Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Բյուզանդիայի պատմությունը:
Բյուզանդական կայսրությունը ձևավորվել է Հռոմեական կայսրության պառակտման արդյունքում: 324 թվականին Կոստանդիանոս Ա Մեծ կայսրը Հռոմեական կայսրության մայրաքաղաք է հռչակում Փոքր Ասիայում գտնվող Բյուզանդիոն քաղաքը: Այն հետագայում կայսեր անունով անվանափոխվեց՝ կոչվելով Կոստանդնուպոլիս: 395 թվականին Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի և Կոստանդնուպոլիսը դարձավ Արևելյան հռոմեական կայսրության կամ՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը:
6-րդ դարում Բյուզանդիան հզորացավ Անաստասիոս և Հուստինիանոս Ա կայսրերի կառավարման տարիներին: Բյուզանդիան փորձեց իր իշխանությունն ամրապնդել կործանված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքներում՝ Իտալիայում: 551 թվականին 35000-ոց բանակով Իտալիա ժամանեց հայազգի զորավար Ներսեսը (հավանաբար՝ Կամսարականների տոհմից): Նա մի քանի տարվա մեջ գլխովին ջախջախեց գոթերին ու ֆրանկներին և Իտալիան կցեց Բյուզանդական կայսրությանը: Ներսեսի անունը ոսկյա տառերով է գրված Բյուզանդիայի պատմության մատյաններում: Նա առաջին մեծանուն հայն էր, որ աչքի ընկավ Բյուզանդիայի ռազմաքաղաքական պատմության մեջ:
Դեռ վաղ միջնադարում, Բյուզանդիան աստիճանաբար ձերբազատվեց հին՝ հռոմեական ժառանգությունից: Հերակլիոս Ա կայսրը (610-641) բարեփոխեց երկիրը: Նա Բյուզանդիայի պաշտոնական լեզուն լատիներենից փոխարինեց հունարենով: Սակայն պետության պաշտոնական անվանումը մնաց Հռոմեական կայսրություն: Հայ մատենագրության մեջ էլ Բյուզանդիան հիշատակվում է որպես Հոռոմաց երկիր, իսկ բյուզանդացիները՝ հոռոմ:
Հուստինիանոսի մահից հետո կայսրությունը թուլացավ, բայց վերստին հզորացավ հայազգի Մորիկ կայսեր կառավարման շրջանում՝ 582-602 թվականներին: Մորիկը լինելով բյուզանդական զորահրամանատար՝ հաղթանակ տանելով բոլոր ճակատներում, ի վերջո զորքի կողմից կայսր հռչակվեց: Լինելով հայազգի ամենազորեղ տիրակալներից մեկը, սակայն իր քաղաքականությունն ամենևին էլ հայանպաստ ու հայասեր չէր. Նա գրավեց Հայաստանի արևմտյան հատվածն ու վարում էր Հայաստանը հայաթափելու քաղաքականություն: Հայտնի է Մորիկ կայսեր նամակն՝ ուղղված Պարսկաստանի արքային, ուր նա խորհուրդ էր տալիս իր բաժնի՝ Արևելյան Հայաստանի զինուժն ուղղել դեպի Միջին Ասիա՝ քուշանաց երկիրը, իսկ ինքն Արևմտյան Հայաստանի հայ իշխանների զինուժն ուղղում էր Բալկաններ՝ Թրակիա, ասելով, որ եթե հայերը սպանեն՝ կսպանեն իրենց թշնամիներին, եթե զոհվեն՝ կզոհվեն իրենց թշնամիները… Միջնադարյան հայ պատմիչները նշում են, որ Մորիկը Արագածոտնի Օշական գյուղից էր: Մորիկը նաև ժամանակի ամենաուսյալ այրերից էր: Գրել է ,,Ստրատեգիկոն,, երկը, որ ռազմագիտական կարևոր նշանակություն ունի վաղ միջնադարյան պատմության ուսումնասիրման համար:
Մորիկի դեմ ապստամբեց և նրան սպանելով՝ Բյուզանդիայի գահին տիրացավ Փոկաս կայսրը:
610 թվականին Կարթագենից մեծ նավատորմով Պոլսին մոտեցավ հայազգի Հերակլ զորավարը, գահընկեց արեց Փոկաս կայսրին և բյուզանդական գահ բարձրանալով՝ հիմք դրեց Հերակլիոսների հայկական հարստությանը: Նա պատերազմ հայտարարեց Պարսկաստանին, ջախջախեց պարսկական բանակը:
Հերակլիոսների հայկական հարստության վերջին ներկայացուցիչը Հուստինիանոս Բ կայսրն էր, ով 705 թվականին գահընկեց արվեց նրա դեմ ապստամբած և կայսերական գահ բարձրացած հայազգի զորավար Փիլիպպիկոս Վարդանի կողմից:
Շուտով բյուզանդական գահ բարձրացավ Իսավրական հարստությունը: Շատ ուսումնասիրողներ այս հարստության գահակալներին էլ հայ են համարում, ոմանք նրանց հրեական ծագում են վերագրում:
8-րդ դարում՝ 741-743 թվականներին, Բյուզանդիայում գահ բարձրացավ հայազգի կայսր Արտավազդը՝ ով Մամիկոնյանների տոհմից էր: 813-820 թվականներին գահ բարձրացավ Լևոն Ե Հայազնը՝ դարձյալ մամիկոնյանների տոհմից:
Բյուզանդական կայսրությունը կազմավորման հենց սկզբից արևելքում գերիշխանության համար պայքար սկսեց Սասանյան Պարսկաստանի դեմ: Այս պայքարում երկու կողմերի համար առաջնայինը Հայաստանին տիրելն էր, քանզի Հայաստանին տիրողն իր գերիշխանությունն էր հաստատում ողջ տարածաշրջանում: Իր քաղաքական նկրտումներում Բյուզանդիան Հայաստանում ամուր հենարան ուներ՝ հանձինս Հայ առաքելական եկեղեցու և Մամիկոնյան, Կամսարական իշխանական տների:
Սասանյան պետության կործանումից հետո տարածաշրջանում հայտնվեց զորեղ Արաբական խալիֆայությունը: Հայերն սկզբից դաշնակցեցին արաբների հոտ, սակայն հայոց եկեղեցին կարողացավ Հայաստանում վիժեցնել Թեոդորոս Ռշտունու կնքած հայ-արաբական պայմանագիրն ու Հայաստանը կարճ ժամանակով հայտնվեց բյուզանդական ազդեցության գոտում: Շուտով սակայն, արաբները զենքի ուժով նվաճեցին Հայաստանը:
Արաբական խալիֆայությունը ծանր հարված հասցրեց Բյուզանդիային, և կայսրությունը կարողացավ ուշքի գալ միայն 9-րդ դարից սկսած՝ երբ Բյուզանդիայի կայսերական գահ բարձրացան Հայկական հարստության կայսրերը: Առաջին կայսրը Բարսեղ (Վասիլ) Ա էր, ով գահ բարձրացավ 867 թվականին և կառավարեց մինչև 886 թվականը: Վասիլ Ա բարեկամական հարաբերություններ հաստատեց հայոց Աշոտ Ա Բագրատունի արքայի հետ: Նա իրեն հռչակեց Արշակունի և թագ խնդրեց Աշոտ Ա-ից, քանզի հայոց Արշակունիների թագավորության ժամանակ հայ Արշակունի գահակալներին թագադրում էին Բագրատունի թագադիր ասպետները: Վասիլ Ա բյուզանդական գահին հաջորդեցին Լևոն Զ Իմաստասերը (886-912), ով նորոգեց հայ-բյուզանդական բարեկամական դաշինքը Սմբատ Ա Բագրատունի հայոց արքայի հետ: Ապա բյուզանդական գահին հաջորդեցին Ալեքսանդր Ա (912-913), Կոստանդին Է Ծիրանածինը (913-920,944-959), ով նաև օրենսդիր էր, պատմաբան, իմաստասեր, Զոե Ա Կարվոնոպսինա կայսրուհին, (914-919), Ռոմանոս Ա Լակապենոս (920-944), Ռոմանոս Բ (959-963), Նիկեփորոս Բ Փոկաս (963-969) Թեոփանո կայսրուհի (963), անպարտելի Հովհաննես Ա Չմշկիկ (969-976), Վասիլ Բ Բուլղարասպան (976-1025), ով նվաճեց Բուլղարական թագավորությունը, ուր գահակալում էր Սամուել Կոմսաձագ հայազգի արքան, Կոստանդին Ը (1025-1028), Ռոմանոս Գ Արգիրոս (1028-1034) Միքայել Դ Պափլագոնացի (1034-1041) Միքայել Ե Կալաֆաթոս (1041-1042), Զոե Բ կայսրուհի (1042), Կոստանդին Թ Մոնոմարխոս (1042-1055), Թեոդորա Գ կայսրուհի (1042,1055-1056):
Բյուզանդիայի այս վերելքը պատմագիտության մեջ հայտնի է Հայկական վերածնունդ անվամբ:
Սակայն, եթե Բյուզանդիայի հայազգի առաջին կայսրերը բարեկամական ու դաշնակցային հարաբերություններ ունեին հայության հետ և Հայաստանի նկատմամբ, հետագայում նրանք որդեգրեցին Հայոց թագավորությունը նվաճելու քաղաքականություն:
1000 թվականին Բյուզանդիան գրավեց Տայքը, 1021 թվականին՝ Վասպուրականի թագավորությունը, հայ եկեղեցու առաջնորդի դավաճանության արդյունքում՝ 1045 թվականին ընկավ Անիի թագավորությունը, տաս տարի անց՝ Բյուզանդիան տիրեց նաև Կարսի թագավորությանը:
Հայերը Բյուզանդիայում մեծ դերակատարություն ունեին հատկապես ռազմի ասպարեզում: Բյուզանդական կայսրության ամենամարտունակ բանակաթեմը Արմենիակների բանակաթեմն էր, որի զինված ուժերը համալրված էին բացառապես հայերով:
Բյուզանդիայում աչքի էին ընկնում հայազգի Կուրկուասների, Փոկասների, Մամիկոնյանների, Կամսարականների, Սկլերոսների տոհմերը:
Իրենց քաջությամբ ու սրով Բյուզանդիայի փառքը կերտեցին բազում հայ զորավարներ. 6-րդ դարում՝ Հովհաննես Գուռզես, Ադոլիոս, Հրահատ Կամսարական, Արտաշիր Արշակունի, Արտավազդ Մամիկոնյան, Արտավան Արշակունի, Հովհան, Ներսես Պատրիկ, Ներսես Կամսարական, Ներսեհ, Ներսես Բասենցի, Սահակ Կամսարական, Մուշեղ Մամիկոնյան, Տաճատ Անձևացի, 7-րդ դարում՝ Սամուել Հայազն, Վահան Մամիկոնյան, Մժեժ Գնունի, Վալենտիանոս Արշակունի, 8-րդ դարում՝ Արտավազդ Մամիկոնյան, Փիլիպպիկոս Վարդան, Մուշեղ Մամիկոնյան, ով գահընկեց արեց Իրենե կայսրուհուն, Տաճատ Անձևացի, Վարդան Հայազն, 9-րդ դարում՝ Հովհաննես Ա Կուրկուաս զորավարը, Ալեքս-Մուշեղ Մամիկոնյանը, Թովմա Սլավոնը, Մանուել Մամիկոնյանը, Նիկեփորաս Փոկասը, Պետրոնաս Մամիկոնյանը, Տաճատ Անձևացին, Քրիստափորը, Ալեքս Մամիկոնյանը, 10-րդ դարում՝ Ռոմանոս Կուրկուասը, Հովհաննես-Կուրկուաս Գ, Մուշեղ-Ալեքս Մամիկոնյանը, Նիկեփորոս Բ Փոկասը, Մելիասը, Թոռնիկ Մամիկոնյանը, Վարդ Սկլերոսը, 10-րդ դարում՝ Թեոփիլոս Կուրկուասը, Լևոն Փոկասը, Մլեհը,Վասիլ Հայազնը, Վարդաս Սկլերոսը, Վարդաս Փոկասը, 11-րդ դարում՝ Գրիգոր Բակուրյանը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Նիկեփորոս Ծռվիզը, Դավիթ Արծրունին, Վասիլակը, Վասիլ Հայը, այլ մեծանուն զորավարներ:
Հայերը Բյուզանդիայում աչքի ընկան նաև մշակույթի և գիտության ասպարեզներում: Թեոդորա Մամիկոնյան կայսրուհու եղբայրը՝ Վարդաս Մամիկոնյանը, Պոլսի մոտ՝ Մագնավայում, բացեց աշխարհում առաջին համալսարանը, որի ղեկավարն էր հայազգի նշանավոր Լևոն Իմաստասերը: Ազգությամբ հայ էր նաև անվանի իմաստասեր, պատմաբան Փոտ պատրիարքը:
Շուտով արևելքից Առաջավոր Ասիա թափանցեցին սելջուկյան հորդաները: 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում սելջուկները գլխովին ջախջախեցին բյուզանդական զորքերին: Բյուզանդիան անվերադարձ կորցրեց իր արևելյան տիրույթները:
Բյուզանդիան աստիճանաբար թուլացավ և տարածքային մեծ կորուստներ ունեցավ: 1204 թվականին խաչակիրները գրավեցին Բյուզանդական կայսրությունը, մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը կողոպտեցին և թալանեցին: Դա ծանր հարված էր Բյուզանդիայի համար, որից հետո սկսվեց կայսրության երկարատև հոգեվարգը:
1299 թվականին ձևավորված Օսմանյան կայսրությունն աստիճանաբար ընդարձակվում էր Բյուզանդական կայսրության հաշվին: Ի վերջո՝ 1453 թվականի մայիսի 29-ին, սուլթան Մահմադ Բ բանակը կարողացավ գրավել կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը: Քրիստոնեության վերջին ու հզորագույն պատվարը՝ Բյուզանդական կայսրությունը, դադարեց գոյություն ունենալ: