի վիճում։

Մի բան էլ. հիմա իրականացվող քայլերի արդյունքը կարտացոլվի արդեն հաջորդ տարի հրապարակվելիք Կոռուպցիայի ընկալման ինդեքսում։ Այս ինդեքսը ոչ թե չափում է կոռուպցիայի մասշտաբները (դա անհնար է չափել), այլ հասարակական ընկալումը։ Ու եթե հասարակությունը հավատաց, որ ամենաբարձր մակարդակով լուրջ պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, մարդիկ էլ իրենց կենցաղում զգացին կոռուպցիոն բնույթի գործարքների նվազումը, ապա մեր ցուցանիշը Կոռուպցիայի ընկալման ինդեքսում շեշտակի աճ է գրանցելու՝ մեզ տեղափոխելով ցանկի վերին հորիզոնականներ։ Իսկ դա, իր հերթին, կարևոր ազդակ է օտարերկրյա լուրջ ու հեղինակավոր ներդրողների համար։



Նման նյութեր