Զինծառայության ընթացքում հայր, մայր, քույր կամ եղբայր կորցրած ընտանիքների միակ արու զավակները բանակ չեն զորակոչվի
Advertisement 1000 x 90

Զինծառայության ընթացքում հայր, մայր, քույր կամ եղբայր կորցրած ընտանիքների միակ արու զավակները բանակ չեն զորակոչվի

Ինչպես արդեն ներկայացրել էինք, ՀՀ ազգային ժողով է ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից առաջարկված՝ զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացուն ծառայությունից ազատելու մասին օրենքը:

Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը մանրամասներ է հաղորդել, ասելով հետևյալը. «Առաջին փոփոխությամբ մենք առաջարկել ենք` եթե ընտանիքում կա զինծառայության ընթացքում զոհված հայր, մայր, քույր կամ եղբայր, ապա այդ ընտանիքի միակ արու զավակը պետք է ազատվի զինվորական ծառայությունից: Գործող օրենսդրությամբ նման ընտանիքներից արու զավակը զորակոչվում էր, սակայն ծառայության ընթացքում չէր իրականացնում մարտական հերթապահություն»:

Նա ընդգծել է, որ եթե նման կարգավիճակ ունեցող ընտանիքներում կա մեկից ավելի արու զավակ, ապա նրանք զինծառայությունից չեն ազատվում: «Այս դեպքում նրանք զինապարտ են, սակայն ծառայում են առանց մարտական հերթապահության իրականացման»:

Առաջարկվող մյուս փոփոխությունը վերաբերում է կրթության իրավունքին: Բալայանի խոսքով, այն հիմնականում առնչվում է արտերկրից Հայաստան վերադարձող զորակոչիկներին:

«Այս զորակոչին մենք ունենք ընդամնեը 11 նման զորակոչիկ, նրանցից 10-ը Ռուսաստանից Հայաստան վերադարձած ընտանիքների քաղաքացիներ են: Օրինակ` Ռուսաստանում հանրակրթությունը 11 տարի է, Հայաստանում` 12, այնպես էր ստացվում, որ երիտասարդները Հայաստան էին գալիս 18 տարին լրացած, բայց մի դասարան ցածր էին նստում ու դպրոցն ավարտում էին, երբ արդեն լրանում էր նրանց 19 տարեկանը: Հիմա նախատեսվում է նրանց տարկետում տրամադրել, որպեսզի հանրակրթական ծրագիրը կիսատ չմնա», – ասել է փոխնախարարը:

Երրորդ փոփոխությունն առաջարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն ու դրական արձագանք ստացել նաև ՊՆ-ից: Այն ևս վերաբերում է կրթությանը:

«Առաջարկվել է փոփոխություն, որով մարզային և Երևանի հանձնաժողովները կկարողանային եզրակացություն տալ 2018-19թթ.  ուսումնական տարվա ընթացքում այն ուսանողների համար, որոնք ընդունվել են բուհ տարկետման իրավունքով, սակայն, հաշվի առնելով, որ նրանց 18 տարեկանը դեռ չէր լրացել, չի եղել նրանց տարկետումը ձևակերպելու հնարավորություն: Հիմա այդ փոփոխությամբ նախատեսվում է տարկետումը ձևակերպելու հնարավորությունը», – ասել է Գաբրիել Բալայանը:

Ավելի մանրամասն՝ aysor.am