Խոսքի ազատության և ժողովրդավարության մասին
Advertisement 1000 x 90

Խոսքի ազատության և ժողովրդավարության մասին

Վերլուծաբան Նարեկ Սամսոնյանի հրապարակումը. «Ինչպես գիտեք երկրում իրավիճակ է փոխվել (առանց հեգնանքի) և հենց դրանից բխող բազմաթիվ նոր իրողություններ են ի հայտ եկել, որոնք անգամ հանրային դիսկուրսի դիալեկտիկայի վրա են ազդել:

Խոսքի ազատության ընկալումներում լուրջ փոփոխություններ են նկատվում և նման կերպ շարունակվելու պարագայում շատ մշուշոտ ապագա է սպասվում ՀՀ-ին freedom house-ի ամենամյա զեկույցների համապատասխան բաժնում: Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում ներքաղաքական համատեքստում: Մարդիկ իրենց կարծիքը չկիսող քաղաքացիներին տարատեսակ միջոցներով լռեցնելու փորձեր են անում: Օրինակ, զավեշտն հասել է այն աստիճանի, որ, եթե դու համակարծիք չես թվացյալ մեծամասնության կարծիքի հետ, ապա պատվեր ես կատարում, հակահեղափոխական ես, դավաճան ես և այլն և այլն: Այսինքն մարդկանց որոշակի խմբի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ իրենք և իրենց կարծիքը համամարդկային ճշմարտություններ են և դրա հետ կարող են չհամաձայնվել միայն «չարերը»: ԽՍՀՄ-ում էլ կար նման վիճակ, երբ սովետի դեմ խոսողներին տեղափոխում էին հոգեբուժարան: Հիմա` մեր օրերում, պոպուլիզմի գերդոզավորման այս ժամանակներում խոսքի ազատություն եզրույթն ընդամենը սեփական անսխալականությունն ու դիմացինի «դավաճան» լինելը հիմնավորելու պատրվակ է դարձել: Այնինչ, իրականում խոսքի ազատությունն առաջինը դիմացինի տարակարծիք լինելու իրավունքն ընդունելու և այն հարգելու պարզագույն բաղադրիչից է սկսում:

Իսկ ժողովրդավարության պարագայում իրերի դասավորությունն ավելի բարդ է, քանի որ հիմա այդ ժողովրդավարության փոխարեն օգտագործվում է ժողովրդականությունը: Քաղաքական պլյուրալիզմն ընկալվում է «հակապետականություն», ժողովրդավարության թիվ մեկ իրավական բաղկացուցիչ Սահմանադրությունը ստորադասված է ֆեյսբուքյան լայվերին, դատարաններին փոխարինել է «իրավիճակ է փոխվել» կախարդական փայտիկը, հակակշիռների և զսպումների մեխանիզմներն ընդհանրապես չեն էլ գործում(դրա կարիքն էլ չկա, էսա Վարչապետը լայվ կմտնի ու կհակակշռի): Ժողովրդավարության համար անհրաժեշտ քաղհասարակության մարմինները վերածվել են իշխանության դատապաշտպանների, իսկ այս իրողությունը հպարտության զգացում է առաջացնում այն կրողների շրջանում: ԶԼՄ-ների գերակշիռ մեծամասնությունը կա՛մ գործող իշխանությունների քաղաքականության ակտիվ պրոպագանդիստն է, կա՛մ «շառից փորձանքից» հեռու մարտավարությամբ ոչ լավ, ոչ վատ սկզբունքով ավտոպիլոտի վրա են: Իսկ օրինակ նրանք ովքեր հանդգնում են գրել ասենք գործող կառավարության քաղաքականության դեմ (օրինակ հրապարակ օրաթերթը) վերածվում են «դավաճան, ստրուկ, հակապետական տարր» պիտակներին և այսպիսով ազատ մամուլի մասին խոսելն էլ ուղղակի ծիծաղելի է: Հիշեք Վարչապետի ստատուսը ՀԸ-ներից մեկի մասին: Ընդդիմություն որպես այդպիսին գոյություն չունի, քանի որ քաղաքական բանավեճի բացակայության համատեքստում այն պետք էլ չի: Կարճ ասած այսօրվա ՀՀ-ում քաղաքագիտական տերմինաբանությամբ տիրում է դասական Օխլոկրատական քաղաքական վարչակարգ, որը, որքան էլ, հատուկ է նմանատիպ անցումային շրջաններին, այնուամենայնիվ, խիստ վտանգավոր է ցանկացած պահի պատերազմի վերսկսման հավանականություն ունեցող երկրի համար:

Հ.Գ. Հաջորդը կանդրադառնամ «ժողովրդի թեկնածու», «ժողովուրդների հայր» դիսկուրսին, որն «ամենաարդյունավետ» միջոցն է դարձել այլակարծությունը լռեցնելու համար, բայց որի ծանր հետևանքների փորձն ունեցել են` Գերմանիան, Իտալիան, ԽՍՀՄ-ը, Իսպանիան, Չինաստանը և այլ պետություններ: Իսկ հիմա իմ` «ծախված հակահեղափոխականիս» վրա կառավարության աշխատակազմի ֆեքերի, «ժողովրդի թեկնածուի» աջակիցների, իշխանական ակծիվիստների, «գեներալ-տուշոնկա» թեմայում պատվոգրերի արժանացածների հարձակումը համարում եմ բացված: Լավ եղեք…»:



Նման նյութեր