Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումն իր միկրոբլոգում.
Մեր պատմագիտության մի քանի անհեթեթ երևույթների մասին
Ուզում եմ խոսել հայոց պատմագիտության մեջ տարածված մի տարօրինակ երևույթի մասին:
Տարածված է հայոց 12 մայրաքաղաքներ արտահայտությունը: Չգիտեմ նախապես ով և որտեղից է վերցրել այդ թիվը (խորհրդանշական է քրիստոնեության ջատագովների համար), բայց մեր մայրաքաղաքների թիվն ամենևին տասներկուս չէ:
Նախ՝ տասներկուսի մասին, որոնք են՝ Տուշպա-Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:
Հարգելի պատմաբաններ. Եթե Տուշպա-Վանը հայոց մայրաքաղաք եք համարում, բնականաբար և իրավացիորեն՝ Ուրարտուն համարում եք հայոց պետություն: Սակայն Ուրարտուն ևս մեկ մայրաքաղաք է ունեցել՝ Ռուսախինիլին, ինչու՞ այն չեք ներկայացնում որպես հայոց մայրաքաղաք: Ինչու՞ չեք նշում հայոց մյուս հնագույն պետությունների՝ Միտտանիի, Շուբարտուի, Հայասայի մայրաքաղաքները: Ինչու՞ հայոց մյուս հնագույն պետությունների մայրաքաղաքները չկան ցանկի մեջ. Ահավասիկ՝ Մեծամորը…
Ինչու՞ չեք խոսում Արշակավանի մասին, որպես հայոց ամենասակավակյաց մայրաքաղաքի:
Արշակունիների օրոք, երբ երկու մասի բաժանվեց հայոց թագավորությունը, ինչու՞ չեք նշում Արևմտյան Հայաստանի (ուր թագավորում էր Արշակ Գ) մայրաքաղաքի մասին:
Ինչու՞ Լոռի բերդաքաղաքն ու Բաղաբերդը չեք նշում ի թիվս հայոց մայրաքաղաքների:
1045 թվականին Անիի Բագրատունիների թագավորության անկումից հետո հայոց թագավորների մեջ գերագահությունն անցավ Լոռվա Կյուրիկյաններին: Օտար մատենագրության մեջ Դավիթ Անհողին, Կյուրիկե Բ, Աբաս Ա և Դավիթ Բ Լոռվա արքաները կոչվում են հայոց թագավորներ, իսկ Կյուրիկյան թագավորությունը՝ Հայոց թագավորություն:
1118 թվականին Լոռվա թագավորության անկումից հետո միակ հայոց թագավորությունը որ մնաց անկախ մինչ 1170 թվականը՝ Սյունաց թագավորությոունն էր՝ Բաղաբերդ մայրաքաղաքով:
Եթե կառարկեք, թե Լոռվա և Սյունաց թագավորությունները չեն ընդգրկել ամբողջությամբ հայոց երկիրը՝ ես էլ կառարկեմ, որ թե՛ Արշակունիների, թե՛ Բագրատունիների թագավորությունները երբեք չեն ընդգրկել ողջ պատմական Հայաստանը:
Ինչու՞ Կիլիկիայի հայկական թագավորության (պետության պաշտոնական անվանումը հենց Հայաստան էր, իսկ գահակալները կրում էին հայոց թագավոր տիտղոսը) մայրաքաղաքները չկան այդ ցանկում:
11-րդ դարում ձևավորված Շահարմենների պետությունը (Շահարմեն նշանակում է՝ հայոց թագավոր) ինչու՞ հայկական չեք համարում: Չէ՞ որ պետության բնակչության 95 և ավելի տոկոսը հայեր էին և հայոց պատմական հողի վրա է այդ պետությունը: Նույնը՝ Շադդադյանների պետության մասին… կառարկեք՝ թե շահարմենները և շադդադյանները հայեր չէին… իսկ հայե՞ր էին արդյոք Արշակունիները, Լուսինյանները… ովքեր հայոց գահ են բարձրացել և նրանց նշում եք հայոց արքայացանկում:
Եթե շահարմեններին համարում եք քուրդ և նրանց պետությունը՝ քրդական, հապա նույն տրամաբանությամբ ինչու՞ հայկական չեք համարում Բյուզանդիան կամ Բուլղարիան՝ հայ գահակալների կառավարման ժամանակահատվածում…
Ո՞րն է տրամաբանությունը…